«Միասնության թևերն» այսօր Գյումրիում իր քարոզարշավը սկսեց՝ կենտրոնական փողոցներում քայլերթ անցկացնելով։ Այս քաղաքական ուժի վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը բարձրախոսով հայտարարում էր, որ չկա Հայաստանում որևէ հարց, որը չկարողանան լուծել սեփական ուժերով, միասին կարողանալու ենք մեր մեջքը ուղղել։
Ըստ նրա, «մենք հզոր ու ուժեղ ժողովուրդ ենք, ամբողջ աշխարհում ունենք հայրենակիցներ ու հարցեր ենք լուծում ողջ աշխարհում», հետևաբար չենք կարող թույլ տալ, որ գան մեզ, պարտադրանքներ անեն։
Ըստ նրա, սա շատ կարևոր ընտրություն է, որոշվում է երկրի ու երեխաների ապագան։ Նա հորդորում էր քվեարկություն չանել՝ վախերից ելնելով։
Արման Թաթոյանը կոչ արեց պարտադիր գնալ ընտրությունների, քանի որ եթե չեն գնում, ապա իրենց փոխարեն որոշում են կայացնում ուրիշները։ Շատ դեպքերում, ըստ նրա, մարդկանց ահաբեկում են հարազատների աշխատանքը կորցնելու վտանգով, ինտրիգներ ստեղծելով՝ զզվեցնում են, որպեսզի հեռու պահեն ընտրություններից։
Կարդացեք նաև
«Մենք պետք է քվեարկենք մեր հույսի և հավատի համար, ոչ թե նրա համար, որ մեկը վախեցրել է, գնանք նրա ասածով, անենք, եթե մեկը քվեարկում է ուրիշի ասածով, մենք էլի թույլ ենք տալիս, որ մեր ընտրությունը գողանան։ Քվեախցիկում դուք ամենակարողն եք, դուք ամենահզորն ենք, այդ պահին դուք եք որոշում Հայաստանի ճակատագիրը»,-ասաց Արման Թաթոյանը։
Նա գյումրեցիներին ասաց, որ Գյումրին թասիբի, նամուսի քաղաք է, ու ընտրությունը հենց այդ սկզբունքով էլ պիտի կատարի։ Արման Թաթոյանը խոսեց արժեքների քայքայումից, ասաց, որ ոչ մի պաշտոնյա իրավունք չունի «մուննաթ» գալ , գոռգոռալ քաղաքացու վրա, մինչդեռ այսօր ականատես ենք լինում արժեքների քայքայման ու որպես օրինակ՝ մեջբերեց հայ կնոջ հետ խոսելու տոնը։
Ըստ նրա, Գյումրին իր համար վերածննդի խորհրդանիշ է։ Թեկնածուի ասելով՝ պիտի ապրենք այնպիսի մի երկրում, որտեղ մարդը իր խնդիրների հետ միայնակ չէ։ Արման Թաթոյանը նշեց, որ իրեն քաղաքականություն է բերել մարդկանց պրոբլեմները, մարդիկ դիմում են պետական մարմիններին, ոչ մի օգնություն չկա։
«Երբ գնում եմ սահմանամերձ գյուղեր, մարդիկ ասում են՝ չեմ կարողանում իմ արոտավայրը մշակեմ, այ նման խնդիրներ են ինձ բերել քաղաքականություն, ժողովորդ ջան։ Երբ մարդն ուզում է շինարարություն անել, դիմում է տարբեր տեղեր՝ մեծ վճարներ են ուզում, մարդուն հոգնեցնում են ուղղակի։
Այսօր այնպես է ստացվել, որ եթե վերցնում ենք աղքատության ցուցանիշը , Շիրակի մարզը ամենաաղքատն է։ Սա է այսօրվա մեր վիճակագրությունը։ Շիրակի մարզում հատկապես մեծ է երեխաների աղքատությունը։ Շատ լավ հիշում եմ, երբ Գյումրի էինք գալիս, գնում էինք մանկատներ, դրանք փակեցին, շատ էին ցավոք սրտի, գնում էինք մարդկանց տներ, որ տեսնեինք՝ երեխեքը, որ ընտանիքներ վերադարձել էին, ինչ պայմաններում էին ապրում։
Գնում-տեսնում էինք, որ որևէ պայման մեր երեխեքի համար ապահովված չէին։ Այդ պայմաններում մեր երիտասարդ ընտանիքներն ինչպես են բազմանալու, շատանալու։ Ծնողները պետք է վստահություն ունենա, որ իրենց աշխատանքով կարող են պահել իրենց երեխաներին»,-ասաց Արման Թաթոյանը։
«Հունիսի 7-ին ընտրենք 6-ին, որ ջախջախենք 16-ին», -հայտարարում էին այս քաղաքական ուժի ներկայացուցիչները։
Նրանք փոքրիկ հանրահավաք անցկացրեցին Գյումրու Թատերական հրապարակում։
Արման Թաթոյանն անդրադարձավ երիտասարդներին, որոնց շատերը աշխատանք չունեն, Հայաստանում ապագա չեն տեսնում։
