Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատությունը ներկայացնում է Արուճի ամրոցում հայ-իտալական արշավախմբի հնագիտական պեղումների արդյունքները

Հունիս 03,2026 16:26 Share

Սույն թվականի հունիսի 1-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կայացավ «Aruch. Rediscovering a Medieval Armenian Capital. Archaeological Campaigns 2022-2025» գրքի շնորհանդեսը։

Գրքի հեղինակներն են Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական քարտուղար, Արուճի հնագիտական արշավախմբի ղեկավար Աստղիկ Բաբաջանյանը ու Իտալիայի Միջերկրածովյան և արևելյան հետազոտությունների ասոցիացիայի փոխնախագահ, Արուճի հնագիտական արշավախմբի ղեկավար, AICS գործակալության Արուճի նախագծի պատասխանատու Սերջիո Ֆերդինանդին։

Գրքում ներկայացված են Արուճի ամրոցում հայ-իտալական արշավախմբի կողմից իրականացված հնագիտական պեղումների արդյունքները, ինչի շնորհիվ հնավայրը վերագնահատվում է որպես միջնադարյան Հայաստանի քաղաքական, մշակութային և տնտեսական նշանակալի կենտրոն։

Արուճի հուշարձանախումբը գտնվում է Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրում։ Աշխատությունը ցույց է տալիս, որ սկսած 7-րդ դարից Արուճը, համատեղելով կրոնական ու աշխարհիկ իշխանությունը և ունենալով զարգացած ամրաշինական և ենթակառուցվածքային համակարգ, ոչ միայն բնակավայր կամ ճանապարհային կանգառ էր, այլև միջնադարյան կյանքի բազմաֆունկցիոնալ և աշխույժ կենտրոն:

Գրքի շնորհանդեսին մասնակցեցին դիվանագիտական, գիտակրթական կառույցների ներկայացուցիչներ։

Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Պավել Ավետիսյանը՝ ընդգծելով, որ աշխատությունը մեծ նշանակություն ունի ժամանակակից հնագիտության զարգացման տեսանկյունից։ «Աշխատությունը բաղկացած է երկու փոխկապակցված մասերից։ Եթե առաջին մասում ներկայացված են հնագիտական հետազոտությունների արդյունքները, ապա երկրորդ մասում անդրադարձ է կատարվում հուշարձանի պահպանության, վերականգնման և զբոսաշրջային ներուժի հետ կապված հարցերին։ Սա նոր մոտեցում է, երբ մեկ հրատարակության շրջանակում փոխկապակցվում են այս հարցերը։ Այդ առումով աշխատությունը գիտամեթոդական կարևոր նորություն է հնագիտության ոլորտում», – ասաց Պավել Ավետիսյանը։

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ. Արսեն Բոբոխյանը նշեց, որ աշխատությունը միջազգային գործընկերների հետ տարիների համատեղ գիտական աշխատանքի և արդյունավետ համագործակցության արդյունք է․ «Սա մի փայլուն հրատարակություն է, որին մենք երկար ենք սպասել»։

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին կարևորեց հայ-իտալական համագործակցությունը։ «Արուճը Հայաստանի ժառանգությունն է և, միաժամանակ, համամարդկային ժառանգություն է։ Մեր հավակնությունն է, որ Արուճը վերածվի հայ-իտալական հարաբերությունների փայլուն օրինակի։ Այս գեղեցիկ վայրը պետք է վերածել նաև գրավիչ վայրի, որը թույլ կտա ունենալ տնտեսական հնարավորություններ և գրավել զբոսաշրջային մեծ հոսքեր։ Սրան հասնելու համար պետք է բոլորս միասին աշխատենք՝ հստակ ունենալով մեր նպատակները և կիսվելով մեր ջանքերով և աշխատանքով», – ասաց Ալեսսանդրո Ֆերրանտին։

Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսք հղեց Իտալիայի Միջերկրածովյան և արևելյան հետազոտությունների ասոցիացիայի (ISMEO) նախագահ Ադրիանո Վալերիո Ռոսսին։ Նա ներկայացրեց ISMEO-ի համագործակցության արդյունքները Հայաստանի հետ և կարևորեց այդ համագործակցության շարունակականությունը։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930