Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ամեն ինչի տեր կկանգնենք, բայց Նիկոլ Փաշինյանը նույնիսկ բիբարին չի կարող տեր կանգնել, մաքսիմում կարող է մի քանի հատ բիբար ուտել»․ Սամվել Կարապետյան

Հունիս 02,2026 17:02 Share

«Մենք գնում ենք հաղթանակի»,- դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Հարցին, թե մյուս ընդդիմադիր ուժերի համեմատ ո՞րն է իրենց առավելությունը, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Մենք ուժեղ ենք, չեք տեսնո՞ւմ՝ ուժեղ Հայաստան»։

Հարցին, եթե հաղթանակ չտանեն, կհեռանա՞ քաղաքականությունից, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Այդ եթե-ն չկա, մենք հաղթելու ենք, ինչի՞ համար եք անպայման ուզում ինձ սխալ ուղղության վրա դնել»։

Հարցին, թե ընտրություններից հետո որպես ընդդիմություն՝ պատրա՞ստ են մարդկանց մոբիլիզացնել փողոցում, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Նորից դուք կասկածի տակ եք դնում մեր հաղթանակը, այլ տարբերակ չկա, մենք հաղթելու ենք։ Ինչի՞ համար մնանք փողոցում, առոք-փառոք կգնանք մեր տները, մենք հաղթելու ենք»։

Անդրադառնալով ՌԴ կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող ճնշումներին՝ Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Ռուսաստանի Դաշնության ճնշումները Նիկոլ Փաշինյանի մասին են, ես դրա հետ գործ չունեմ»։ Այն դիտարկմանը, որ իշխանությունն ասում է՝ իրենք են «բզբզում», Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Ես որտեղի՞ց եմ բզբզում, ես կալանքի տակ եմ»։

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Ալիկ Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործին՝ Սամվել Կարապետյանն ասաց․ «Հերթական հիմարությունն են անում, հերթական ապօրինություններն են անում, մեր թիմակիցը ոչ ոքի փող չի փոխանցել։ Մեր թիմից չկա մի մարդ, որ գոնե հասկանա՝ ոնց են փող լվանում։ Ես փող լվանալ միայն հասկանում եմ, որ ասֆալտ ես փռում, փող ես լվանում»։

Սամվել Կարապետյանը չի բացառում, որ ընտրությունների նախօրեին նոր ձերբակալություններ կլինեն․ «Ամեն ինչ էլ հնարավոր եմ համարում, բայց դա իրենց չի օգնելու»։ «Տաշիրի կարի ֆաբրիկայից 150 հոգի կարողների ծանուցում են ուղարկել, հրավիրել են քննչական, հիմա դա ի՞նչ է»,- հավելեց նա։

Անդրադառնալով հարցին, որ Հայաստանի իշխանությունները հերքում են 300 հազար ադրբեջանցիների Հայաստան բերելու հայտարարությունները, բայց «Ուժեղ Հայաստան»-ը պնդում է այդ թեզը եւ «ահաբեկում» ընտրողներին, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Ուզում եք՝ ես չպնդեմ, բայց դուք փոշմանելու եք։ Ահաբեկում է ձեր Փաշինյանը, ձեր Ալիեւը եւ իրենց բոլոր համախոհները։ Մենք ընդամենը թմբկահարում ենք խնդիրների մասին»։

Ինչո՞ւ է բաց թողել ժամկետները եւ հայտարարագիր չի ներկայացրել, հարցին Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Մինչեւ դուք չհասենք նրան, որ իրենք իմ նկատմամբ բոլոր ապօրինությունները կանխեն, որ ես հնարավորություն ունենամ իրացնել իմ իրավունքները․․․ Հայտարարագիրը ներկայացնելու տեխնոլոգիային ծանոթացեք»։

Անդրադառնալով հայ արտահանողների համար ստեղծված իրավիճակին եւ ՀՀ իշխանության նախաձեռնությանը՝ եվրոպական շուկա արտահանելու մասին՝ Սամվել Կարապետյանն ասաց․ «Իրենք 8 տարի ունեին, գոնե մի հատ ծիրան տանեին եվրոպական շուկա։ Եթե 8 տարում չեն կարողացել մի հատ ծիրան տանել, ինձ թվում է՝ հնարավորություն չեն ունեցել»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը,  որ ինքը բիբարին տեր կլինի, փողը կտա, բայց ժողովուրդը խաղաղությանը պետք է տեր լինի, Կարապետյանը պատասխանեց․ «Մենք ամեն ինչի տեր կկանգնենք, բայց Նիկոլ Փաշինյանը նույնիսկ բիբարին չի կարող տեր կանգնել, մաքսիմում կարող է մի քանի հատ բիբար ուտել։ Նիկոլ Փաշինյանը գիտի՝ ինքը բիբար պիտի ուտի, խոզի խորոված ուտի, այդ մարդը խաբար չէ տնտեսությունից»։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ փուլում է իր՝ ՌԴ եւ Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Դա պրոցես է, սկսել ենք պրոցես, որը ժամանակատար է»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930