ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քրեական օրենսգրքում (ՔՕ) կա երկու հոդված, որոնք, ըստ կառուցվածքի և տրամաբանության, կարելի է բնորոշել որպես քրեականացված «ատելության խոսքի» հանցանքներ․ անձի կամ անձանց խմբի որոշակի հատկանիշով պայմանավորված՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը (հոդված 329) և բռնություն գործադրելուն, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային կոչը (հոդված 330)։
Տևական ժամանակ նշված հոդվածները կիրառվում են գրեթե բացառապես բարձրաստիճան պաշտոնատար անձանց «պաշտպանության» նպատակով։ Ատելության խոսքի արգելող հոդվածների կիրառման համար անհրաժեշտ տարրը՝ պաշտպանվող հատկանիշը, մեկնաբանվում է խեղաթյուրված կերպով՝ հակասելով մարդու իրավունքների միջազգային չափանիշներին։ 2026թ․ ապրիլի 23-ին կայացված ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպն ամրագրել է այդ խեղաթյուրված մեկնաբանությունը, ինչը տվյալ հոդվածների կիրառումը այլևս դարձրել է մարդու իրավունքների համակարգային խնդիր։
Սույն զեկույցում ներկայացված և վերլուծված է ՀՀ ՔՕ 330-րդ հոդվածի և դրա կիրառման պրակտիկայի՝ ատելության խոսքի միջազգային չափանիշների հետ համեմատությունը և խնդիրները։
Կարդացեք նաև
Զեկույցի հրապարակման օրը 330-րդ հոդվածի կամայական մեկնաբանության մեղադրանքով անազատության մեջ է արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը։ Նա կալանավորվել էր 2026թ․ մայիսի 21-ին և հայտարարել հացադուլ։
Ի՞ՆՉ Է ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ
Մինչ խնդրո առարկա ՔՕ հոդվածները քննարկելը, անհրաժեշտ է ուսումնասիրել ատելության խոսքի չափանիշները։ Միջազգային իրավունքում դրա սահմանումները բազմաթիվ են, սակայն մեծ հաշվով՝ ատելության խոսքն ունի երկու բաղադրիչ․
- Որոշակի բացասական վերաբերմունքի արտահայտում,
- Որը պայմանավորված է անձի պաշտպանվող հատկանիշով։
Այս զեկույցում որպես հիմք ընդունելու ենք Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեի «Ատելության խոսքի դեմ պայքարի մասին» թիվ CM/Rec(2022)16 հանձնարարականում (Հանձնարարական) տրված ձևակերպումը, որովհետև նախ՝ մարդու իրավունքների ոլորտում գործող հեղինակավոր միջազգային կազմակերպության մշակած առավել արդիական սահմանումն է, երկրորդը՝ հենց այդ Հանձնարարականին է հղում տվել ՀՀ վճռաբեկ դատարանը՝ ՀՀ ՔՕ 330-րդ հոդվածի վերաբերյալ նախադեպային որոշում կայացնելիս։
Ի՞նչ է ասում Հանձնարարականը
Հանձնարարականը տալիս է ատելության խոսքի համապարփակ սահմանում․
«Սույն հանձնարարականի նպատակների համար ատելության խոսք հասկացվում է որպես արտահայտման բոլոր տեսակները, որոնք հրահրում, խթանում, տարածում կամ արդարացնում են բռնություն, ատելություն կամ խտրականություն անձի կամ անձանց խմբի նկատմամբ, կամ որոնք նսեմացնում են նրանց՝ իրենց իրական կամ վերագրվող անձնական հատկանիշների կամ կարգավիճակի պատճառով, ինչպիսիք են «ռասան», մաշկի գույնը, լեզուն, կրոնը, ազգությունը, ազգային կամ էթնիկական ծագումը, տարիքը, հաշմանդամությունը, սեռը, գենդերային ինքնությունը և սեռական կողմնորոշումը:»
Թվարկվածները՝ «մաշկի գույնը, լեզուն, կրոնը…»՝ պաշտպանվող հատկանիշներն են։ Այսինքն՝ ատելություն, բռնություն կամ խտրականություն հրահրելը, խթանելը, տարածելը կամ արդարացնելը պետք է պայմանավորված լինի թիրախում գտնվող անձի կամ անձանց այդ հատկանիշով, օրինակ՝ մաշկի գույնով։ Թեև սահմանումը սպառիչ չի թվարկում պաշտպանվող հատկանիշերը, սակայն նշում է, որ դրանք պետք է լինեն «այնպիսին», ինչպիսիք թվարկվածներն են։
Հավելյալ պարզաբանումներ առկա են Հանձնարարականի բացատրական հուշագրում (Հուշագիր)։ Մասնավորապես, հուշագրում նշված է, որ ցանկը պետք է մեկնաբանվի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածի իրավունքների էվոլյուցիոն բնույթին համապատասխան․
«Այն ներառում է հակասեմիտիզմը, հակամահմեդական ռասիզմը և անհանդուրժողականությունը և խտրականությունը քրիստոնյաների և կրոնական կամ հավատքային փոքրամասնություններին պատկանող անձանց նկատմամբ, ինչպես նշված է Կոնվենցիայի 9-րդ հոդվածում և Դատարանի նախադեպային իրավունքում, ինչպես նաև հակագնչուականությունը, սևամորթների նկատմամբ ռասիզմը, և այլատյացությունը թե՛ ընդհանուր, և թե՛ միգրացիայի հետ կապված»։
Այս տրամաբանությանը հետևելով կարող ենք եզրակացնել, որ ատելության խոսքի իմաստով պաշտպանվող հատկանիշներն ունեն մեկ ընդհանրություն․ դրանք մարդու համար կա՛մ անփոփոխելի, կա՛մ նրա ինքնության կարևոր և անբաժանելի մաս կազմող հատկանիշներն են։ Այս պնդումը համահունչ է նաև ատելության հանցանքների վերաբերյալ չափանիշների հետ, քանի որ պաշտպանվող հատկանիշների առումով դրանք համադրելի հասկացություններ են․ օրինակ՝ համաձայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մշակած գործնական ուղեցույցին որոշ հատկանիշներ (օրինակ՝ ոստիկան կամ զինվորական լինելը) չի կարող համարվել ինքնության հիմնարար հատկանիշ (fundamental identity marker), հետևաբար՝ դրանով պայմանավորված որոշակի արարքը եթե անգամ քրեականացված է, այն ատելության հանցանք չէ։
Այսինքն՝ բռնության, ատելության ցանկացած կոչ կամ հրահրում դեռ ատելության խոսք չէ։ Կարևորագույն հատկանիշը, որով խոսքը զուտ ագրեսիվ կամ կոշտ լինելուց վերածվում է ատելության խոսքի, դա պաշտպանվող հատկանիշով պայմանավորված լինելն է։ Այլ կերպ ասած՝ եթե մեկը մյուսի նկատմամբ ատելություն է հրահրում, ինչը պայմանավորված է, օրինակ, զուտ անձնական թշնամանքով (օրինակ՝ նախկինում ունեցած կոնֆլիկտի պատճառով), ապա «ատելության խոսք» չկա։ Իհարկե, կախված համատեքստից, կարող են լինել իրավիճակներ, երբ նման արտահայտությունը դառնա զրպարտության կամ վիրավորանքի առարկա, սակայն նման դեպքերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ։
Ինչպե՞ս պայքարել ատելության խոսքի դեմ՝ ըստ Հանձնարարականի
Ատելության խոսքի դեմ պայքարի և դրա հակազդման համատեքստում Հանձնարարականում առկա են ծավալուն առաջարկներ և մոտեցումներ։ Առաջնահերթ մեթոդը ատելության խոսքի դասակարգումն է ըստ ծանրության և հակազդման միջոցների խստության։ Հանձնարարականը դասակարգում է ատելության խոսքը դրա ծանրության երեք աստիճաններով․
- Վիրավորական կամ վնասակար արտահայտություններ, որոնք բավականաչափ ծանր չեն օրենքով արգելվելու համար
- Ատելության խոսք, որի համար կարող է նախատեսվել վարչական կամ քաղաքացիաիրավական պատասխանատվություն
- Ատելության խոսքի առավել ծանր դրսևորումներ, որոնք կարող են արգելվել քրեական օրենքով։
Առաջին աստիճանի՝ օրենքով չարգելված «ատելության խոսքի» պարագայում առաջարկվում է, որ պետությունը ձեռնարկի համալիր միջոցառումներ դրա հակազդման նպատակով՝ «միջմշակութային երկխոսության և փոխըմբռնման խթանման միջոցներ, այդ թվում ՝ լրատվամիջոցների և սոցիալական լրատվամիջոցների միջոցով և համապատասխան կրթական, տեղեկատվության փոխանակման և իրազեկության բարձրացման միջոցառումներ»։
Քանի որ սույն զեկույցը վերաբերում է Հայաստանում քրեականացված ատելության խոսքի քննարկմանը, ապա կկենտրոնանանք երրորդ՝ առավել ծանր դրսևորումների և դրան կարգավորմանը վերաբերող չափանիշներին։
Ատելության խոսքի քրեականացում
Ինչպես նշվեց, ատելության խոսքի քրեական արգելքը պետք է կիրառվի որպես ծայրահեղ միջոց։ Սակայն սա միակ չափանիշը չէ։ Հուշագրի 32-րդ կետում թվարկված են այն չափանիշները, որոնք պետք է հաշվի առնվեն ատելության խոսքի ծանրությունը գնահատելու համար։ Ցանկը, մեծ հաշվով, նման է նախկինում մշակված չափանիշներին, ինչպես օրինակ Ռաբաթի գործողությունների ծրագրին։ Քանի որ սույն զեկույցում հիմնական քննարկման առարկան պաշտպանվող հատկանիշներն են, ապա կկենտրոնանանք հենց այդ չափանիշի վրա։
Ինչպես նշվեց, պաշտպանվող հատկանիշները մարդու ինքնության անփոխարինելի կամ կարևոր մասն են։ Ըստ այդմ՝ ատելության խոսքի ծանրությունը որոշելիս պետք է նաև գնահատել այդ հատկանիշների բնութագիրը։ Բացատրական հուշագրում, որպես գնահատման չափանիշներ, նշվում են տվյալ հատկանիշը կրող անձանց խմբի չափը, միատարրության աստիճանը, առանձնահատուկ խոցելիությունը կամ հասարակական պարսավանքի ենթարկված լինելու պատմությունը, և ամողջ հասարականության [sic] նկատմամբ դիրքը։
Ստացվում է, որ ատելության խոսքի քրեականացման չափանիշերից է ոչ միայն ընդհանուր պաշտպանվող հատկանիշը, այլև այն կիսող անձանց խմբի խոցելիությունը։ Մոտեցումը բխում է այն տրամաբանությունից, որ առավել խոցելի խմբերի նկատմամբ բացասական վերաբերմունքի տարածումն ավելի վտանգավոր է, քան հանրության մեջ առավել արտոնյալ դիրքում գտնվողների պարագայում։ Այն, որ Հանձնարարականն ուղղված է հենց խոցելի խմբերի պաշտպանությանը, պարզ է նախաբանը պարզաբանող Հուշագրի հատվածներից․
«Հիմնվելով մանրամասն վիճակագրության և ուսումնասիրությունների վրա, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը (այսուհետ՝ ՌԱԵՀ) երկրների մշտադիտարկման իր վերջին տարեկան զեկույցներում ընդգծում է տարբեր անդամ պետություններում ծայրահեղ ազգայնական, այլատյաց, ռասիստական և ԼԳԲՏԻ-ատյաց ատելության խոսքի շարունակականության ու աճի մասին։ Հարկ է նշել, որ ատելության խոսքի նման աճը և, մասնավորապես, ատելության խոսքի ալիքները պետք է դիտվեն որպես հատուկ նախազգուշական նշան առ այն, որ բռնության սրացումն անխուսափելի է, ուստի ժողովրդավարական կայունությունն ու անվտանգությունը պահպանելու համար անհրաժեշտ են վճռական գործողություններ»։
