Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳՆ պատվիրակությունը Դանիայում և Շվեդիայում եվրոպացի գործընկերների հետ քննարկել է ոստիկանության գործունեության վերահսկողության մեխանիզմները

Հունիս 02,2026 12:03 Share

Մայիսի 20-23-ը ՆԳ նախարարության պատվիրակությունը՝ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով Դանիայում և Շվեդիայում էր։ Պատվիրակության կազմում էին ՆԳ նախարարի խորհրդական Վարդան Վարդանյանն ու Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի պետ Գոհար Բեգոյանը։

ՆԳՆ պատվիրակության անդամները հանդիպել են Դանիայի խորհրդարանական օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել է օմբուդսմենի ինստիտուտի դերը՝ որպես ազգային կանխարգելիչ մեխանիզմ, ինչպես նաև ոստիկանության գործունեության նկատմամբ վերահսկողության, մշտադիտարկման, ստուգումների և բողոքների քննության ուղղությամբ կիրառվող գործիքակազմը։

Դանիայի ոստիկանության բողոքների քննություն իրականացնող անկախ մարմնի ներկայացուցիչը հեռավար ձևաչափով ներկայացրել է կառույցի լիազորությունները, ինստիտուցիոնալ նշանակությունը, ինչպես նաև ոստիկանության ծառայողների դեմ ներկայացվող բողոքների քննության ընթացակարգերը, կիրառվող մեթոդներն ու չափորոշիչները։

Դանիայի մարդու իրավունքների ինստիտուտի ներկայացուցիչների հետ քննարկվել են մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանն ուղղված մեխանիզմները, ինչպես նաև ոստիկանության վարքագծի վերահսկման, բողոքների քննման գործիքակազմերը։

Խոշտանգումների կանխարգելման դանիական ինստիտուտի՝ «Դիգնիթի» ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ՆԳՆ պատվիրակության անդամները ծանոթացել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ դանիական փորձին ու պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների միջև համագործակցության ձևաչափերին։

Դանիայի արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Դանիայի կառավարության ներկայացուցչի և համաներկայացուցչի հետ։ Ներկայացվել են ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցչի դերը, գործառույթներն ու աշխատանքային մեթոդները, ինչպես նաև ազգային մակարդակում ՄԻԵԴ վճիռների արդյունավետ կատարմանն ուղղված քայլերը։

ՆԳՆ պատվիրակությունն այցելել է նաև Կոպենհագենի համալսարանական քոլեջ, որտեղ ներկայացվել է Դանիայի ոստիկանության համակարգի կառուցվածքը, լիազորություններն ու հիմնական գործառույթները։

Պատվիրակության անդամները շրջել են Կոպենհագենի ոստիկանության բաժանմունքում, ծանոթացել ձերբակալվածների պահման վայրերի և սպասասրահների պայմաններին։ Ոստիկանության «Երկխոսություն» ստորաբաժանման ներկայացուցիչը ծանոթացրել է ստորաբաժանման գործունեությանն ու լիազորություններին, ներկայացրել զանգվածային միջոցառումների ժամանակ կիրառվող աշխատանքային մեթոդներին։

Շվեդիայի Լունդ քաղաքում պատվիրակությունը հանդիպել է Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի ներկայացուցիչների հետ, ծանոթացել ոլորտային ուղղություններով աշխատանքի առանձնահատկություններին։

Կայացել է կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում ներկայացվել է հավաքների և հանրային միջոցառումների ժամանակ ոստիկանության աշխատանքը, ցույցերի և հանրային հավաքների կառավարման փորձը։

Այցը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդյունավետ կիրառմանը՝ ՄԻԵԴ վճիռների արդյունավետ կատարման միջոցով» ծրագրի շրջանակում՝ ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության աջակցությամբ։

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930