2026 թ. ապրիլի 6-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր, թիվ ԼԴ/0198/02/26 քաղաքացիական գործով՝ Անահիտ Բարոյանն ընդդեմ ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի՝ աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու, հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու և նախկին աշխատանքում վերականգնելու պահանջների մասին գործով, դիմել ՀՀ Սահմանադրական դատարան: Դատարանը գործի վարույթը կասեցրել էր՝ մինչև Սահմանադրական դատարանի ընդունած որոշումն ուժի մեջ մտնելը:
Սահմանադրական դատարանը մայիսի 20-ին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի և 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի (հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը մերժեց: Գործի նախապատմությունը հետևյալն էր. Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի 2026 թ. հունվարի 5-ի թիվ 2 հրամանով (ուժի մեջ է մտել 2026 թ. հունվարի 9-ին) դիմումատուի լիազորությունները դադարեցվել էր քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու (օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետ) հիմքով, այսինքն՝ միակ պատճառ նշվել է տարիքային շեմը լրանալու հանգամանքը։ Նշեմ, որ հայցվոր՝ Լոռու մարզպետարանի սոցիալական պաշտպանություն սոցիալական ապահովության բաժնի առաջատար մասնագետ Անահիտ Բարոյանը աշխատել է ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմում 1997 թվականից:
Դիմող դատարանը բարձր դատարանի ուշադրությունն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ ոչ միայն օրենքի քննարկվող դրույթները, այլև մի շարք օրենքներ՝ Հանրային ծառայության մասին, Համայնքային ծառայության մասին և այլն, դեռևս պարունակում են տարիքային շեմի հիմքով աշխատանքային պայմանագրերի լուծման կամ չկնքման վերաբերյալ դրույթներ:
ԼԴ/0198/02/26 քաղաքացիական գործով հայցվորը զբաղեցրել է քաղաքացիական ծառայության պաշտոն: «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ հանրային ծառայությունն ընդգրկում է նաև պետական ծառայությունը, իսկ վերջինս, հիշյալ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, նաև քաղաքացիական ծառայությունը: Օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձը համարվում է հանրային ծառայող: Այդ առնչությամբ Սահմանադրության 49-րդ հոդվածով ամրագրված է հանրային ծառայության անցնելու իրավունքը: Սահմանադրական դատարանը նշել է նաև, որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» այս տարվա մայիսի 7-ի ՀՕ-182-Ն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի և 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի համապատասխանաբար՝ 17-րդ հոդվածի 4-րդ մասը և 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետը, այսինքն՝ սույն գործով վիճարկվող դրույթները, ուժը կորցրած են ճանաչվել, որպիսի հանգամանքը, ինքնին, չի վկայում դրանց հակասահմանադրական լինելու մասին:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.05.2026


















