Հանձնարարականի և բացատրական հուշագրի ողջ ծավալում այս թեզն ունի իր արտացոլումները։ Օրինակ՝ «ատելության խոսքի տուժողները հոգեբանական, բժշկական և իրավական աջակցության կարիք ունեն» և անհրաժեշտության դեպքում, պետությունը պետք է նման աջակցություն տրամադրի անվճար, ինչպես նաև ատելության խոսքի զոհերին փոխհատուցում ստանալու պայմաններ ստեղծի: Առանց աջակցության և հակադարձման մեխանիզմների՝ ատելության խոսքը կարող է կրկնակի զոհականացման հանգեցնել, հաշվի առնելով նաև այն, որ «ատելության խոսքի թիրախում գտնվողները հաճախ չեն համարձակվում այդ մասին հայտնել իրավասու մարմիններին»:
Հայաստանում ատելության խոսքի քրեականացման փորձը և գործելաոճը, ցավոք, այլ է․ դրա պաշտպանությունից օգտվում են ոչ թե խոցելի խմբերը, այլ իշխանության վերնախավը։
ԻՆՉՊԵ՞Ս Է ԳՈՐԾՈՒՄ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻ ԱՐԳԵԼՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանում ատելության խոսքը քրեականացվեց 2020 թվականին՝ նախկին քրեական օրենսգրքում ավելացավ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը արգելող հոդվածը։ 2022թ․ ուժի մեջ մտած նոր քրեական օրենսգրքով հանցակազմը պահպանվեց (330-րդ հոդված), ինչպես նաև արգելվեց ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը (հոդված 329)։ Երկու հոդվածների պարագայում էլ պարտադիր է, որ կոչը կամ խոսքը պայմանավորված լինի անձի կամ անձանց խմբի որոշակի հատկանիշներով՝
«Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված»։
Քանի որ պաշտպանվող հատկանիշների առումով երկու հոդվածներն էլ նույնական են, իսկ սույն զեկույցը վերաբերում է հենց այդ հատկանիշների մեկնաբանման խնդիրներին, հետևաբար՝ ստորև ներկայացված վերլուծությունը հավասարապես կիրառելի է երկու հոդվածների համար։
Ինչպե՞ս է կիրառվում ատելության խոսքի քրեական արգելքը
Հաշվի առնելով, որ ատելության խոսքի քրեականացումը պետք է ուղղված լինի խոցելի խմբերի պաշտպանությանը, տրամաբանական կլիներ դրա արտացոլումը տեսնել իրավապահների գործելաոճում։ Սակայն պատկերն ամբողջությամբ հակառակն է։
Ըստ «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ուսումնասիրության՝ բռնության հրապարակային կոչերի վերաբերյալ արգելքը (գործող օրենսգրքով՝ 330-րդ, նախկին օրենսգրքով՝ 226.2-րդ հոդվածներ) իրավակիրառ պրակտիկայում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության արդյունավետ գործիք չի կարող համարվել։ Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով (պաշտպանվող հատկանիշով) պայմանավորված՝ 330-րդ հոդվածի հիմքով որևէ վարույթ դատարանում չի քննվել։ Կազմակերպության ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ բռնության հրապարակային կոչերի հանցակազմի գոյության առաջին 5 տարիների ընթացքում այն «կիրառվել է բացառապես քաղաքական իշխանությունների, մի դեպքում, նաև՝ ընդդիմադիր ազդեցիկ գործիչների պաշտպանության նպատակով»։
«[…] դուրս բերված բոլոր դեպքերը ունեցել են քաղաքական համատեքստ և ուղղված են եղել գրեթե բոլորը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ իր թիմի դեմ։ Միայն մի դեպքում, որ խոսքը ուղղված է եղել ակտիվիստների դեմ և հնչել է քաղաքական գործչի կողմից, և կարճվել է պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու պատճառով։ Եվ մեկ այլ դեպքում խոսքը ուղղված է եղել նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և նրանց թիմակիցների դեմ. գործի քննության արդյունքում ամբաստանյալը ընդունել է մեղքը և համաձայնության վարույթի միջոցով նրա նկատմամբ որպես պատասխանատվության միջոց նշանակվել է տուգանքը։»
Այսինքն՝ 330-րդ հոդվածը պրակտիկայում կիրառվում է ամենախնդրահարույց՝ քաղաքական հայացքներ հատկանիշի որոշակի մեկնաբանության հիման վրա։ Ուսումնասիրելով նման գործերը պարզ է դառնում, որ իրականում խոսքը ոչ թե քաղաքական հայացքների մասին է, այլ խոսքի թիրախում գտնվող պաշտոնյայի վարած քաղաքականության կամ կայացրած որոշումների հետ մեղադրյալի անհամաձայնությունը։
Կարո՞ղ է արդյոք «քաղաքական հայացքը» լինել պաշտպանվող հատկանիշ
Ինչպես նշվեց՝ ատելության խոսքի քրեականացումն առաջնահերթ ուղղված է խոցելի խմբերի պաշտպանությանը, հետևաբար՝ քաղաքական հայացքները, որպես պաշտպանվող հատկանիշ պետք է մեկնաբանվեն այդ համատեքստում։ Մյուս կողմից, ըստ Հանձնարարականի, քաղաքական հայացքը պետք է լինի մարդու համար այնպիսի էական հատկանիշ, ինչպիսիք են ««ռասան», մաշկի գույնը, լեզուն, կրոնը, ազգությունը, ազգային կամ էթնիկական ծագումը, տարիքը, հաշմանդամությունը, սեռը, գենդերային ինքնությունը և սեռական կողմնորոշումը»։
Ինչպես պարզաբանված է Հուշագրում՝ ատելության խոսքի համար քրեական պատասխանատվության «չափանիշների մեծ մասը կենտրոնացած է ռասիստական ատելության խոսքի վրա, սակայն տարբեր միջազգային փաստաթղթեր կոչ են անում անդամ պետություններին քրեականացնել այն խոսքը, որը ատելություն է տարածում այլ հիմքերով, ինչպիսիք են սեռը, սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը»։ Կրկին՝ նման հատկանիշները մարդու համար կա՛մ անփոփոխելի են, կա՛մ ինքնության հիմնարար մասն են կազմում։
Քաղաքական հայացքները՝ որպես նման հատկանիշ դիտարկելու օրինակ թերևս կարող է լինել քաղաքական այլախոհությունը։ Երբ անձը տոտալիտար հասարակությունում համաձայն չէ երկրի քաղաքական կառուցվածքի կամ իշխող քաղաքական մտքի հետ և դա իր ինքնության էական մասն է կազմում, հաճախ ենթարկվում է հետապնդումների (խոցելի է)։ Օրինակ՝ ԽՍՀՄ ժամանակաշրջանում քաղաքական այլախոհները, որոնք հետապնդվում էին «հակահեղափոխական» հայացքներ ունենալու համար։ Ի սկզբանե լինելով անհատներ, այլախոհները կամ դիսիդենտները ժամանակի ընթացքում դարձան ավելի կազմակերպված, համագործակցող՝ ձեռք բերելով խմբային հատկանիշներ, օրինակ՝ միավորվելով Հելսինկյան խմբերում։ Այս պարագայում ատելության խոսքը, պայմանավորված քաղաքական հայացքներով, կարող է քննարկման առարկա լինել։ Սակայն Հայաստանում վերը նշված ՔՕ հոդվածների կիրառման գործելաոճը այլ է։
Որոշ դեպքերում քաղաքական հայացքը կարող է մեկնաբանվել որպես նույնականացվող խմբի հատկանիշ՝ կախված տվյալ երկրի կամ հանրության պատմամշակութային համատեքստից։ Նման օրինակ կարող են դիտարկվել ոչ բռնի անկախական գաղափարներ ունեցող քաղաքական խմբերը, օրինակ՝ Քվեբեկյան կուսակցությունը, որը ջատագովում է Քվեբեկի անկախությունը, «Շին Ֆեյնը», որը ձգտում է Իռլանդիայի վերամիավորմանը և այլն։ Կախված համատեքստից՝ նման խմբերը կարող են ատելության խոսքի թիրախ լինել, քանի որ կիսում են այնպիսի հատկանիշներ, որոնք ինքնության մաս են կազմում։
Ինչպես նշվեց՝ Հայաստանում ատելության խոսքի հիմքով գործերի ճնշող մեծամասնությունը ձևակերպված է որպես քաղաքական հայացքներով պայմանավորված և այդ գործերում խոսքի «թիրախում» են իշխող կուսակցության ամենաբարձր պետական պաշտոն զբաղեցնողները, որպես կանոն՝ ՀՀ վարչապետը։
Հատկանշական է նաև այն, որ դեռևս 2018 թվականին, մինչև ԱԺ կողմից վարչապետ ընտրվելը, Ն․ Փաշինյանը պնդում էր, որ իր հայացքները որևէ «իզմերի» մեջ չեն տեղավորվում՝ նկատի ունենալով քաղաքական այնպիսի գաղափարախոսությունները, ինչպիսիք են լիբերալիզմը, կոմունիզմը և այլն։ Նույն մոտեցումը նա վերագրել է իր գլխավորած կուսակցությանը։ Հետևաբար՝ դժվար է ուրվագծել այն քաղաքական հայացքը, որը Փաշինյանի կամ իր թիմակիցների պարագայում կարող է համարվել ատելության խոսքի իմաստով պաշտպանվող հատկանիշ։ Նրանց ուղղված քննադատությունը կամ կոշտ խոսքը, ինչպես կտեսնենք, պայմանավորված է իրենց վարած քաղաքականության և կայացրած որոշումների նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքով, ինչը քաղաքական գործչին քննադատելու իրավաչափ հիմքն է։
«Քաղաքական հայացք» և «վարած քաղաքականություն»
Ուսումնասիրելով վերջին տարիներին ՔՕ 330-րդ հոդվածով նախաձեռնված վարույթները կարող ենք տեսնել, որ Ն․ Փաշինյանի նկատմամբ արված բազմաթիվ բացասական արտահայտություններ որակվել են որպես ատելության խոսք՝ քաղաքական հայացքներով պայմանավորված։ Ստորև ներկայացված են մի քանի օրինակներ՝ datalex.am կայքից․
Գործ թիվ ՇԴ/0736/01/25
| «Գագիկ Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2025 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15:59-ին, սոցիալական կայքի ֆեյսբուքյան էջում հրապարակված «ԱԱԾ պետ Ա. Սիմոնյանը կմեկնի Բաքու» վերտառությամբ տեսանյութի ներքո նույն օրը ժամը 17:09-ին, քաղաքական հայացքներով պայմանավորված կատարել է «ՆԻԿՈԼԻՆ կախաղան» մեկնաբանությունը, այդ կերպ՝ զանգվածային լրատվության միջոցներն օգտագործելով ՀՀ վարչապետի նկատմամբ կատարել է բռնություն գործադրելու հրապարակային կոչ»: |
Գործ թիվ ԳԴ/0297/01/25
