Regionmonitor. Ադրբեջանում վերջերս տեղի է ունեցել «Ատելության խոսքը և պատմական փաստերի կեղծումը հայկական միջնակարգ դպրոցներում» գրքի շնորհանդեսը։
Տարիներ շարունակ պետական մակարդակով ատելության խոսք տարածող ադրբեջանական կողմը փորձում է փոխել դերերն ու հանդես գալ որպես «զոհ» կամ «օբյեկտիվ գնահատող»։ Սեփական կրթական ու մշակութային համակարգում առկա հայատյացությունը քողարկելու համար հայկական կողմին վերագրում են նույն այն երևույթները, որոնցում իրենք են մեղադրվում։
Սեփական ժողովրդին ցույց տալով, որ «հայերը դեռ դպրոցից ատելություն են սերմանում մեր նկատմամբ, հետևաբար մենք իրավունք ունենք լինելու ագրեսիվ, զինվելու և չվստահելու խաղաղության օրակարգին»՝ ներքին լսարանի համար հակահայկական տրամադրությունները լեգիտիմացնելու փորձ է արվում։ Թիրախավորելով Հայաստանի դպրոցական դասագրքերը՝ նրանք գուցե հող են նախապատրաստում ապագայում Հայաստանին նոր նախապայմաններ առաջադրելու համար։
Գրքի շնորհանդեսի ընթացքում նշվել է, որ «Հայաստանի վերաբերյալ վերլուծված որոշ նյութեր պարունակում են թշնամու կերպարի ձևավորման, էթնիկ հակամարտության սրման և պատմական իրադարձությունները քաղաքական նպատակներով ներկայացնելու դեպքեր, այդ թվում Հայաստանի օրինակով տեսնում են, որ մարդիկ մանկուց ներքաշվում են գաղափարական պատերազմների մեջ»։ Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ նշված ատելության տարածման մեխանիզմներից մեկը կրթական և մշակութային դաշտն է, և Ադրբեջանում հայատյացության զարգացումը եղել է գրեթե բոլոր փուլերում՝ 1918-1920 թթ., 1920-1991 թթ., 1991 թ․-ից մինչև մեր օրերը։ Խորհրդային Ադրբեջանում ևս նախկինում որդեգրած հայատյացության քաղաքականությունը շարունակվել է, և իրավունքների ոտնահարման տեսանկյունից ավելի ակնհայտ էր հայերի նկատմամբ վերաբերմունքը։ Այս մասին է վկայում նույնիսկ ադրբեջանցի պատմաբան Արիֆ Յունուսովը, ով նշել է, որ դպրոցական դասագրքերում հայերին նկարագրում են «ավազակները» և «ագրեսորները» տերմիններով։ Համադրելով փաստերը, կարող ենք նշել, որ հակահայկականությունն իրականացվում էր և՛ ֆիզիկական ոչնչացման ծրագրերով, և՛ մշակութային բնաջնջմամբ, այդ թվում՝ դպրոցական դասագրքերի կեղծ պատմագրությամբ։ Այս 3 փուլերից սկսած՝ աստիճանաբար հայ հեղինակները սկսեցին դուրս մնալ ուսումնական ծրագրերից, արգելվեցին այն ստեղծագործությունները, որոնցում հայերը ներկայացված են դրական լույսի ներքո, կամ այն ստեղծագործությունները, որոնցում եղբայրության և խաղաղության կոչեր են հնչել (Սաբիրի, Գաջիբեկովա, Միրզա Ջալիլ)։
Կարդացեք նաև
Ադրբեջանական դպրոցական դասագրքերում և գեղարվեստական գրականության մեջ հայերը հաճախ ներկայացված էին բացասական կերպարներով՝ որպես բռնարար, մարդասպան կամ թշնամի։ Օրինակ՝ 7-րդ դասարանի գրականության դասագրքում ընդգրկված «Վերջին փամփուշտը» ստեղծագործությունում հային ներկայացնում են մարդասպանի կերպարում։ Նշվում է․ «․․․Ալիֆը ճանաչեց այս ձայնը․ Հակոբն էր։ Լսել էր, որ Հակոբը հայտնի է մարդկանց տանջամահ անելով ․․․խուճապի մատնված հայերը գնդակահարեցին Ալիֆին․․․»։ Ադրբեջանցի գրող Էյվազ Զեյնալովը «Գողը» ստեղծագործության մեջ նշել է․ «․․․Սակայն հայերի գողությունը սովորական չէ, այլ եզակի գողություն է։ Ամենամեծ գողությունները կատարվել են թուրքերից. հայերը գողացել են մեր անունները, երաժշտությունը, երաժշտական գործիքները, գորգերը, հուշարձանները, ուտելիքը և ամենակարևորը՝ մեր հողը․․․»։ Հայատյացության խոր արմատավորման մասին են վկայում նաև ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի դիտարկումները, որոնց համաձայն՝ հայ բառն անեծք է Ադրբեջանում: «Դու քեզ հայի պես ես պահում» արտահայտությունը ծեծկռտուքի առիթ է հանդիսանում և «հայ» բառը համարժեք է «թշնամի» բառի ամենախորը իմաստին։
Ասյա Գևորգյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































