Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել մեր ժամանակների լավագույն երաժիշտներից մեկը՝ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հոբոյահար Ալբրեխտ Մայերը՝ կատարելով Մոցարտի Հոբոյի կոնցերտը։
Ալբրեխտ Մայերի կատարումները հիացնում են թե՛ ունկնդրին, թե՛ քննադատներին, որոնք նրան բնորոշելիս հաճախ օգտագործում են «աստվածային կայծ» կամ «հրաշագործ հոբոյ» արտահայտությունները՝ ընդգծելով, որ գերմանացի երաժիշտը հոբոյը վերածել է «հմայող գործիքի»։
Պրոֆեսիոնալ գործունեությունը սկսել է 1990 թվականին՝ որպես Բամբերգի սիմֆոնիկ նվագախմբի առաջին հոբոյահար։ 1992 թվականից ի վեր՝ նույն պաշտոնը զբաղեցնում է Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբում։
2004, 2008 և 2010 թվականներին Մայերը Գերմանական ֆոնոակադեմիայի կողմից ճանաչվել է «Տարվա երաժիշտ» և արժանացել «ECHO Klassik» մրցանակին: 2018 և 2022 թվականներին արժանացել է գերմանական դասական երաժշտության բարձրագույն՝ «OPUS» մրցանակին:
Կարդացեք նաև
Միջազգային մենակատարի իր գործունեությանը զուգահեռ Մայերը պարբերաբար հանդես է գալիս որպես դիրիժոր։
Հայաստանում ևս նշանավոր երաժիշտը հանդես է եկել և՛ որպես հոբոյահար, և՛ որպես դիրիժոր։ Երեկոյի ընթացքում անվանի երաժշտի ղեկավարությամբ հնչել են նաև Բեթհովենի «Էգմոնտ» նախերգանքը և Բրամսի Սիմֆոնիա թիվ 1-ը։
Մայերն առաջին անգամ էր ելույթ ունենում Հայաստանում, ասում է, որ երջանիկ է լինել այստեղ ու հանդես գալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Նա նշում է, որ 25 տարի է՝ պրոֆեսիոնալ դիրիժոր է, և դա իր իրական կիրքն ու կյանքն է։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ


















































