Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային ակտիվությունն օգտակար է այնպես, ինչպես ֆիզիկականը

Մայիս 27,2026 09:30 Share

Գաղտնիք չէ, որ տեղծագործական գործունեությունը, արվեստին ու մշակույթին առնչությունը մեծ նշանակություն ունի մարդու հոգևոր կյանքի, հոգևոր առողջության համար, սակայն ինչպես ցույց է տալիս Մեծ Բրիտանիայում Լոնդոնի համալսարանական քոլեջի նոր հետազոտությունը, այդ ամենը նաև կարևոր դեր ունի օրգանիզմի ֆիզիկական առողջության պահպանման գործում, քանի որ նպաստում է կենսաբանական ծերացման գործընթացի դանդաղեցմանը։

3556 մեծահասակների տվյալների և արյան անալիզների վրա հիմնված հետազոտությունը հրապարակվել է Innovation in Aging ամսագրում և միակը չէ, որը նման արդյունքներ է արձանագրել։ Այլ ուսումնասիրություններն, օրինակ, հաստատում են ստեղծագործական ակտիվության ու մտավոր ունակությունների բարելավման կապը։ 2025 թ․-ի հոկտեմբերին Nature Communications ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ պարով, արվեստի տեսողական ճյուղերով զբաղվելը նպաստում է գլխուղեղի «երիտասարդության» պահպանմանը։

Համալսարանական քոլեջի հետազոտության շրջանակներում մասնակիցներին հարցրել են, թե վերջին մեկ տարվա ընթացքում որքա՞ն հաճախ են զբաղվել երգով, պարով, նկարչությամբ, լուսանկարչությամբ կամ ձեռագործ աշխատանքով, այցելե՞լ են արդյոք ցուցահանդեսներ, գրադարաններ, պատմաճարտարապետական վայրեր կամ մասնակցել մշակութային տարբեր միջոցառումների։

Հետաքրքիր եզրահանգումներից մեկն այն է, որ ամենշաբաթյա ստեղծագործական ակտիվություն ունեցող մարդկանց շրջանում 4 %-ով դանդաղում է ծերացման գործընթացը՝ համեմատած այն մարդկանց հետ, որոնք տարեկան մինչև 3 անգամ են նմանատիպ գործունեություն ծավալում։

Այս տեմպերը համեմատելի են ամեն շաբաթ ֆիզիկական ակտիվություն ունեցող մարդկանց արդյունքների հետ, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ մշակութային ակտիվությունը նույնքան օգտակար է, որքան ֆիզիկականը։

Սակայն մասնագետներն ընդգծում են, որ հիշյալ հետազոտությունը ցույց է տալիս մշակութային ակտիվության ու մարմնի երիտասարդության պահպանության կապը, սակայն չի բացահայտում պատճառահետևանքային հաջորդականությունը։ Սակայն դրական ազդեցության հնարավոր պատճառներից է համարվում այն, որ ստեղծագործական ակտիվությունը նպաստում է սթրեսի, սիրտ-անոթային ռիսկերի նվազեցմանը՝ այդպիսով հնարավորինց կանխելով օրգանիզմում բացասական փոփոխությունների զարգացումը։

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ Հայաստանի ազգային պատկերասրահի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031