«Նախընտրական թոհուբոհի մեջ ամենակարևոր խնդիրը դառնում է մեր այն վիճակը, որ ստեղծվել է Ռուսաստանի կողմից տնտեսական սահմանափակումների հետևանքով: Ըստ էության, բավականին բարդ վիճակ է ստեղծվել, մեր շատ արտահանողներ (խմիչքի, կոնյակի, ծաղկի, ծիրանի, տարբեր տեսակի մրգեղենի և այլն) հայտնվել են բավականին ծանր վիճակում: Որոշ մարդիկ սնանկացման են գնում, ոմանք արդեն սնանկացման վտանգի առաջ են, մեր միջին ու փոքր բիզնեսին լուրջ հարված է հասցվում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ահազանգեց ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը՝ վերլուծելով կատարվածը:
«Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կուրս է վերցրել, որ իբր թե պետք է գնանք ԵՄ, իսկ դա նշանակում է, որ մեր արտադրանքը պետք է բարձրացնենք եվրոպական ստանդարտների և կարողանանք մտնել եվրոպական շուկա: Այս կուրսը հայտարարված էր բավականին վաղուց, բայց եթե հետևենք Փաշինյանի կառավարության գործունեության կոնկրետ արդյունքներին, կտեսնենք, որ 2018-ին Ռուսաստանի բաժնեմասը մեր արտահանման մեջ եղել է 27%, դրանից հետո կտրուկ աճել է տարի տարվա վրա, իսկ 2022 թ. հասել է 47%-ի: Ստացվում է՝ տնտեսական հիմքերի առումով հենց Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է ձախողել եվրաինտեգրման ուղղությունն ու կուրսը: Ճիշտ է, այն բանից հետո, երբ Արևմուտքը Ռուսաստանի հետ կապված պատժամիջոցները խստացրեց՝ դժվարացնելով արևմտյան ապրանքների վերաարտահանումը դեպի Ռուսաստան, մենք 2025 թ. տվյալներով ունենք անկում՝ արտահանման բաժնեմասի մինչև 35%…
Եթե դու ուզում ես իսկապես գնալ ԵՄ, ինտեգրացիա կատարես դեպի եվրոպական շուկա, պետք է այդ ուղղությամբ աշխատես… Ամբողջ խնդիրը գալիս է նրանից, որ Նիկոլ Փաշինյանը կառքը դրել է ձիուց առաջ, ձի՛ն պետք է քաշի կառքը, ոչ թե հակառակը: Եթե քաղաքական պրոցեսներն արագացնում ես՝ առանց նախապատրաստելու տնտեսական հիմքերը, հայտնվում ենք այս վիճակում: Դեռ մինչև վերջին սահմանափակումները մենք արդեն ունեինք առաջին 4 ամսվա ծանր ցուցանիշներ, որոնք ահազանգ էին հիշեցնում. մասնավորապես, 3.3%-ով մեր արտահանումն ընկել էր վերջին 4 ամսվա ընթացքում, իսկ սղաճը բավականին բարձր մակարդակ է գրանցել՝ 4.3%: Նոր սահմանափակումների հաշվարկը շատ ավելի ցավոտ է լինելու»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Մանրամասն՝ տեսանյութում քիչ անց:
Կարդացեք նաև
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Նկարը՝ ՀԱԿ-ի ֆեյսբուքյան էջից


















































