Լրահոս
Օրվա լրահոսը

2018թ. Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարի ոդիսականը. «Միասնության թեւերի» թիմակիցը մանրամասներ է հայտնում

Մայիս 21,2026 17:38 Share

ԱԺ նախկին պատգամավոր, ներկայումս «Միասնության թեւերի» նախընտրական ցուցակի անդամ Արմեն Եղիազարյանը 2021թ. ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ Համաշխարհային բանկի հաշվետվության համաձայն՝ 2018թ․ Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 միլիոն դոլար:

Aravot.am-ը «Միասնության թեւերի» թիմակցից հետաքրքրվեց՝ ի վերջո ինչ պարզվեց, ինչ պատասխաններ իրեն տրվեցին տարբեր ատյաններից ու կառույցներից, ինչ զարգացումներ եղան իր հնչեցրած հարցից հետո:

«Երբ հարցը ԱԺ ամբիոնից ներկայացրի, մեծ աղմուկ բարձրացավ: Մինչ հարցը բարձրացնելը, ես առանձին նամակով դիմել էի Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նախագահին, բացատրություն էի խնդրել: Իրենք չէին հերքել այդ հաշվետվության լինելը եւ մեկնաբանել էին, որ դրանք վիճակագրական տվյալներ են: Բայց հիմնական հարցն այն էր, որ եթե անգամ վիճակագրական տվյալների հիման վրա է 211 միլիոն դոլարը, ապա ինչու նախկինում, անցյալ տարիների ընթացքում ու դրանից հետո երբեք չի եղել 211 միլիոն դոլար, այլ հաշվետվություններում եղել է 3-4 միլիոն դոլարի կարգի: Հետեւաբար հարց է առաջանում՝ ինչ արժեքներ են փոխվել 2018թ. հաշվետվության մեջ, որ թիվը դարձել է 211 միլիոն, որովհետեւ այդ թիվն ինքն իրեն չի կարող գոյանալ:

Խնդիրն այն է, որ բազային արժեքների մեջ պետք է լինի փոփոխություն, որ վերջնական թիվը, հաշվետվությունը փոփոխվի: Այսինքն, ես հարց էի տվել իրենց, թե ինչ է փոփոխվել բազային արժեքներում, որ հենց 2018թ., որը հեղափոխության տարին էր, ստացվել է 211 միլիոն դոլար: Այդ մասով շատ լղոզված պատասխան էի ստացել, որը հրապարակվել է մամուլում:

Դրանից հետո Կենտրոնական բանկից ինձ հետ կապվեցին, մի քանի օր տրամադրեցին, ուսումնասիրեցինք, Կենտրոնական բանկը տվեց պատասխան, որ ուղղակի փոխանցում բանկից-բանկ չի եղել: Ես ասում էի՝ համոզված եմ, որ ուղղակի փոխանցում Ադրբեջանից Հայաստան չի եղել: Համաշխարհային բանկի հաշվետվությունն առհասարակ փողերի շարժին է վերաբերվում:

Ես նաեւ այս ամբողջ փաթեթը, որպես ԱԺ պատգամավոր, այն ժամանակ պաշտոնապես ներկայացրել էի ԱԱԾ-ին, որտեղից պատասխանել էին, որ չունեն համապատասխան տեղեկատվություն, որ նման բան է եղել: Ես ասացի, որ ոչ թե հարցնում եմ՝ եղել է, թե ոչ, այլ ձեզ տալիս եմ փաստեր՝ Համաշխարհային բանկի հաշվետվությունը, նրանց նամակները, որտեղ արձանագրված է հաշվետվությունում նման հանգամանք, առաջարկել էի ուսումնասիրել: Ինձ, սակայն, պատասխանել էին, որ չունեն նման տեղեկատվություն, եւ հարցը համարել էին փակված»,- նշեց Արմեն Եղիազարյանը:

Նա ընդգծեց, որ 2021-ին էր հարցը հնչեցրել, ու հետագայում, երբ այդ գումարման ԱԺ-ի լիազորությունների ժամկետն ավարտվեց, ու ինքն այլեւս պատգամավոր չէր, լծակներ չուներ, այն մնացել էր առկախ, բայց ինքը շարունակել է իր ուսումնասիրությունները. «Ես փորձել եմ հասկանալ, թե Համաշխարհային բանկի հաշվետվությունն ինչ է իր մեջ ներառում: Ի դեպ, իմ աղմուկից հետո Համաշխարհային բանկն առհասարակ այդ հաշվետվությունները հանեց իր կայքից եւ առայսօր չի հրապարակում: Ընդ որում, այդ հաշվետվությունների մեջ ամբողջ աշխարհի երկրների դրամային տեղաշարժերն են արտացոլված: Հիմա դրանք հանվել են:

Իմ ուսումնասիրությունների արդյունքում հասա նրան, որ այդ հաշվետվությունները ոչ թե ուղիղ դրամական փոխանցումներին են վերաբերվում, այլ նաեւ տրանզիտ փոխանցումներն են այդտեղ երեւում, եւ դրամաշնորհային ծրագրերը: Այսինքն, եթե, օրինակ, Ադրբեջանը ֆինանսավորի եվրոպական որեւէ կառույցի, եվրոպական կառույցն էլ ֆինանսավորի ինչ-որ ՀԿ-ի դրամաշնորհային ծրագիր, որը պետք է իրականացվի Հայաստանում, այդ փողի շարժը իրականում կերեւա, որ Ադրբեջանից է եղել: Այսինքն՝ չի բացառվում, որ նաեւ այդպիսի բաներ լինեն, եւ ես համոզված եմ, որ ԱԱԾ-ն պետք է անհապաղ դա ուսումնասիրեր, ինչը չարվեց:

Հիմա ես հույս ունեմ, որ եթե հունիսի 8-ին այս իշխանությանը կարողանանք «թոշակի ուղարկել», եւ լինի այլ իշխանություն, հնարավորություն կունենանք հետ գնալ եւ պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

Ակնհայտ է, որ այսօրվա իշխանության քաղաքականությունը, որին ականատես ենք լինում, շատ նման է այն իրավիճակին, որ դեռ 2018 թվականից այս ամենը պլանավորվել էր, ու հեղափոխությունը եղավ, եւ այսօրվա մեր առերեսումը ադրբեջանական իշխանական նարատիվները Հայաստանում իրականացնելուն հենց դա են փաստում: Ես այստեղ կապ եմ տեսնում:

Կարծում եմ, որ եթե ոչ հիմա, ապա ամենահարմար պահին մենք պետք է պատշաճ ուսումնասիրություն իրականացնենք եւ հասկանանք, թե որն էր պատճառը, որ 2018-ին Համաշխարհային բանկը նման ցուցանիշ ցույց տվեց Ադրբեջանից Հայաստանի ֆինանսական հոսքերի մասին»:

Հիշեցնենք, որ Արմեն Եղիազարյանը 2021թ. ապրիլի 13-ին ֆեյսբուքի իր էջում էր գրել, որ ըստ Համաշխարհային բանկի հաշվետվության՝ 2018թ.-ին Ադրբեջանից Հայաստան 211 մլն դոլար փոխանցման մանրամասների բացահայտման եւ պարզաբանման ակնկալիքով դիմել էր ՀՀ ԱԱԾ-ին եւ ստացել պատասխան, որով փաստացի հայտնում են, որ այդտեղ անելիք չունեն: «Առնվազն տարօրինակ է թշնամական երկրից ՀՀ առերեւույթ գումար փոխանցվելու փաստի նկատմամբ նման անտարբեր մոտեցումը»,- գրել էր նա իր էջում:

Ավելի վաղ՝ 2021թ. մարտի 28-ին էլ Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ որպեսզի բացառի ոմանց ավելորդ շահարկումներն այն մասին, որ ըստ Համաշխարհային բանկի՝ Ադրբեջանից Հայաստան 211 մլն դոլար փոխանցման լուրը իբր մտացածին է, ներկայացնում է որոշ փաստեր։ Նա տեղադրել էր Համաշխարհային բանկի 2017 եւ 2018թթ. հաշվետվությունները, իր հարցումները, ՀՀ ԿԲ-ի պատասխանը եւ Համաշխարհային բանկի պատասխանը։ «Ուզում եմ, որ ուշադրություն դարձնեք այն հանգամանքին, որ թե՛ ՀՀ ԿԲ-ի, եւ թե՛ Համաշխարհային բանկի պատասխանները չեն հերքում այդ հաշվետվությունների գոյությունը, այլ մեկնաբանում են դրանք, ինչն էլ փաստում է այդ հաշվետվությունների իրական լինելը»,- գրել էր Արմեն Եղիազարյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031