| «Ավետիք Ժորայի Միսակյանը […] համաձայն չլինելով ՀՀ կառավարության կողմից վարած քաղաքականության հետ, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ 2025 թվականի ապրիլի 11-ին՝ ժամը 01։24-ին «Yerevan․Today» կայքի ֆեյսբուքյան էջում տեղադրված «Ինչու՞ եք տգետի ընտրել. Փաշինյանը մեղադրում է իրեն ընտրողներին. Կարճ ասած» գրառմամբ հրապարակման մեկնաբանությունների բաժնում իր կողմից վարվող «Аветик Мисакян» ֆեյսբուքյան էջի միջոցով ՀՀ վարչապետի նկատմամբ կատարել է քաղաքական հայացքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչ, որպիսի գործողությունը դրսևորվել է ռուսերեն տառերով հայերեն իմաստով հետևալ գրառման մեջ՝ «ЭТ ХЕЛАРИЦ ИНЧЕК СПАСУМ ДРАН ВЗИЦ ВЕРЦНЕЛ У КАХЕЛ»»: |
Գործ թիվ ՍԴ/0117/01/25
| «Կարեն Հարությունյանը 2025թ. ապրիլի 23-ին՝ ժամը 00։12-ին, սոցիալական ցանցերում տեղեկատվություն տարածելու հնարավորություններ ընձեռնող տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով՝ «Meta Platforms» ընկերությանը պատկանող սոցիալական կայքի՝ իր վարած «Карен Арутюнян» օգտահաշվով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված հրապարակային՝ այլ օգտատերերի համար անմիջականորեն տեսանելի եղանակով, բռնություն գործադրելու հրապարակային կոչ պարունակող հրապարակում է կատարել՝ վերահրապարակելով 2024թ. ապրիլի 23-ին իր կողմից նույն օգտահաշվով կատարված «Եթե Հայաստանում հայ է մնացել, ուրեմն Ձեր նպատակը պիտի լինի գտնել բոզի տղա Նիկոլին և գնդակահարել, վերջ, էլ կապիկություններ մի արեք» գրառումը՝ այդ կերպ նաև հրապարակայնորեն քարոզել և արդարացրել է նման բռնությունը։» |
Գործ թիվ ՇԴ/0515/01/24
| «Կարապետ Լևոնի Պողոսյանը, իր քաղաքական հայացքներով պայմանավորված, բռնություն գործադրելու կոչ անելու նպատակով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, հաղորդակցական և տեղեկատվական հարթակ հանդիսացող համացանցի՝ ֆեյսբուքյան՝ «Karapet Poghosyan» վերտառությամբ անհատական հանրամատչելի համացանցային կայքէջում 2023 թվականի մայիսի 5-ին գրառում կատարելու միջոցով, արդարացնելով բռնության կոչերը և քարոզելով բռնությունը, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ ուղղակի դիտավորությամբ կատարել է բռնություն գործադրելու հրապարակային կոչ, այն է «Այո դու պետք է երազես, որ քեզ գնդակահարեն, քանզի դա քո համար պատիժ չի լինի, դա քո փրկությունը կլինի, բայց դու պետք է պատժվես […]» |
Գործ թիվ ԵԴ/1485/01/21
| «Հակոբ Թելմանի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Երևան քաղաքի Հր. Քոչար 29 հասցեում գործող Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում որպես պատմության ուսուցիչ, համաձայն չլինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ և քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված, 2021 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, 7-րդ դասարանի պատմության դասաժամին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշակերտների ներկայությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, այն է՝ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել:» |
Նման ձևակերպումներով քրեական գործերին է բաժին ընկնում 330-րդ հոդվածի կիրառման առյուծի բաժինը։ Նշված վերջին գործով Վճռաբեկ դատարանի կայացված որոշումը դարձավ նախադեպային։ Այս գործն առավել հստակ է ցույց տալիս իրավապահների և դատարանի կողմից՝ քաղաքական հայացք և վարած քաղաքականություն հասկացությունների նույնացումը․
«2021 թվականի մայիսի 21-ին, նշված դպրոցի *-րդ դասարանում, իր կողմից դասավանդվող ********** դասաժամին երեխաներից մեկն իրեն հարցեր է տվել արցախյան վերջին պատերազմի վերաբերյալ, որին ի պատասխան՝ ինքը բացատրել է տեղի ունեցած իրադարձությունները, հիշել Շուշիի և Հադրութի կորստի մասին և հուզված վիճակում այդ ամենում մեղադրել ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը: Խոսակցության ընթացքում, գտնվելով հուզական վիճակում, *.********* և նրա ընտանիքի անդամների հասցեին ուղղված արտահայտություններ է արել՝ այդ կերպ արտահայտելով իր զայրույթը պատերազմում պարտվելու կապակցությամբ: Հետագայում, արդեն ոստիկանության բաժանմունքում լսելով իր կողմից կատարված արտահայտությունները՝ հասկացել է, որ աշակերտների մոտ այդպիսի արտահայտություններ անելն անթույլատրելի էր: Ինքը հասկացել է իր սխալը և այդ պատճառով հետագայում իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:»
Հ․ Գրիգորյանի ցուցմունքը՝ մեջբերված Վճռաբեկ դատարանի
նախադեպային որոշման մեջ
Նախադեպային որոշում
Հայաստանում Վճռաբեկ դատարանի որոշումներն ունեն նախադեպային ուժ․ Վճռաբեկ դատարանն իր որոշումներով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, իսկ այլ դատարաններ չեն կարող շեղվել նրա մեկնաբանումներից՝ առանց հիմնավորման։
Վերը նշված քրեական գործով 2026թ․ ապրիլի 23-ին Վճռաբեկ դատարանն ընդունեց նախադեպային որոշում, որով, ինչպես ինքն է բնութագրել՝ «ուղենիշային դիրքորոշումներ է արտահայտել ատելության խոսքի առավել ծանր դրսևորման՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի հանցակազմի վերաբերյալ»։ Նախադեպի ամփոփագրում տրված է հետևյալ բնորոշումը․
«[…] հանրային գործունեություն իրականացնող, այդ թվում՝ պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձինք և քաղաքական գործիչները, իրենց կարգավիճակով և գործունեության առանձնահատկություններով պայմանավորված, հասարակության կողմից թեև կարող են ավելի շատ և առավել կոշտ քննադատության ենթարկվել, ինչը ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտություն է, սակայն դա չի կարող դուրս գալ խոսքի ազատության թույլատրելիության սահմաններից և վերածվել պաշտոնատար անձի, առավել ևս նրա ընտանիքի անդամների նկատմամբ որոշակի հանգամանքներով, ներառյալ՝ քաղաքական հայացքներով պայմանավորված բռնության հրահրման կամ ատելության խոսքի։»
Նախադեպը վերաբերում է Երևանի թիվ 129 դպրոցի պատմության նախկին ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի գործին։ Նա մեղադրվում էր պատմության դասաժամին Ն․ Փաշինյանի և նրա ընտանիքին ուղղված հրապարակային բռնության կոչեր անելու մեջ: Նրա խոսքերը ձայնագրվել էին և հրապարակվել Ֆեյսբուք սոցիալական ցանցում, որից հետո Հ․ Գրիգորյանն իր կամքով աշխատանքից ազատման դիմում էր գրել։ Մեղադրանքը ձևակերպվել էր այսպես․
«Հակոբ Թելմանի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Երևան քաղաքի Հր. Քոչար 29 հասցեում գործող Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում որպես պատմության ուսուցիչ, համաձայն չլինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ և քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված, 2021 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, 7-րդ դասարանի պատմության դասաժամին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշակերտների ներկայությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, այն է՝ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել:»
Այս նույն ձևակերպումը՝ «համաձայն չլինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ և քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված» առաջին ատյանի դատարանը համարել էր հիմնավորված և դրել մեղադրական դատավճռի հիմքում։
«Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ, Երևան քաղաքի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ հանդիսացած Հակոբ Թելմանի Գրիգորյանի կողմից, նրա մեղավորությամբ, հայոց պատմություն առարկայի դասաժամին իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, քաղաքական և այլ հայացքներով պայմանավորված՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է […] ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին:»
Հ․ Գրիգորյանը մեղավոր էր ճանաչվել և տուգանվել (150․000 ՀՀ դրամ), սակայն Վերաքննիչ դատարանում արդարացվել էր։ Գլխավոր դատախազի տեղակալի բողոքով գործը հասել էր Վճռաբեկ դատարան, որն իր հերթին վերացրել էր արդարացման որոշումը և ուժ տվել առաջին ատյանի վճռին՝ 330-րդ հոդվածի մասին իր ուղենիշային մեկնաբանություններով։
Ինչպե՞ս է ՀՀ Վճռաբեկ դատարանը մեկնաբանել ՀՀ ՔՕ 330-րդ հոդվածը
Վճռաբեկ դատարանը նույնպես 330-րդ հոդվածը համար էլ «ատելության խոսքի» վերաբերյալ կարգավորում․
«Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ներպետական օրենսդրության մակարդակով օրենսդրի կողմից 2020 թվականի ապրիլի 15-ի՝ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-231-Ն օրենքի ընդունմամբ հանցավոր ոտնձգություններից մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների, այդ թվում՝ անձանց կյանքի և առողջության, պաշտպանության, ինչպես նաև հանցագործությունների և «բռնության կոչերի» աճի կանխարգելման համար անհրաժեշտ երաշխիք ստեղծելու նպատակով քրեականացվեցին «ատելության խոսքի» այն ծայրահեղ դրսևորումները, որոնք օժտված են հանրային բարձր վտանգավորությամբ։»
