ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ մայիսի 25-ին տեղի է ունեցել Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության և դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագրի իրականացումը մշտադիտակող և գնահատող միջգերատեսչական խորհրդի նիստը։
Մասնակցում էին ՆԳ նախարարության ղեկավար կազմն ու միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ՆԳ նախարարն ընդգծել է, որ ռազմավարությամբ առաջին անգամ մեկտեղվում և փոխլրացնում են հանրային անվտանգության և հանրային առողջապահության բաղադրիչները՝ ապահովելով խնդրի առավել ամբողջական և համակարգային հասցեագրում։
Անդրադառնալով կատարված աշխատանքներին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ մի շարք ուղղություններով առաջընթաց կա, բայց կարևոր է միջոցառումների բովանդակության ամբողջ ծավալով իրականացումը՝ իրականացման տեմպերը գնահատելով ոչ գոհացուցիչ։ Կարևորելով միջոցառումների իրականացման ժամանակ ի հայտ եկած խնդիրների վրա կենտրոնանալը՝ նախարարն ընդգծել է ըստ լուծման ուղղությունների յուրաքանչյուր գերատեսչությունից ակնկալվող արդյունքների հստակեցման անհրաժեշտությունը։
Կարդացեք նաև
Նախարարը շեշտել է, որ իրական պատկերի գնահատման և համակարգված առաջընթացի ապահովման համար անհրաժեշտ է շահագրգիռ գերատեսչությունների միջև կառուցողական համագործակցություն։ Այդ համատեքստում անդրադառնալով հասարակական կազմակերպությունների դերակատարմանը՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ ռազմավարությամբ սահմանված արդյունքներին հասնելու համար կարևոր նշանակություն ունի հասարակական կազմակերպությունների նախաձեռնողականությունը։
Կարևորվել է նաև բնակչության իրազեկման բաղադրիչը։ Խորհուրդն արձանագրել է, որ իրականացվող միջոցառումները դեռևս լիարժեք չեն համապատասխանում ռազմավարությամբ սահմանված բովանդակային պահանջներին։
Նախարարը նշել է, որ անհրաժեշտ է վերանայել իրազեկման ձևաչափերը՝ դրանք դարձնելով առավել բազմաշերտ, գործնական և տարբեր թիրախային խմբերի համար հասանելի։ Այդ համատեքստում նախարարը կարևորել է Ներքին գործերի, Առողջապահության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների համատեղ աշխատանքը՝ ընդգծելով, որ իրազեկման միջոցառումները չպետք է սահմանափակվեն միայն հանցավորության կանխարգելման բաղադրիչով, այլ պետք է ներառեն նաև առողջապահական և կրթական ուղղություններ, պետք է հաշվի առնել ԶՈՒ, փակ հաստատությունների առանձնահատկությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրազեկման միջոցառումների բովանդակության և մեթոդաբանության մշակման գործընթացում ներգրավել համապատասխան մասնագիտական ներուժ, այդ թվում՝ հոգեբանների, սահմանվել է վերջնաժամկետ։
Անդրադարձ է կատարվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շրջանակներում քրեական վարույթների ընթացքին, դրանց արդյունավետության գնահատմանը։ Խորհուրդն արձանագրել է, որ պետք է վերլուծվեն 2025-2026թթ․ քրեական վարույթների վիճակագրական պատկերը՝ արդյունավետության գնահատման վերաբերյալ կոնկրետ և թիրախային վերլուծությունների հանգելու համար, սահմանվել է վերջնաժամկետ։
Քննարկվել է իրավապահ մարմինների նյութատեխնիկական համալրվածության ընթացքին վերաբերող հարցեր։
Ծավալվել է ակտիվ քննարկում, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցված աշխատանքը։
ՀՀ ներքին գործերի նախարարություն


















