«Մեր երիտասարդներին առաջին հերթին պիտի տանք հավատ, որ մեր երիտասարդին պետք է ապահով կյանք, լավ կրթություն, ապագա, որ ինքը իր տունը պահի, ընտանիքը պահի, օրինապահ, ճիշտ քաղաքացի լինի և երրորդը ՝ բարձր վարձատրվող աշխատանք։ Իմ կարծիքով՝ երեք կարևոր արժեքներ են և, իհարկե, մեր ազգային ինքնությունը»։
Արման Թաթոյանն անդրադարձավ նաև մի շատ կարևոր հարցի՝ կապված համալսարանական կրթության հետ։
Նա ասաց, որ իրենց ծրագրով՝ Գյումրին պետք է լինի համալսարանական խոշոր կենտրոններից մեկը, մի կենտրոն պիտի լինի հարավում, մյուսը հյուսիսում։ Ու մայրաքաղաքից արտերկիր գնալ, սովորելու փոխարեն, պիտի գան Գյումրի։ Ըստ բանախոսի՝ Գյումրին պիտի կենտրոնանա տնտեսագիտության ու մանկավարժական ճյուղերի վրա։
«Գյումրին պիտի լինի մեր երկրորդ մայրաքաղաքը, շատ ենք ասում՝ Գյումրին հայրաքաղաք է, շատ լավ է, բայց ինձ համար երկրորդ մայրաքաղաքը պիտի լինի, օրինակներ բերեմ աշխարհից, գնում ենք տարբեր երկրներ, ուսումնասիրում ենք, նույնիսկ երկրներ կան, շփոթում ենք, չգիտենք՝ որն է այդ երկրի մայրաքաղաքը, օրինակ՝ Նյու Յորք- Վաշինգտոն, օրինակ՝ վերցնենք Մյունխեն- Բեռլին, Պետերբուրգ- Մոսկվա։
Վերցնենք, փորձենք համեմատենք, կարող է մայրաքաղաքից ավելի շատ առավելություն գտնենք էն մյուս քաղաքներում, կարող է մայրաքաղաքներն անգամ շփոթենք, իմ համոզմամբ՝ Գյումրին պետք է լինի այդպիսի քաղաք, Գյումրին պիտի լինի երկրորդ մայրաքաղաքը, որը մայրաքաղաքից չպիտի տարբերվի», -ասաց Արման Թաթոյանը։
Նա ասաց, որ օրինակ՝ իրենց ծրագրով «Շիրակ» օդանավակայանը պիտի լինի «Զվարթնոցի» հետ մրցակցող երկրորդ օդանավակայանը։ Ըստ նրա, «Զվարթնոցում» գները բարձր են, որովհետև մրցակից չունի։
Նա խոսեց նաև Գյումրին զբոսաշրջային քաղաք դարձնելու համար, անդրադարձավ Շիրակի մարզի գյուղերում խմելու ու ոռոգման ջրի հարցին։
Ըստ իրենց ծրագրի, ջրի համար սիմվոլիկ գումարներ պետք է նախատեսի պետությունը, այլ ոչ թե ջրով փող աշխատի, որպեսզի զարգանա գյուղատնտեսությունը, գյուղացին կպնի հողին, կարողանա բերք ստանալ։ Պետք է ունենան գյուղատնտեսական ապրանքների մթերման կայաններ։
Ըստ նրա, չկա որևէ խնդիր, որ միասնաբար չկարողանան լուծել։ «Խելքը ունենք, կապերն ունենք»,- հայտարարեց Արման Թաթոյանը։ Ըստ նրա, եթե մենք մեր շահերի մասին չմտածենք, ոչ ոք մեր փոխարեն որոշում չի կայացնելու մեր օգտին, ամեն մեկը քաշելու է իր կողմը։
«Մեր ընտրությունը պետք է որոշի ոչ թե Մոսկվան կամ Բաքուն, այլ պետք է որոշի Գյումրին, Երևան, Ախուրյանը, Կապանը»- ասաց Արման Թաթոյանը։
Նա անդրադարձավ Ռուսաստանի կողմից ծաղիկների, «Ջերմուկի» արգելքին, ըստ նրա, այս ամենը նրա պատճառով է, որ կախվածություն ունենք այդ երկրից, այդ կախվածությունը պիտի վերացնենք, բայց իրավունք չունենք խզել հարաբերությունները որևէ երկրի, օրինակ՝ Ռուսաստանի հետ, որտեղ տասնյակ հազարավոր հայեր գնում են արտագնա աշխատանքի։
Նա Գյումրիում անդրադարձավ նաև մարդկանց՝ վարկերի գերի դառնալուն։
Ըստ նրա, այս իշխանություններն օգտվում են առիթից, որ մարդիկ խնդիրներ ունեն, վարկերի տակ են, դարձրել են մարդկանց վարկերի գերի, քերելով նրանց փողերը տանում են։
«Մենք հատուկ ծրագրով մարդկանց ազատելու ենք վարկերի գերությունից, որ ոչ ոք չհամարձակվի իմ քաղաքացուն ճնշի, աշխատանքներ ենք տանելու բանկերի հետ»,- ասաց Աման Թաթոյանը։
Նշենք, որ Արման Թաթոյանին փողոցներում տարբեր մարդիկ էին մոտենում՝ դժգոհելով տարբեր իրավական խնդիրներից, նրանից՝ որպես մարդու իրավունքների նախկին պաշտպանի, խորհրդատվական օգնություն էին հայցում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարն՝ արխիվային


















