Բացի այդ, իր հիմնավորումներում Վճռաբեկ դատարանը հղում է կատարել ատելության խոսքի վերաբերյալ մի շարք միջազգային չափանիշների, ներառյալ՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Ատելության խոսքի դեմ պայքարի մասին» թիվ CM/Rec(2022)16 հանձնարարականին։ Ի դեպ, այդ նույն Հանձնարարականին հղում կատարելով է պնդել, որ «քրեական պատասխանատվությունը, իհարկե միայն որպես վերջին միջոց, անհրաժեշտ է կիրառել ատելության խոսքի առավել ծանր դրսևորումների նկատմամբ, որոնցից է, ի թիվս այլնի, ատելություն, բռնություն կամ խտրականություն հրապարակային կերպով հրահրելը»։
Վերը ներկայացված մեղադրանքում միաժամանակ առկա է երկու խնդիր․ նախ՝ «այլ քաղաքական հայացքները» վերագրվել է խոսքի հեղինակին՝ Հ․ Գրիգորյանին։ Մինչդեռ ատելության խոսքի (ներառյալ՝ քննարկվող 330-րդ հոդվածի) իմաստով հատկանիշը պետք է վերաբերի խոսքի թիրախին, ոչ թե հեղինակին։ Երկրորդ՝ վարչապետի «վարած քաղաքականությունը», ինչպես հիմնավորվեց, պաշտպանվող հատկանիշ չէ։ Ստացվում է, որ Հ․ Գրիգորյանին մեղադրանք է ներկայացվել այնպիսի ձևակերպմամբ, որը կիրառելի չէ 330-րդ հոդվածի պարագայում։
Վճռաբեկ դատարանը ուժ տալով առաջին ատյանի դատավճռին, փաստորեն, նույնացրել էր վարչապետի «քաղաքական կամ այլ հայացքը»՝ որպես բռնության կոչերի համատեքստում պաշտպանվող հատկանիշ և նրա «վարած քաղաքականությունը»։ Ենթադրվում է, որ ցանկացած պաշտոնյա որոշակի քաղաքականություն է վարում։ Ստացվում է, որ Վճռաբեկ դատարանի այս մեկնաբանությամբ գլխիվայր շուռ է եկել պաշտոնյաների՝ առավել մեծ քննադատության ենթակա լինելու սկզբունքը և այն դարձրել պաշտպանվող հատկանիշ։ Նման մեկնաբանության պարագայում պաշտոնյային, բացառապես իր վարած քաղաքականությամբ պայմանավորված ցանկացած բռնության կոչ կամ արտահայտված ատելություն (կամ այդ կերպ մեկնաբանվող արտահայտությունները) ինքնաբերաբար կորակվեն ատելության խոսք, ինչն աբսուրդ է։
Ուրեմն նման արարքները հանցանք չե՞ն
Սույն բաժնում ներկայացված վերլուծությունները չպետք է մեկնաբանվեն որպես առաջարկ՝ մեխանիկորեն փոփոխել 330-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքները 194-րդ հոդվածի։
Կարճ պատասխանը՝ ոչ միշտ, իսկ եղած դեպքերում բոլորովին այլ, ավելի «մեղմ» հանցանք են։ Քրեական օրենսգրքում կա հատուկ հանցակազմ՝ հոգեկան ներգործությունը, որը նաև ուղղված է քաղաքական գործունեությամբ պայմանավորված իրական սպառնալիքներից անձի, ներառյալ՝ պաշտոնյայի պաշտպանությանը։ Ստորև ներկայացված է հոգեկան ներգործության և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի հիմնական հանցակազմերի համեմատությունը․
| Հոգեկան ներգործություն (հոդված 194) | Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը […] (հոդված 330) |
| Սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշտանգման, սեռական ազատության կամ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանք կատարելու, առևանգելու, ազատությունից ապօրինի զրկելու կամ խոշոր կամ առանձնապես խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, ինչպես նաև սոցիալական մեկուսացումը կամ պարբերաբար պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելը: | Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 136-րդ, 151-րդ 313-րդ, 328-րդ, 329-րդ կամ 422-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները: |
Ինչպես տեսնում ենք, ի տարբերություն 330-րդ հոդվածի՝ հոգեկան ներգործության պարագայում պաշտպանվող հատկանիշների առկայությունը հիմնական հանցակազմի անհրաժեշտ տարր չէ։ Այսինքն 194-րդ հոդվածով հանցանքի թիրախում կարող է լինել անհատը՝ անկախ նրանից, թե ով է։ Իսկ պաշտոնյայի վարած քաղաքականությամբ կամ որևէ անձի քաղաքական հայացքներով պայմանավորված իրական սպառնալիքները տվյալ հանցակազմի ծանրացնող հանգամանքներ են, ընդ որում՝ իրարից տարբեր։
| Հոգեկան ներգործություն՝ հիմնական հանցանքը
(հոդված 194, մաս 1) |
Սպանության, առողջությանը վնաս պատճառելու [․․․] սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել [․․․] |
| Ծանրացնող հանգամանք (հոդված 194, 2-րդ մաս, 1-ին կետ) |
[․․․] կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ։ |
| Ծանրացնող հանգամանք (հոդված 194, 2-րդ մաս, 8-րդ կետ) |
ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով |
Այս հանցակազմի ծանրացնող հանգամանքներից ավելի հստակ է ուրվագծվում այն, որ քաղաքական գործունեությունը (վարած քաղաքականությունը) և քաղաքական հայացքը քրեաիրավական առումով տարբեր են։ Ընդ որում՝ նշված ծանրացնող հանգամանքները կլանվող կամ իրար բացառող չեն․ որոշակի իրավիճակում հոգեկան ներգործությունը կարող է պայմանավորված լինել և՛ անձի վարած քաղաքականությամբ, և՛ քաղաքական հայացքներով, իսկ արարքը կորակվի երկու ծանրացնող հանգամանքներով միաժամանակ։
Առաջին ծանրացնող հանգամանքի դեպքում իրական սպառնալիքը պետք է պայմանավորված լինի պաշտոնյայի քաղաքական գործունեության հետ։ Օրինակ՝ նախարարը հրաման է ստորագրել, որով աշխատանքից հեռացրել է որոշ մարդկանց։ Նրանք, համաձայն չլինելով որոշման հետ, հատում են թույլատրելի քննադատության շեմը և նախարարին ուղղում սպառնալիքներ՝ պայմանավորված իրենց պաշտոնից ազատելու հանգամանքով։ Եթե սպառնալիքն իրական է՝ գործ ունենք հոգեկան ներգործություն հանցանքի հետ։ Միաժամանակ, եթե նախարարը ազգային փոքրամասնության ներկայացուցիչ է և սպառնալիքը պայմանվորված է նաև նրա էթնիկ ծագումով՝ հանցանքին գումարվում է նաև այդ ծանրացնող հանգամանքը և այն դառնում է ատելության հանցանք։
Կարևոր է ընդգծել, որ 330-րդ հոդվածի՝ բռնության հրապարակային կոչերի պարագայում սպառնալիքի իրական լինելը նախապայման չէ։ Պատճառն այն է, որ ատելության խոսքը թիրախավորվում է որոշակի պաշտպանվող հատկանիշով ընդհանրացվող, խոցելի մարդկանց ողջ խմբին, հետևաբար՝ վտանգավորությունն արդեն իսկ բարձր է։
Ի տարբերություն հաճախ կիրառվող 330-րդ հոդվածի 2-րդ մասի՝ հոգեկան ներգործությունը ոչ մեծ ծանրության հանցանք է։ Սա նաև նշանակում է, որ ցանկացած դատվածություն չունեցող անձ, եթե հետապնդվի այս մեղադրանքով, չի կարող դատապարտվել ազատազրկման, հետևաբար՝ չի կարող կալանավորվել նախաքննության ժամանակ։ Պատասխանատվություն, այնուամենայնիվ, լինելու է՝ տուգանքի կամ ազատության սահմանափակման միջոցով։ Նման արարք կրկնելու դեպքում կարող է ազատազրկվել, սակայն առավելագույնը երկու ամսով։
Կրկին անհրաժեշտ է շեշտել՝ հանցանքը առկա է, եթե առկա է սպանության կամ այլ էական վնասի սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ։ Ակնհայտ է, որ վտանգի ռիսկը տարբեր է կախված սպառնալիքի հեղինակի հնարավորություններից և թիրախի պաշտպանությունից։
Քանի որ բազմաթիվ ավարտված և ընթացիկ վարույթների դեպքում «սպառնալիքների» թիրախում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, հետևաբար՝ դրանց «իրական լինելը» պետք է գնահատվի վարչապետի անվտանգության տեսակետից։ Այսպես՝ ՀՀ վարչապետը այն երեք պաշտոնյաներից է (ՀՀ նախագահի և ԱԺ նախագահի հետ համատեղ), որոնց օրենքի ուժով տրամադրվում է մշտական պետական պահպանություն։ Այն ներառում է վարչապետի հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին:
ԱՐԹՈՒՐ ՕՍԻՊՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԵՎ ԿԱՄԱՅԱԿԱՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ՝ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Ինչպես նշվեց՝ ՔՕ 330-րդ հոդվածի խեղաթյուրված մեկնաբանությամբ հետապնդվել և հետապնդվում են բազմաթիվ քաղաքացիներ։ Վերջին դեպքերից մեկը տեղի էր ունեցել ՀՀ Ազգային ժողովի 2026թ․ ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում։ Մայիսի 18-ին արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը մոտեցել էր քարոզարշավ իրականացնող Ն․ Փաշինյանին և, վերջինիս համաձայնությամբ, մի շարք հարցեր ուղղել և քննադատել։ Հարցերը վերաբերում էին Արցախյան հարցի բանակցային գործընթացին, որը դադարեցվել էր Փաշինյանի վարչապետության օրոք, ինչպես նաև մինչև 2023թ․ Արցախի ողջ բնակչության բռնի տեղահանմանը նախորդող շրջանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին։ Խոսակցության որոշակի փուլում Փաշինյանի թիկնապահներն ու աջակիցները ուժով հեռացրել էին Օսիպյանին, իսկ Փաշինյանը նրա հասցեին վիրավորական արտահայտություններ էր արել։
(Ա․ Օսիպյանի և Ն․ Փաշինյանի խոսակցության ողջ սղագրությունը հասանելի է Հավելվածում)
Օսիպյանին ներկայացվել էր մեղադրանք 3 տարբեր հոդվածներով, իսկ մայիսի 21-ին նրան կալանավորել էին։ ՀՀ քննչական կոմիտեն Փաշինյանին հարցեր տալը մեկնաբանել էր որպես նախընտրական քարոզչության բնականոն ընթացքի խոչընդոտում։
Քարոզչություն կատարելուն խոչընդոտելը (հոդված 211)
«Բացի այդ, Ա.Օ.-ն, տեղեկանալով ՀՀ վարչապետի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այլ անդամների կողմից 2026 թվականի մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում իրականացվելիք նախընտրական քարոզչության մասին, վերջիններիս նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելու նպատակով՝ Ֆեյսբուքի իր անձնական օգտահաշվում հրապարակում կատարելուց հետո ժամանել է Արաբկիր վարչական շրջանի Վրացական 7 շենքի բակ և օգտագործելով քարոզչության հրապարակային բնույթը, տեղում հավաքված մեծաթիվ քաղաքացիների առկայությունը՝ խոչընդոտել է նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը:»
