ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան եթերում հորդորով դիմել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավին, որը երեկ Քաջարանում հերթական անգամ «խայթել» է Սերժ Սարգսյանին և Հանրապետական կուսակցությանը։
«Հարգելի պարոն երկրորդ նախագահ։ Սա էլ արդեն որերորդ անգամն է՝ քարոզարշավի ընթացքում դուք Նիկոլ Փաշինյանից բացի՝ նաև այլ ուղղություններով եք սկսում քաղաքական քննադատություններ կամ խայթոցներ ուղղել։ Անկեղծ ասած, դա անհասկանալի է։ Ձեր ֆիլմում դա արեցիք՝ ձայն չհանեցինք, ասացինք՝ քարոզարշավ է, թող անցնի, գնա, չխանգարենք իրար և այլն։ Հետո Մհերի մոտ հարցազրույցում խայթեցիք մեզ՝ էլի ձայն չհանեցինք։ Հիմա էլ երեկ՝ Քաջարանում։
Անկեղծ ասեմ։ Եվ մեր համբերությունը, և քարոզարշավի օրերը սպառվում են, հատում են։ Եվ ձեզ կհորդորեմ, կխնդրեմ այս օրերի ընթացքում հեռու մնալ Հանրապետական կուսակցությունից, Սերժ Սարգսյանից։ Ուղղել ձեր բոլոր ջանքերը քաղաքական թիվ մեկ մրցակցի, ախոյանի նկատմամբ։ Շատ կուզենանք, որ դուք անցնեք խորհրդարան, և ընդդիմությունը նաև մեր աջակցությամբ տարբեր քաղաքական և հասարակական ուղղություններով կարողանա միասին հաղթել Նիկոլ Փաշինյանին։
Թե չէ, եթե խոսենք նախկին փոշմանումների կամ սխալների մասին, ապա կարող ենք, օրինակ, չզսպել գայթակղությունը և խոսել 1998 թվականի մասին, թե ինչպես Սերժ Սարգսյանը Վազգեն Սարգսյանի հետ միասին ձեզ նախագահ դարձրեցին։ Կարող ենք խոսել 2003 թվականի մասին, որտեղ նախագահական ընտրությունների երկու փուլերում Սերժ Սարգսյանը՝ որպես ձեր շտաբի պետ, իսկ Հանրապետականը՝ որպես հիմնական աջակից քաղաքական ուժ, անվերապահ ձեր կողքին էին և նպաստում էին ձեր քաղաքական հաղթանակին և վերարտադրությանը։
Կարդացեք նաև
Բայց մենք զսպում ենք մեզ։ Զսպում ենք նախ և առաջ՝ ելնելով այն հանգամանքից, որ կան բազմաթիվ այլ առաջնահերթություններ, հատկապես՝ մինչև հունիսի 7-ը ընկած ժամանակահատվածը։ Եթե դրանից հետո իրոք կցանկանաք խոսել ձեր, մեր սխալների մասին և այլն, ապա մենք պատրաստ ենք այդ ձևաչափին։
Բայց հիմա խնդրում եմ, մի խլեք, մի սպառեք, մի հյուծեք ձեր և մեր թանկագին ժամանակը։
Հաջողություն ընդդիմությանը։
Մասնակցենք հունիսի 7-ի ընտրություններին»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































