Երբ քո քաղաքացիները, քո հայրենակիցները գերի կամ պատանդ են այլ՝ թշնամի պետության բանտում, դա քո ամոթն է, եւ նորմալ իշխանությունը պետք է իր պատվի գործը համարի բոլոր միջոցներով այդ պատանդներին ազատելը։ Հայաստանի իշխանավորները ոչ միայն ջանքեր չեն գործադրում՝ իրենց այդ ուղիղ պարտականությունը կատարելու համար, այլեւ զլանում են պարզ մարդկային կարեկցանք, մտահոգություն արտահայտեն ծանրագույն վիճակում հայտնված հայրենակիցների փաստացի խոշտանգման առթիվ։ Եվ մի բան էլ՝ բարկանում են լրագրողների վրա, որոնք համարձակվում են հարցեր տալ հայ պատանդների մասին։
«Ինչո՞ւ չես զոհվել» հրեշավոր խոսույթը նույն շարքից է։ ՔՊ-ականները եւ նրանց սպասարկուները հրաժարվում են մերձավորի մեջ մարդ տեսնել՝ այն պատճառով, որ այդ մերձավորը «ղարաբաղցի է», «թալանչի է» կամ «ռսի շպիոն»։ (Ի դեպ, ընտրապայքարի ընթացքում «գործակալների» եւ «լրտեսների» քանակը կտրուկ աճել է, հուսով եմ, հունիսի 7-ից կնվազի)։ Քարոզչական «կլիշեներն» ավելի կարեւոր են համարվում, քան Մարդը՝ որպես բարձրագույն արժեք։
20-րդ դարում կային այդպիսի մարդակեր ռեժիմներ։ Բայց դրանք հիմնված էին որոշակի, թեեւ մերժելի, բայց՝ գաղափարախոսության վրա՝ դրա համար էլ երկարակյաց էին: Այսօրվա Փաշինյանի եւ Ալիեւի ռեժիմների առանձնահատկությունն այն է, որ այստեղ որեւէ գաղափարախոսություն չկա, կա միայն ատելություն՝ առաջին դեպքում՝ «նախկինների», «ռսաստրուկների» եւ այլ «ներքին թշնամիների» հանդեպ, երկրորդ դեպքում՝ հայերի։
Դեհումանիզացիայի ազդակները գալիս են «ամենավերեւից»՝ «կզըցնելու», «չոքըցնելու», «ասֆալտին փռելու» եւ «պատերով տալու» տեսքով։ (ԿԸՀ-ն գտնում է, որ ՔՊ առաջնորդն այդպիսով օրենք չի խախտում. սպասելի էր, որ այդպես կհամարի, թե չէ նախկին շեֆը ԿԸՀ նախագահի հետ նույն բանը կաներ)։ Բայց քանի որ իրական, պոզիտիվ գաղափարներ չկան, եւ կա միայն ատելության գեներացում, գլխավոր գեներացնողին հեռացնելուց հետո, աստիճանաբար հնարավոր կլինի քաղաքականություն վերադարձնել «մարդկային չափումը»։
Կարդացեք նաև
Հայաստանում ներքին թշնամիներ չկան:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Նկարը՝ Ռուբեն ՄՈՒՐԱԴՅԱՆԻ


















