Ամբողջ միջադեպն արձանագրված է տեսանյութերում, որոնցում պարզ երևում է, թե ինչպես է Փաշինյանը համաձայնում Օսիպյանի հարցերին պատասխանել։ Բանավեճն ավարտվել էր նույնպես Փաշինյանի նախաձեռնությամբ՝ վերջինիս թիկնապահներն ու աջակիցները ուժով հեռացրել էին Օսիպյանին։ Նման իրավիճակում նախընտրական քարոզչության բնականոն ընթացքի խոչընդոտման մեղադրանքը զուրկ է ցանկացած փաստական և իրավական հիմքից։
Խուլիգանության մեղադրանքը (հոդված 297)
Ներկայացված մյուս մեղադրանքը խուլիգանությունն է։
«Այնուհետև, Ա.Օ.-ն հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունք, այն է՝ հնչեցրել է հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ՝ անտեսելով հավաքվածների կողմից համակեցության կանոնները հարգելու և պահպանելու հորդորները, խաթարել է հասարակական կարգը:»
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը նախկինում մանրամասն անդրադարձել է «խուլիգանության» հանցակազմին, դրա կիրառման խնդիրներին եւ չարաշահումներին։ Այն ենթադրում է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորում։ Եթե նման վերաբերմունքը բացակայում է, ապա արարքն ինքնին չի կարող որակվել որպես խուլիգանություն:
Ա․ Օսիպյանը քարոզարշավի վայր էր ժամանել գործող վարչապետին (միաժամանակ՝ վարչապետի թեկնածուին) հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ հարցեր տալու նպատակով, ինչը հոժարակամ ընդունվել էր վերջինիս կողմից։ Ավելին՝ Արցախյան հարցի, առավել ևս ինքնորոշման իրավունքի համատեքստում հարցեր տալը մի քաղաքական ուժի թեկնածուի, որն այն համարում է փակված և արգելում դրա մասին խոսելը ավելի քան տրամաբանական է, երբ նույն քաղաքական ուժը 2021թ. ընտրությունների նախընտրական ծրագրում «արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը» ներկայացրել էր որպես արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից մեկը։ Նման իրավիճակում վարչապետի (թեկնածուի) դիրքորոշման հստակեցման շուրջ հարցերն ամբողջությամբ իրավաչափ և հիմնավոր են։ Բացի այդ՝ Ա․ Օսիպյանը ողջ բանավեճի ընթացքում Փաշինյանին դիմել է հարգալից, մինչդեռ նույնը հնարավոր չէ պնդել վերջինիս պարագայում։ Հետևաբար՝ «խուլիգանական դրդումների» որևէ հիմնավորում առկա չէ։ Ավելին՝ Ա․ Օսիպյանի և Ն․ Փաշինյանի խոսակցությունն ավարտվում է այն պահին, երբ վերջինիս թիկնապահներն ու աջակիցները քաշքշելով հեռացնում են Օսիպյանին, իսկ Փաշինյանը վիրավորում է նրան։ Եթե տվյալ միջադեպում առկա է որևէ հակաիրավական արարք, ապա բացառապես Փաշինյանի կամ նրա աջակիցների գործողություններում։
Բռնության հրապարակային կոչերը (հոդված 330)
Փաստորեն, մնում է քննարկել 330-րդ հոդվածով ներկայացված մեղադրանքը։ Ըստ Քննչական կոմիտեի՝ մեղադրանքի հիմքը Ֆեյսբուք սոցիալական ցանցում Ա․ Օսիպյանի մարտի 22-ի գրառումն էր․
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Օ.-ն 2026 թվականի մարտի 22-ին տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ Ֆեյսբուքի իր օգտահաշվի միջոցով, քաղաքական հայացքներով պայմանավորված շարժառիթով, կատարել է հրապարակային գրառումներ՝ այդ կերպ ՀՀ վարչապետի հասցեին ուղղակի դիտավորությամբ հնչեցնելով բռնություն գործադրելու հրապարակային կոչեր:»
Նշենք, որ միջադեպից հետո Օսիպյանի ֆեյսբուքյան էջն անհետացել էր։ Դրանից մոտ երկու շաբաթ անց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակեց Օսիպյանի երկու ֆեյսբուքյան գրառում։ Իսկ Փաշինյանի ընտանիքին պատկանող Հայկական Ժամանակ թերթը վերահրապարակեց Ալեն Սիմոնյանի գրառումը՝ հավելելով, որ այդ գրառումներն են վերջինիս կալանավորման պատճառը։
Ա․ Սիմոնյանի հրապարակած և Հայկական Ժամանակի վերահրապարակած՝ Ա․ Օսիպյանին վերագրվող գրառումները:
Հաշվի առնելով սույն զեկույցում ներկայացված վերլուծությունները՝ Օսիպյանին վերագրված գրառումներում առկա չէ 330-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ պաշտպանվող հատկանիշը՝ թիրախի քաղաքական հայացքներով պայմանավորված լինելը, հետևաբար՝ առկա չէ ատելության խոսք։ Նրա ձևակերպումներից պարզ է, որ կոշտ խոսքերի և քննադատության պատճառն իր ընկալմամբ Փաշինյանի վարած քաղաքականությունն է և արված հայտարարությունները։ Անհրաժեշտ է նաև քննարկել 194-րդ հոդվածի կիրառելիության հարցը։ Այն արտահայտությունները, որոնք կարող են մեկնաբանվել որպես սպառնալիք, հետևյալն են․
| «մի օր դրան բռնցնենք, կարևոր հարցերը դեմ տանք ու այնպես հերը անիծենք, որ լեզուն մտցնի հետույքը և այլևս այնտեղից չհանի։ Եղածը մի բան չի, ընդամենը մի փսլնքոտի բերանը փակելու հարց է»։ |
Այս արտահայտության լեզվական ձևակերպումներից պարզ է, որ «սպառնալիքը» կիրառված է փոխաբերական իմաստով։ Կոշտ ձևակերպումները բխում են «կարևոր հարցերը» տալու նպատակից և չափազանցված են։ Նման խոսքը քրեականացված չէ։
Երկրորդ արտահայտության մեջ կիրառվող խնդրահարույց արտահայտությունը հետևյալն է․
| «Նիկոլ քեզ կդնեմ համապատասխան դիրքում ու այնպես կհարդուկեմ, ողնաշարդ կջարդեմ, անասուն» |
Այս (նաև՝ նախորդ) արտահայտության պարագայում էլ բացակայում է բռնության կամ վնասելու սպառնալիքի իրական լինելը, որն անհրաժեշտ է 194-րդ հոդվածի իմաստով մեղադրանք ներկայացնելու համար։ Նախ՝ Օսիպյանի կողմից սոցիալական ցանցում գրառումը երկու ամսվա վաղեմության էր, իսկ քննարկվող միջադեպի ընթացքում վերջինս շուրջ 10 րոպե գտնվել է Փաշինյանին դեմ հանդիման։ Բռնության կիրառման որևէ փորձ չի եղել ո՛չ անցած ժամանակահատվածում, ո՛չ այն ժամանակ, երբ Փաշինյանը ֆիզիկապես հասանելի էր Օսիպյանին։ Այսինքն՝ Օսիպյանը ֆիզիկական բռնության նպատակ չի ունեցել։ Ավելին, ինչպես նշվեց՝ Փաշինյանը Հայաստանում առավել պաշտպանված անձանցից է, որն օգտվում է մշտական պետական պահպանությունից։ Հետևաբար՝ Օսիպյանի գրառումներն անգամ որպես սպառնալիք մեկնաբանելու պարագայում բացակայում է քրեական պատասխանատվության համար անհրաժեշտ տարրը՝ դրանց իրական լինելը:
Ստացվում է, որ Օսիպյանի դեմ քրեական հետապնդման, առավել ևս՝ ազատազրկման իրավական որևէ հիմք չկա։ Նա հետապնդվում է քաղաքական դրդապատճառներով՝ Փաշինյանին ուղղված քննադատության և կոշտ խոսքերի համար, որի արդյունքում ենթարկվել է կամայական կալանավորման։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում քրեականացված ատելության խոսքի հոդվածների (329-րդ և 330-րդ) կիրառման գործելաոճը ոչ իրավաչափ է։ Հոդվածների պաշտպանվող հատկանիշները մեկնաբանվում են՝ կոպտորեն հակասելով ատելության խոսքի վերաբերյալ միջազգային չափանիշներին, ներառյալ ԵԽ նախարարների կոմիտեի մշակած «Ատելության խոսքի դեմ պայքարի մասին» թիվ CM/Rec(2022)16 հանձնարարականը։ Մյուս կողմից՝ իրական պաշտպանվող հատկանիշները, որոնք անձի ինքնության կարևոր մասն են, գրեթե չեն վկայակոչվում քրեական գործերում։
Վարույթների ճնշող մեծամասնությունում կոչերը կամ խոսքը պայմանավորված են պաշտոնյաների վարած քաղաքականությամբ, ինչը խեղաթյուրված նույնացվում է քաղաքական հայացք պաշտպանվող հատկանիշին։ Դրա հետևանքով պետական պաշտոնյաներին ուղղված թույլատրելի քննադատության շեմը (որը պետք է ավելի բարձր լիներ այլ քաղաքացիների համեմատ) արհեստականորեն իջեցվում է՝ դառնալով կոշտ քննադատությունից պաշտպանվելու ոչ իրավաչափ գործիք։
Հաշվի առնելով, որ 2026թ․ ապրիլի 23-ին ՀՀ վճռաբեկ դատարանը ուղենիշային դիրքորոշմամբ հաստատել է և նախադեպային իրավական ուժ տվել նման մեկնաբանությանը, գտնում ենք, որ ՀՀ ՔՕ 329-րդ և 330-րդ հոդվածների այսպիսի կիրառումն այլևս արտահայտման ազատության և անձնական ազատության իրավունքների ոչ իրավաչափ սահմանափակման համակարգային խնդիր է։
Հետևաբար՝ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը նշված հոդվածների կիրառմամբ և «քաղաքական հայացքներ» պաշտպանվող հատկանիշի նման մեկնաբանությամբ ներկայացվող մեղադրանքները գնահատելու է՝ որպես քաղաքական հետապնդում։
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը կոչ է անում պատկան մարմիններին.
- Անհապաղ ազատ արձակել Արթուր Օսիպյանին, ինչպես նաև բոլոր այն անձանց, ովքեր անազատության մեջ են ՀՀ ՔՕ 329-րդ կամ 330-րդ հոդվածների մեղադրանքով՝ պայմանավորված խոսքի թիրախում գտնվող անձանց «քաղաքական հայացքներ» պաշտպանվող հատկանիշի մեկնաբանությամբ։
- Դադարեցնել որպես «պաշտպանվող հատկանիշ» քաղաքական հայացքների գործող մեկնաբանությամբ ՀՀ ՔՕ 329-րդ և 330-րդ հոդվածների կիրառությունը։ Օրենքի այդ մասով դիմել միջազգային փորձագիտական մարմիններին (Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողով, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կամ Վենետիկի հանձնաժողով)՝ օրենսդրական ձևակերպումը և դատական պրակտիկան ատելության խոսքի չափանիշներին համապատասխանելու հարցի մասին կարծիք ստանալու նպատակով։
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը նաև կոչ է անում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող միջազգային կազմակերպություններին, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը, նրանց մասնագիտացված գրասենյակներին և համապատասխան պաշտոնատար անձանց, ինչպես նաև ՀՀ-ում և այլ երկրներում գործող իրավապաշտպան կազմակերպություններին.
