Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդի հաջողությունը պետք է կախված լինի գիտելիքից եւ աշխատասիրությունից. Արման Թաթոյան

Մայիս 25,2026 10:08 Share

Մեր երկրի ապագան կախված է այսօրվա կրթությունից, իսկ կրթական համակարգը փոփոխությունների կարիք ունի։ Կրթությունը պետք է գիտելիք փոխանցի եւ ձեւավորի մտածող ու ակտիվ քաղաքացիներ։ Այսպես է մտածում «Միասնության թեւեր» կուսակցությունը։ «Արդարությունը գալիս է, որպեսզի Հայաստանում դպրոցներ չփակվեն, սահմանամերձ քաղաքներում ու գյուղերում զարգացնենք դպրոցները, պարտադիր կրթությունը լինի 11-ամյա, աշակերտը ստանա նաեւ միջին մասնագիտական որակավորում՝ վարսավիրություն, գրաֆիկ դիզայն եւ այլն։ 12-րդ տարին լինի կամավոր նրանց համար, ովքեր ուզում են ընդունվել բուհ»,- ասում է «Միասնության թեւեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ իրենց ուժի կրթական ոլորտի առաջարկները ներկայացնելիս։

Թաթոյանի խոսքով՝ դպրոցների կառավարումը Կրթության նախարարությունից պետք է անցնի համայնքներին, ատեստավորում չանցած որեւէ ուսուցիչ չզրկվի աշխատանքից, գյուղում ուսուցչի համար պետք է լինի հատուկ ծրագիր՝ մինչեւ զրո տոկոս վարկով կամ մեկնարկային ֆինանսավորմամբ, իսկ երկարաժամկետ աշխատանքի դեպքում՝ բնակարան, հողամաս կամ միանվագ ֆինանսական աջակցություն։

«Միասնության թեւերը» խոստանում է, որ արական սեռի երիտասարդներին պետք է տրվի զինծառայությունից տարկետում, կրթության բյուջեն լինի ՀՆԱ-ի 3.5-5%՝ դարձնելու հեռանկարով։ «Արդարությունը գալիս է, որպեսզի Հայաստանի պետական բուհերում Հայաստանի քաղաքացիների համար բարձրագույն կրթությունը լինի անվճար, մասնավոր բուհերում կամ վճարովի ծրագրերով սովորողների համար լինեն ուսման եւ ապրելու ծախսերի համար վարկեր՝ առանց ուսման ընթացքում վճարման, ապահովվի բուհ-պետություն-աշխատաշուկա կապը, այդ թվում՝ պետությունը պատվիրի մասնագիտություններ, երաշխավորի աշխատատեղեր, ձեւավորվի բուհական 3 խոշոր կենտրոն՝ հյուսիսում, հարավում եւ Երեւանում, մարզերում զարգացնենք համալսարանները, Գորիսն ունենա տեխնոլոգիական համալսարան, Գյումրին՝ մանկավարժություն, տնտեսագիտություն եւ այլն։

Արդարությունը գալիս է, որպեսզի երիտասարդի հաջողությունը կախված լինի գիտելիքից եւ աշխատասիրությունից»,- ասաց Արման Թաթոյանը՝ կոչ անելով հունիսի 7-ին քվեարկել իրենց ուժի օգտին։Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թեւեր» կուսակցության քվեաթերթիկի համարն ընտրական ցուցակում 6-րդ է, ցուցակում ընդգրկված են 80 թեկնածու:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031