«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-ապրիլ ամիսներին։
Այսպես.
- 2026թ. հունվար-ապրիլ ամիսներին տնտեսական ակտիվությունը շարունակել է պահպանվել համեմատաբար բարձր մակարդակում, սակայն աճի կառուցվածքում նկատվում են դանդաղման ազդակներ։ Ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է շուրջ 7.1%՝ մարտի համեմատ որոշակի արագանալով, սակայն կուտակային աճը նվազել է մինչև 6.9%՝ հունվար-մարտի 7.1%-ի դիմաց։ Աճի հիմնական շարժիչներն են արդյունաբերությունը և ծառայությունները, իսկ առևտրի թույլ դինամիկան շարունակում է սահմանափակել տնտեսական ակտիվության ավելի արագ աճը։ Սա վկայում է, որ տնտեսական ակտիվության բարձր աճը պահպանվում է, սակայն դրա կառուցվածքը դարձել է ավելի անհավասարակշիռ։
- Արդյունաբերության աճն ապրիլին որոշակիորեն վերականգնվել է, սակայն ոլորտի դինամիկան շարունակում է մնալ անկայուն։ Ապրիլին արդյունաբերության թողարկման աճը կազմել է 11.7%, ինչի արդյունքում հունվար-ապրիլ ամիսների կուտակային աճը կազմել է 13.0%՝ պահպանվելով հունվար-մարտի 13.4% մակարդակին մոտ։ Միևնույն ժամանակ, ոլորտի աճը շարունակում է զգալիորեն պայմանավորված լինել առանձին ենթաոլորտների և կարճաժամկետ գործոնների ազդեցությամբ, այդ թվում՝ հանքարդյունաբերության և հիմնական մետաղների արտադրության բարձր աճերով։ Վերջինիս բարձր աճը մեծապես պայմանավորված է վերաարտահանման հետ կապված գործոններով և կարող է դադարել կամ կտրուկ նվազել ցանկացած պահի:
- Արտաքին առևտրի դինամիկան ապրիլին կրկին վատթարացել է՝ հաստատելով նախորդ ամիսներին արձանագրված աճերի անկայուն բնույթը։ Արտահանման ծավալներն ապրիլին նվազել են 25.9%-ով, ինչի հետևանքով հունվար-ապրիլ ամիսների կուտակային ցուցանիշը դարձել է բացասական՝ կազմելով -3.3%՝ հունվար-մարտի 6.4% աճի դիմաց։ Ներմուծման աճը նույնպես թուլացել է: Ապրիլին ներմուծումը նվազել է 5.8%-ով, իսկ կուտակային աճը դանդաղել է մինչև 2.5%։ Սա վկայում է, որ արտաքին առևտրի նախորդ ամիսների վերականգնումը կայուն բնույթ չի ունեցել և շարունակում է առավելապես կախված մնալ առանձին ապրանքախմբերի ու վերաարտահանման հետ կապված գործոններից։
- Գնաճային միջավայրը դարձել է ավելի մտահոգիչ, քանի որ գնաճի արագացումն ապրիլին շարունակվել է։ 2026թ. ապրիլին 12-ամսյա գնաճը հասել է 5.3%-ի՝ մարտի 4.5%-ի դիմաց։ Գնաճի արագացումը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի և տրանսպորտային ծառայությունների գների աճով։ Այս պայմաններում, չնայած գնաճային ճնշումների ուժեղացմանը, Կենտրոնական բանկը մայիսի սկզբին պահպանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.5% մակարդակում, ինչը ցույց է տալիս, որ դրամավարկային քաղաքականության դիրքը դեռևս չի խստացվել։
- Հարկաբյուջետային հատվածում եկամուտների աճը պահպանվել է, սակայն ծախսերի կառուցվածքը շարունակում է մտահոգիչ մնալ՝ հատկապես կապիտալ ծախսերի կրճատման պատճառով։ 2026թ. հունվար-ապրիլին պետական բյուջեի ընդհանուր եկամուտներն աճել են 13.7%-ով, իսկ հարկային եկամուտները՝ 14.4%-ով։ Միևնույն ժամանակ, ընդհանուր ծախսերի 7.6% աճը ձևավորվել է հիմնականում ընթացիկ ծախսերի 14.7% աճի հաշվին, մինչդեռ կապիտալ ծախսերը նվազել են 41.3%-ով։ Սա նշանակում է, որ բյուջեի ծախսային քաղաքականության մեջ շարունակում է գերակշռել ընթացիկ ծախսերի ընդլայնումը, իսկ կապիտալ ծախսերը լիարժեք չեն կատարում տնտեսական աճի որակն ու երկարաժամկետ ներուժը բարձրացնելու իրենց դերը։
- Շինարարության ոլորտում բարձր աճի տեմպերը և վարկավորման բարձր աճերը շարունակում են աջակցել ներքին պահանջարկին, սակայն միաժամանակ կարող են մեծացնել մակրոտնտեսական ռիսկերը։ Շինարարության կուտակային աճը հունվար-ապրիլին հասել է 22.9%-ի, իսկ շինարարության ոլորտին տրամադրվող վարկերի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 23.6%-ով (168.3 մլրդ դրամով): Շինարարության ոլորտում գրանցված բարձր աճի և շինարարությանն ուղղվող վարկավորման ընդլայնման համադրությունը պահանջում է լրացուցիչ ուշադրություն՝ հատկապես անշարժ գույքի շուկայի պահանջարկի և գների հետագա դինամիկայի շուրջ հնարավոր ռիսկերի տեսանկյունից:
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամ


















