- Մանրամասն ուսումնասիրել սույն զեկույցում ներկայացված, ինչպես նաև հանրամատչելի այլ աղբյուրները՝ ՀՀ ՔՕ 329-րդ կամ 330-րդ հոդվածների կիրառման գործելաոճը վերհանելու նպատակով։
- Հայտնել հստակ, հրապարակային դիրքորոշում՝ ատելության խոսքի վերաբերյալ քրեական հոդվածների կիրառման պրակտիկայի վերաբերյալ։
- Ուշադրության կենտրոնում պահել ՀՀ-ում քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ իրականացվող քրեական վարույթները, հետապնդումները, ներառյալ՝ արտահայտման ազատության սահմանափակումների համատեքստում։
ՀԱՎԵԼՎԱԾ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ՕՍԻՊՅԱՆԻ ԽՈՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սղագրությունը կատարված է հետևյալ տեսանյութից՝ https://www.youtube.com/watch?v=28nW0U4Bfew
| Օսիպյան. | Պարո՛ն Փաշինյան։ |
| Փաշինյան. | Հա ջան։ |
| Օսիպյան. | Բարև ձեզ |
| Փաշինյան. | Բարև ձեզ |
| Օսիպյան. | Չէ, ձեռով չենք բարևում, մենք ուղիղ եթերի տակ ենք հուսամ։ Մի քիչ առաջ ասել էիք, որ գալիս եք, հարցեր եք տալիս, լավ եք անում՝ եկեք բաց, փոխադարձ պատասխաններ լսեք․․․ այ դրա համար եմ ստե, մի քանի հարց ունեմ տալու։ |
| Փաշինյան. | Հաճույքով |
| Օսիպյան. | Կարող ե՞մ տալ, փոխադարձ պատասխանը լսել։ |
| Փաշինյան. | Մի հատ․․․ (ցանկանում է այլ անձի փոխանցել ձեռքում գտնվող բարձրախոսը)։ Այսինքն չի խանգարում, լսում եմ։ Պահե՛ք։ |
| Օսիպյան. | Հարցերը մի քանիսն են, բոլորն էլ կարևոր, բայց ես ամենա․․․ |
| Փաշինյան. | Ես խնդրում եմ, քանի որ ժամանակը․․․ չէ, չէ, երեք հիմնականը տվեք․․․ |
| Օսիպյան. | Համար առաջին հարց՝ ասում էիք Ղարաբաղի հարցը, ինքը կանխորոշված էր, որ լուծվելու էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության․․․ |
| Փաշինյան. | Այո։ |
| Օսիպյան. | Եվ կառավարության նիստում փաստաթղթեր էիք հրապարակել․․․ |
| Փաշինյան. | Այո։ |
| Օսիպյան. | Իմիջիայլոց բանի, մարտի 24-ին 92 թվի ԵԱՀԿ-ի փաստաթուղթը չեք հրապարակել, բայց դա թողենք մի կողմ։ Բա էդ փաստաթղթերում կարող ե՞ք մի հատ տող նշել․․․ |
| Փաշինյան. | Այո։ |
| Օսիպյան. | Որ ըստ էդ տողի արդեն կողմնորոշ․․․կանխորոշված էր, որ Արցախի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ ա լինելու։ |
| Փաշինյան. | Չեք պատկերացնի ինչքան շնորհակալ եմ էդ հարցի համար։ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթնաժողովում ասվել ա, որ Ղարաբաղի հարցը պետք ա լուծվի ինքնորոշ․․․Ղարաբաղի հարցը պետք ա լուծվի ինքնորոշման սկզբունքի հիման վրա՝ Լեռնային Ղարաբաղին շնորհելով ինքնակառավարման կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Էդ նախադասությունից հետո չի եղել ոչ մի ուրիշ տարբերակ՝ Ղարաբաղի հարցը այլ կերպ լուծելու․․․մեր․․․ |
| Օսիպյան. | Թույլ ե՞ք տալիս, ես իմս ասեմ էլի։ Որովհետև էդ Լիսաբոնի բանը որ էղել ա, մեր կողմից վետո ա դրվել էդ որոշման վրա․․․ |
| Փաշինյան. | Այո։ |
| Օսիպյան. | Բայց էն փաստաթղթերը որը որ դուք հրապարակել եք․․․ |
| Փաշինյան. | Դե ես էլ ասեմ․․․ |
| Օսիպյան. | Մի վայրկյան կներեք էլի, ավարտեմ։ Նույնիսկ 19 թվի՝ ձեր օրոք, որ էդ փաստաթուղթը դրած էր սեղանին, ընտեղ նման տող չկար։ Բացի դրանից, գրված էր, որ կարգավիճակը պետք ա հանրաքվեի միջոցով որոշվի, ընդ որում՝ հանրաքվեի վրա որևէ սահմանափակում չկա, ընդհուպ մինչև բարձրագույն սուվերենության պահանջը կարային դնեին։ Ու նույն ձևի գրած ա, որ եթե դաժը (ռուս․՝ նույնիսկ) դա հետո արվի, բնակչությունների քանակությունը՝ տոկոսային հարաբերությամբ․․․ |
| Փաշինյան. | Շատ լավ եղբայր, շատ լավ․․․ |
| Օսիպյան. | ․․․70 քանիսը 20 քանիսի վրա, պետք ա արվեր։ Հիմա դուք․․․ |
| Փաշինյան. | Ես դրան տասնյակ անգամ անդրադարձել եմ․․․ |
| Օսիպյան. | Ե՞վ․․․ |
| Փաշինյան. | Թող ըլներ․․․ |
| Օսիպյան. | Մի չէ, մի վայրկյան․․․ |
| Փաշինյան. | Թող ըլներ, թող ըլներ; Մինչև 2018 թվական․․․ |
| Օսիպյան. | Բերեք ֆիքսենք մի հատ բան, էլի։ Որ 19 թվականի դրությամբ այն փաստաթուղթը, որը որ էղել ա սեղանին, ընդեղ որևիցե տող չկար գրած, որ Արցախի հարցը պետք է լուծվեր Ադրբեջանի․․․ |
| Փաշինյան. | Ընտեղ․․․ընտեղ հստակ գրած ա, որ Արցախի հարցը չի կարա լուծվի այլ կերպ, քան Ադրբեջանի տարածքային ամբողջականություն․․․ |
| Օսիպյան. | Մի վայրկյան էլի, բերեք սա ֆիքսենք էլի, էս մասը․․․ |
| Փաշինյան. | Չէ, չէ, չէ, չէ․․․ձեր ազգանունը ի՞նչ ա։ |
| Օսիպյան. | Ես Արթուրն եմ Օսիպյան։ |
| Փաշինյան. | Պարո՛ն Օսիպյան․․․ |
| Օսիպյան. | Հա․․․ |
| Փաշինյան. | Ուրեմն ես էդ թեմայով Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին․․․ |
| Օսիպյան. | Մի վայրկյան․․․ |
| Փաշինյան. | Լսե՛ք․․․ |
| Օսիպյան. | Դուք ինձ բան եք ասել, ասել եք՝ բան կա գրած։ Ես խնդրում եմ՝ հնարավորության դեպքում կնշեք էլի էդ 19 թվի վրա որտեղ կա նշած որ Ղարաբաղը պետք ա․․․ |
| Փաշինյան. | Ուրեմն տեսեք․․․ |
| Օսիպյան. | Հա, սա ֆիքսենք, որ էս հարցին պատասխանը ես չընդունեցի, որովետև ես ուշադիր ընթերցել եմ, նման բան չկա։ |
| Փաշինյան. | Լսեք, լսեք։ Ուրեմն՝ էդ փաթեթի վերաբերյալ ես Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին, իրեքին հրավիրել եմ բանավեճի։ Իրեքին հրավիրել եմ բանավեճի և էդ բանավեճը եղել ա էս նույն թեմայի մասին։ Ասել եմ․․․ |
| Օսիպյան. | Եկել ե՞ն բանավեճի։ |
| Փաշինյան. | Չէ, չեն եկել։ Գիտե՞ք ինչի չեն եկել․․․ |
| Օսիպյան. | Դե կեղտում խրված են, խրված են՝ չեն եկել։ Ինձ մի խառնեք՝ Քոչարյան, Սերժ․․․ |
| Փաշինյան. | Կեղտը կա[պ]… Եղբայր, մի րոպե․․․ |
| Օսիպյան. | Ես ոչ Քոչարյան եմ, ոչ Սերժ եմ․․․ |
| Փաշինյան. | Եղբայր, եղբայր․․․ |
| Օսիպյան. | Երբ որ մենք Ղարաբաղ․․․հետո սա երկրորդ հարցն ա էլի, սա բերեք թողենք էլի՞։ Կնշեք՝ եթե կա նման բան՝ նշեք, որ Արցախցիներն էլ իմանան, որ ըստ փաստաթղթի կա ֆիքսած, որ դուք պալյուբոմու (ռուս․՝ ցանկացած պարագայում) պետք ա մնայիք Ադրբեջանի կազմում։ |
| Փաշինյան. | Ուրիշ տարբերակ չկար․․․ |
| Օսիպյան. | Չէ, մի վայրկյան, ես հարց եմ տալի է, դա ձեր․․․ասում եմ՝ ըստ փաստաթղթի․․․ |
| Փաշինյան. | Այո՛․․․այո, կարում եմ նշեմ․․․ |
| Օսիպյան. | Ես խնդրում եմ էլի, կնշե՞ք էդ․․․ |
| Փաշինյան. | Հրապարակված են բոլոր փաստաթղթերը․․․ |
| Օսիպյան. | Ես էդ բոլոր փաստաթղթերը հատ-հատ ընթերցել: |
| Փաշինյան. | Ես էդ թեմայով․․․ճիշտ․․․ճիշտ չեք ընթերցել․․․ |
| Օսիպյան. | Մի վայրկյան, մի վայրկյան։ |
| Փաշինյան. | Լսե՛ք, ես տասնյակ ելույթներ եմ ունեցել էդ թեմայով․․․ |
| Օսիպյան. | Ես լսել եմ, է՞, սաղ ելույթները։ |
| Փաշինյան. | Հարցազրույցներ եմ ունեցել էդ թեմայով, խոսել եմ․․․փաստաթղթերը․․․ |
| Օսիպյան. | Հարցի պատասխան չկա․․․ |
| Փաշինյան. | Կա․․․ |
| Օսիպյան. | Հարցի պատասխան չկա․․․ |
| Փաշինյան. | Կներեք․․․ |
| Օսիպյան. | Կա․․․կա 92 թվի ընդունված բանաձևը ԵԱՀԿ-ի․․․ |
| Փաշինյան. | Եղբայր, էդ ամեն ինչը մանիպուլացիա ա․․․ |
| Օսիպյան. | Չէ լավ, մանիպուլացիան ոչ մեկ․․․ |
| Փաշինյան. | Էդ ամեն ինչը մանիպուլացիա ա․․․ |
| Օսիպյան. | Մի վայրկյան, ասում եք փաստում կա՞․․․ |
| Փաշինյան. | Ես ձեզ ասում եմ՝ Ղարաբաղի էղել ա թակարդ, որպեսզի Հայաստանին էդ թակարդում պահեն․․․ |
| Օսիպյան. | Գիտե՞ք, արդեն երկարում ա, է՞, զրույցը․․․ |
| Փաշինյան. | Եվ ես․․․և ես հպարտ եմ, որ Հայաստանին էդ թակարդից հանել եմ։ |
| Օսիպյան. | Չէ մի վայրկյան, դուք էդ եք ասել, որ մեզ պարանը գցել են։ Բա էդ որ բանի՝ միջանցքի բան եք արել, հարց եք իբր թե լուծել․․․ |
| Փաշինյան. | Ի՞նչ։ |
| Օսիպյան. | Միջանցքի չասենք՝ մայրուղի ասենք․․․ |
| Փաշինյան. | Հա, ի՞նչ․․․ |
| Օսիպյան. | Էլի չեք գնացե՞լ Ամերիկայից բան՝ երաշխիքներ գտել, որ կրակոցներ եք կանգնեցրել․․․ |
| Փաշինյան. | Մենք․․․ |
| Օսիպյան. | Ինչ հարց էլ լինի, պարո՛ն Փաշինյան․․․ |
| Փաշինյան. | Լսեք, լսեք․․․ |
| Օսիպյան. | Մի վայրկյան, էլի՞։ Ինչ հարց էլ ըլնի, կողից անպայման մեկը փորձելու ա դրանով, ինքը՝ իրա շահեր, խառնվի ու իրա շահերը․․․ |
| Փաշինյան. | Այո, այո․․․ |
| Օսիպյան. | Մենք էլ պետք ա մերը անենք․․․ |
| Փաշինյան. | Այո․․․ |
| Օսիպյան. | Էդ չի նշանակում, որ եթե ընդեղ Ռուսաստանն ա․․․մեր շահերը․․․ |
| Փաշինյան. | Մերը ո՞րն ա․․․ |
| Օսիպյան. | Մերը շահերը՞։ |
| Փաշինյան. | Մերը ո՞րն ա․․․ |
| Օսիպյան. | Մերը գրած ա Հայաստանի Հանրապետության Հռչակագրում, որով որ դուք անվանել եք․․․ |
| Փաշինյան. | Ես չեմ ընդունում․․․ |
| Օսիպյան. | Գիտեմ, պետության առաջ․․․ |
| Փաշինյան. | Ես չեմ ընդունում Հռչակագիրը։ Դա կոնֆլիկտի, հակապետական Հռչակագիր ա․․․ |
| Օսիպյան. | Մի վայրկյան էլի, դա կարծիք ա։ |
| Փաշինյան. | Ես չեմ ընդունում․․․ |
| Օսիպյան. | Մի վայրկյան, բայց մի հատ հարց էլ տամ, կարևոր հարց․․․ |
| Փաշինյան. | Այո։ |
| Օսիպյան. | Շատ եք ասում, էլի՞, փողով․․․ փող ենք տվել ղարաբաղցիներին․․․ |
| Փաշինյան. | Բա ի՞նչ ենք արել․․․ |
| Օսիպյան. | Էդ եմ ասում էլի, ու՞մ եք տվել․․․ |
| Փաշինյան. | Բոլորին։ |
| Օսիպյան. | Ուրեմն․․․ բան՝ քննչականում միլիա․․․ տասնյակ միլիարդների փոխանցումներ կա՝ ձեր օրոք, որը որ գնացել ա կոնկրետ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի և իրա շր․․․ սա փաստաթղթավորված ա, սա օդում զրույցներ չեմ անում․․․ |
| Փաշինյան. | Ես չեմ կարա բացառեմ․․․ |
| Օսիպյան. | Ու չեմ հասել ստե, որպեսզի ինչ-որ պր․․․ |
| Փաշինյան. | Ես չեմ կարա բացառեմ, տեսե՞ք, ասում եմ, հանգիստ ասում եմ․․․ |
| Օսիպյան. | Եդ եմ ասում, որ երբ որ մենք Արցախում պայքարում էինք կլանի դեմ, դուք էդ կլանին միլիարդներով սնում էիք։ |
| Փաշինյան. | Մենք ժողովրդին ենք միլիարդներ տվել։ |
| Օսիպյան. | Մի վայրկյան, էդ դուք Արայիկի՞ն չեք տվել․․․դուք Արցախը․․․ |
| Փաշինյան. | Բա ու՞մ տայի․․․ |
| Օսիպյան. | Մի վայրկյան․․․ |
| Փաշինյան. | Բա ես չէի կարա ձեզ փոխանցեի․․․ |
| Օսիպյան. | Էդ որ տվել եք, էդ տասնյակ միլիարդները որ տվել եք․․․ |
| Փաշինյան. | Բա ես չէի կարա ձեզ փոխանցեի․․․ |
| Օսիպյան. | Թողեք ավարտեմ էլի, խնդրում եմ, էլի։ |
| Փաշինյան. | Ես չէի կարա ձեզ փոխանցեի, չէ՞։ |
| Օսիպյան. | Հա բայց հարց եմ տալի՝ որ փոխանցել եք, տասնյակ միլիարդներ․․․ ախր սկսել եմ էլի, ավարտեմ․․․ |
| Փաշինյան. | Այո։ |
| Օսիպյան. | Էդ չե՞ք հետևել, էդ փողերը ուր ա․․․ |
| Փաշինյան. | Հետևել ենք․․․ |
| Օսիպյան. | Բա էն ա՝ էդ փողերը գնացել ա, սաղ կլանի ջեբերը (գրպանները) նստել ու էդ կլանի դեմ որ մենք պայքարում էինք ընդեղ, դուք էդ կլանին միլիարդներով սնել եք ու ասում եք՝ փողը ուղարկել եմ ժողովրդին։ Ժողովուրդին չեք ուղարկել։ Եկել եք Ղարաբաղ, համագործակցել կոռուպցիայի հետ՝ Արայիկին իշխանության բերելով․․․ստեղ՝ առանց զրույցի, էլի՞․․․ |
| Փաշինյան. | Ինչո՞վ եմ ես իշխանության բերել․․․ |
| Օսիպյան. | Որտև․․․Արայիկի՞ն, դուք չեք աջակցե՞լ։ |
| Փաշինյան. | Աջակցել եմ․․․ |
| Օսիպյան. | Մի վայրկյան․․․դե բա․․․ |
| Փաշինյան. | Աջակցել եմ, բայց․․․ |
| Օսիպյան. | Դուրս եք էկել ասել․․․ |
| Փաշինյան. | Ղարաբաղի ժողովուրդը պետք ա ընտրեր։ |
| Օսիպյան. | Մի վայրկյան․․․ ու Արայիկին փող [չի հասկացվում] |
| Փաշինյան. | Բա ու՞մ աջակցեի․․․ |
| Օսիպյան. | Չխառնվեիք, ուղղակի եթե չխառնվեիք․․․ |
| Փաշինյան. | Ի՞նչ եմ արել, որ խառնվել եմ․․․ |
| Օսիպյան. | Ո՞նց չեք խառնվել․․․ |
| Փաշինյան. | Ինչո՞վ եմ խառնվել․․․ |
| Օսիպյան. | Ասեմ ինչով եք խառնվել․․․ |
| Փաշինյան. | Ասե՛ք․․․ |
| Օսիպյան. | Եկել եք Ղարաբաղ՝ 18 թվին․․․ |
| Փաշինյան. | Հա․․․ |
| Օսիպյան. | Էն ժամանակ ընտեղ մարդիկ արդեն ճանապարհներ էին փակել ու հրաժարական․․․ |
| Փաշինյան. | Հա․․ |
| Օսիպյան. | Եկել եք ասել՝ Բակո Սահակյանը պետք ա մնա․․․ |
| Փաշինյան. | Հա․․ |
| Օսիպյան. | Էդ մի հատ տենց եք глушить (ռուս․՝ խլացնել) արել։ ընտրությունների ժամանակ, երբ որ մենք պայքարում էինք էդ թալանչի կլանի դեմ, դուք Արայիկ Հարությունյանին միանշանակ աջակցություն եք հայտնել ու աչք փակել Արայիկ Հարությունյանի փող բաժանելու վրա։ Դուք սա շատ լավ․․․ |
| Փաշինյան. | Ես ոչ մի բանի վրա աչք չեմ փակել․․․ |
| Օսիպյան. | Չէ, ու էդ միլիարդները․․․ |
| Փաշինյան. | Ես ոչ մի բանի վրա աչք չեմ․․․ |
| Օսիպյան. | Ուրեմն եթե դուք տեղյակ չեք, պարոն Փաշինյան, էդ միլիարդները․․․ |
| Փաշինյան. | Լսե՛ք, կա քաղաքական համակարգ և երկրի քաղաքական համակարգի հետ մենք աշխատել ենք․․․ |
| Օսիպյան. | Մի վայրկյան․․․ |
| Փաշինյան. | Ես չէի գալու Ղարաբաղում իշխանափոխություն անեի․․․ |
| Օսիպյան. | Այսինքն՝ 150 միլիարդը սենց ուղարկել եք Ղարաբաղ, չեք էլ հետևել որտեղ ա՞ գնում էդ Հայաստանի Հանրապետության բյուջեի նման է՞․․․ |
| Փաշինյան. | Լսե՛ք, մի րոպե, էլի՞, մի րոպե, հո ասելո՞վ չի։ Էդ 150 միլիարդից թոշակառուները թոշակ են ստացել՝ ավելի բարձր քան Հայաստանի Հանրապետությունում, նպաստառուները նպաստ են ստացել։ |
| Օսիպյան. | Մի վայրկյան․․․սրա համար չէ, ասեք չխանգարեն էլի՞ (մատով ցույց է տալիս շուրջը գտնվող Փաշինյանի աջակիցներին)․․․լսում եմ ձեզ․․․չէ, կողից․․․ |
| Փաշինյան. | Նպաստառու․․․ բա մարդիկ ինչո՞վ են թոշակ ուղարկել․․․ |
| Օսիպյան. | Դե հիմա ես․․․մահացած թվերը․․․ |
| Փաշինյան. | Որ չուղարկեինք՝ պիտի ասեիք Հայաստանը փողերը փակել (?) ա, որ Ղարաբաղի ժողովուրդը սոված մնա․․․ |
| Օսիպյան. | Չէ, չէ, չէ․․․մենք նման երբեք բաներ չենք արել։ Ասում եմ՝ երբ որ մենք Արցախում պայքարում էինք․․․ |
| Փաշինյան. | Եղբայր, ես չգիտեմ․․․ |
| Օսիպյան. | Թալանչի կլանի դեմ՝ դուք նրանց օգնում էիք։ |
| Փաշինյան. | Դե էդ դեպքում չեմ․․․ես չգիտեմ․․․մի րոպե էլի |
| Օսիպյան. | Ասում եմ՝ փաստերը հեն ա՝ քննչականում, ձեր ուղարկած միլիարդները, որը որ գնացել ա Արայիկ ու․․․ |
| Փաշինյան. | Մի րոպե էլի, մի րոպե․․․ |
| Օսիպյան. | Երրորդ հարցն եմ տալու ու գնամ․․․ |
| Փաշինյան. | Ես չգիտեմ դուք ով եք ու ում դեմ եք պայքարել ու [չի հասկացվում] պայքարում․․․ |
| Օսիպյան. | Դե չգիտեք՝ լավ չի, որ չգիտեք, որ․․․ |
| Փաշինյան. | Խի՞ չի լավ, ինչի՞ պիտի իմանայի․․․ |
| Օսիպյան. | Որտև պիտի իմանայիք, որտև անհնար ա՝ դուք Արցախին հետևեիք ու մեզ չնկատեիք։ |
| Փաշինյան. | Ինչի՞ պիտի իմանայի․․․ |
| Օսիպյան. | Էդ եմ ասում․․․ |
| Փաշինյան. | Ինչի՞ պիտի իմանայի․․․ |
| Օսիպյան. | Հիմա կարևորագույն հարցն եմ տալիս․․․ |
| Փաշինյան. | Այսինքն դուք ժողովուրդ եք ներկայացրել, դուք կազմակերպու․․․ ու՞մ եք ներկայացրել, որ պիտի իմանայի։ |
| Օսիպյան. | Մենք կուսակցություն ենք էղել ու ընտրությունների ժամանակ 90 տոկոս ուշադրությունը մեր վրա էր։ Անհնար էր Արցախին․․․ |
| Փաշինյան. | 90 տոկոս ուշադրությունը ձեր վրա էր՝ գնայիք, ընտրվեիք։ |
| Օսիպյան. | Դե, փողեր չբաժանեիք՝ կգնայինք, կընտրվեինք․․․ |
| Փաշինյան. | Ո՞վ էր բաժանում․․․ ինձ ե՞ք ասում |
| Օսիպյան. | Արայիկի միջոցով, Արայիկին, Արայիկին․․․ |
| Փաշինյան. | Դուք եք․․․ ես ոչ մեկի միջոցով փողեր․․․որևէ մեկը ինձ չի կարա մեղադրի փող բաժանելու մեջ․․․ |
| Օսիպյան. | Հիմա մի ուրիշ հարց եմ տալի․․․չէ, մի վայրկյան՝ անձամբ չէ, անձամբ չէ․․․
|
| Փաշինյան. | Ես ժողով․․․ուրեմն Ղարաբաղի հետ կապված իմ բոլոր հայտարարությունները էղել են, որ ժողովուրդը պետք ա ազատ կամարտահայտության հնարավորություն ունենա․․․ |
| Օսիպյան. | Չի եղել, հեսա կասեմ․․․ |
| Փաշինյան. | Չի եղել՝ չի եղել [չի հասկացվում] |
| Օսիպյան. | Կարևորագույն հարցն եմ տալի, էլի՞․․․ Հայաստանի հանրապետության անվտանգությունից ա ելնում։ |
| Փաշինյան. | Այո։ |
| Օսիպյան. | Ասում եք՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր երաշխիքը դա լեգիտիմությունն է, ճիշտ ե՞մ հասկանում։ |
| Փաշինյան. | Այո։ |
| Օսիպյան. | Հիմա նայեք՝ Արցախի հարցում Մինսկի խումբը լուծարել եք, արանքից հանել եք։ Ադրբեջանը, ինքը պահանջ ա դնում, ու ընդ որում՝ լեգի․․․ հիմնավորում մնիջազգային․․․ ըստ միջազգային իրավունքի։ Պահանջը ինչու՞մն ա, ասում ա՝ բանը, Ադրբեջանի փախստականները պետք ա վերադառնան․․․ |
| Փաշինյան. | Ու՞մ դեմ ա դնում պահանջը․․․ |
| Օսիպյան. | Պահանջը՝ մի վայրկյան․․․ |
| Փաշինյան. | Ու՞մ դեմ ա դնում։ |
| Օսիպյան. | Մի վայրկյան։ Պահանջը, համենայն դեպս, երբ որ հայտարարում ա․․․ |
| Փաշինյան. | «Համենայն դեպս» չի՝ մեր օրակարգում տենց հարց չկա․․․ |
| Օսիպյան. | Ձեր օրակարգում չկա․․․ |
| Փաշինյան. | Մի էկեք ստից բաներ խոսացեք․․․ |
| Օսիպյան. | Չէ, ինքը ասում ա ու [չի հասկացվում]․․․ |
| Փաշինյան. | Իրա ասելով չի՛․․․ |
| Օսիպյան. | Իրա ասելով․․․ |
| Փաշինյան. | Իրա ասելով չի՛․․ |
| Օսիպյան. | Հիմա դուք կարում ե՞ք այ․․․ |
| Փաշինյան. | Իրա ասելով չի, դու ի՞նչ ես էկել ստեղ ադրբեջանական նարատիվներ տանում։ Իրա ասելով չի։ |
| Օսիպյան. | Ադրբեջանական նարատիվներ դուք եք, է՞, տանում․․․ |
| Փաշինյան. | Իրա ասելով չի՛․․․ |
| Օսիպյան. | Բայց մի քիչ ցածր խոսացեք, էլի՞․․․ |
| Փաշինյան. | Դե, մի՛ էկեք․․․ |
| Օսիպյան. | Ձեր դեմը ոչ Սերժ կա, ոչ Քոչարյան, որ տենց կեղտում խրված ըլնի, որ դուք էլ մատ թափ տաք։ Դուք էլ մատ իմ վրա թափ չտաք․․․ |
| Շուրջը Փաշինյանի աջակիցների ձայներն ուժեղանում են՝ «Նիկոլ, վարչապե՛տ, Նիկոլ, վարչապե՛տ․․․» | |
| Փաշինյան. | Մի էկեք ստեղ ադրբեջանան նարատիվներ․․․ |
| Օսիպյան. | Ադրբեջանի նարատիվները՝ ասում եք Արցախում [չի հասկացվում] չեն կառուցել։ |
| Փաշինյան. | Ո՞վ ասել։ Այո՛, չեք կառուցել։ Չեք կառուցել․․․ |
| Օսիպյան. | Մեսրոպ Մաշտոցն ա կառուցել՝ 5-րդ դարում․․․ |
| Փաշինյան. | Թալանե՛լ եք։ |
| Օսիպյան. | Սու՛տ ես ասում, թալանը դու ես․․․դու՛ ես թալանել․․․ |
| Փաշինյանի անվտանգության աշխատակիցներն ու աջակիցները ձեռքերից բռնած հեռացնում են Ա․ Օսիպյանին և նա հայտնվում է կադրից դուրս։ Փաշինյանը շարունակում է։ | |
| Փաշինյան. | Ռադդ քաշի՛, համբալի մեկը․․․ |
| Փաշինյանը վերցնում է բարձրախոսը․
|
|
| Փաշինյան. | Մի հատ հանգի՛ստ, մի հատ հանգի՛ստ, մի հատ հանգի՛ստ։ |
| Հեռվում լսվում են վիճաբանության ձայներ։ | |
| Փաշինյան. | Ուրեմն ասում եմ հետևյալը ու բացատրում եմ՝ էս Ղարաբաղի պսևդոէլիտաները թող ռադ ըլնեն, ստեղից գնան ընդհանրապես։ Որևէ մեկը չէրևա։ Արա, ա՛յ փախածներ․․․արա՛, դու ի՞նչ գործ ունես ստեղ ընդհանրապես․․․արա՛, դու ի՞նչ գործ ունես ստեղ ընդհանրապես․․․էս ովքե՞ր են, արա, սրանք․․․էկել են մատ թափ տալով՝ էս Ղարաբաղի պսևդոէլիտաները։ Ռադներդ քաշե՛ք, արա, ընդհանրապես։ Ո՞վ եք դուք, արա՛։ «Արթուր Օսիպյանն եմ»՝ գլուխդ պատին ես տվել, Արթուր․․․ գնայիր, զոհվեիր մեր էրեխեքի տեղը․․․«Արթուր Օսիպյանն եմ»՝ թալանչի անասուններ։ Դուք Ղարաբաղի ժողովրդին եք պատանդ վերցրել, Ղարաբաղի ժողովրդին եք պատանդ վերցրել։ Էկել են՝ «Ղարաբաղի հարց»․․․Ղարաբաղի հարցը որ կար՝ գնայիք, զոհվեիք․․․ դու խի՞ ես կենդանի ընդհանրապես․․․դու խի՞ ես կենդանի, դու խի՞ չես զ․․․ դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ 5000 զոհի մասին ես խոսում, ա՛յ տականք, ինչի՞ ես կենդանի, ինչի՞ ես կենդանի․․․քո բանը՝ Շահրամանյանը ինչի՞ ա կենդանի։ Էն մյուսները՝ ձեր Ազգային Ժողովի պատգամավոր կոչվածները ինչու՞ են կենդանի, ինչի՞ չեն զոհվել, որ հիմա էլ ասում եք՝ 5000 զոհ։ Ինչի՞ չես զոհվել։ Ո՞վ ա, արա, ո՞վ ա ձեզ պահել ընդհանրապես, ա՛յ ստահակներ։ |
| Փաշինյանի աջակիցները՝ «Դու՛ ես պահել, դու», «Վարչապետ ջան, հանգիստ»։ | |
| Փաշինյան. | Էս Ղարաբաղի պսևդոէլիտային՝ մեկը չասի, որ Ղարաբա․․․Հայաստանում Ղարաբաղի Ազգային Ժողով կա, Հայաստանում Ղարաբաղի կառավարություն կա։ Արմատախիլ եմ անելու բոլորին։ Գնայիք, երբ որ պայքարելու ժամանակ էր։ Ա՛յ փախածներ։ Ա՛յ կոնկրետ էս մեկը (նկատի ունի Ա․ Օսիպյանին) փախածներից մեկն ա։ Չհամարձակվե՛ք գաք ստեղ մատ թափ տաք ընդհանրապես։ |
| Փաշինյանն ու աջակիցները շարունակում են քարոզարշավը։ | |
| Փաշինյան. | Ասում եմ՝ Ղարաբաղի պսևդոէլիտային, Ռոբի, Սերժի, Կալուգացու, Գագոյի գլխավորությամբ՝ ասում եմ, ձեզ Հայաստանից արմատախիլ եմ անելու, ստահակնե՛ր։ Դուք ինչի՞ եք կենդանի։ Դուք պիտի բացատրություն տաք՝ ինչի՞ եք կենդանի, որ մի հատ էլ ասում եք 5000 զոհ։ Ինչի՞ ա զոհ էդ 5000-ը էղել, ինչի՞ չեք դուք էդ զոհերի մեջ։ Ստահակնե՛ր, ինչի՞ դուք էդ զոհերի մեջ չեք։ Օսիպյանը ասում ա՝ դու պիտի ինձ․․․ դու ո՞վ ես, արա՛, դու ո՞վ ես, որ ես քեզ պիտի իմանամ․․․ |


















































