«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի քույրեր և եղբայրներ, ես, ինչպես որ մյուս քաղբանտարկյալները, շինծու մեղադրանքով կալանավորվել ենք։ Մենք բոլորս ենք կալանքի տակ, բայց առաջին հերթին պետք է մտահոգվենք թիվ մեկ կալանավորի՝ Հայաստանի ճակատագրով։ Մեր երկիրը զնդանն է նետված, և բանալին հանձնված է Ադրբեջանին, որի տեղական դրածոն բռնապետի դեր է կատարում։ Երբ կալանավորված է Հայաստանը, որևէ մեկս չենք կարող ազատ լինել, բոլորիս ու յուրաքանչյուրիս պարտքն է ազատագրական պայքար մղել՝ ձևավորելով հայկական իշխանություն։ Հարգելի քաղաքացիներ, սա սովորական ընտրություն չէ, սա հանրաքվե է՝ անկախության և կյանքի իրավունքի հանրաքվե։ Ձեզ խաբել են, խաբում են և խաբելու են, քանի դեռ հանդուրժում ենք։ Պետք է վռնդել մեր կյանքից սուտը, կեղծիքը և դավաճանությունը։ Սրանք առաջնորդվում են «մահ կամ իշխանություն» կարգախոսով։ Մենք ասում ենք՝ «հիմա կամ երբեք»,- «Առաջարկ Հայաստանին» թիմի նախընտրական ցուցակում ընդգրկված «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, օրերս կալանավորված Անդրանիկ Թևանյանի կինը՝ Էլմիրան, այսօր Ազատության հրապարակում կայացած ԲՀԿ ամփոփիչ հանրահավաքին ընթերցեց ամուսնու ուղերձը ՔԿՀ-ից։
Էլմիրան հայտարարեց՝ իր ամուսինն իշխանության ապօրինի հրահանգով է անազատության մեջ հայտնվել։
«Մեզ անհրաժեշտ խաղաղության և բարեկեցության ապահովման համար պետք է կռիվ տալ՝ ընտրատեղամասերում ակտիվորեն մասնակցելով, արժանապատվորեն քվեարկելով և հաղթելով։ Սիրելի՛ ժողովուրդ, եկել է ճշմարտության պահը, ամբողջ աշխարհը մեզ է հետևում, մենք պետք է մաքրենք խայտառակության խարանը մեր ճակատներից։ Մեզ կեղծ երկընտրանքի առաջ են ուզում կանգնեցնել, բայց իրականում չկա Արևմուտք կամ Ռուսաստան ընտրություն, կա ընտրություն Հայաստանի և այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» միջև, արժանապատվության և նվաստացման միջև, պետականության և պանդխտության միջև, ճշմարտության և ստի միջև, մարդու և չմարդու միջև։ Այս օրհասական պահին տանը մնալը համարժեք է դասալքության, համարժեք է խրամատում կանգնած զինվորին թիկունքից հարվածելուն, համարժեք է Ադրբեջանի թեկնածուին պաշտպանելուն, համարժեք է երեխային որբանոց հանձնելուն, համարժեք է Բաքվի բանտում պահվող մեր հայրենակիցներին մոռանալուն, համարժեք է Արցախի հանձնելը ողջունելուն, համարժեք է մեր հազարավոր զոհերի հիշատակը պղծելուն։ Հարգելի՛ քաղաքացի, դիմում եմ քեզ որպես ծնող, որպես զավակ․ մի՛ վախեցիր, մի՛ զլացիր, մի՛ հուսահատվիր։ Մեզ բաժանել են, պառակտել են, թուլացրել են, որպեսզի տիրեն ու հայրենազրկեն։ Մենք պետք է միավորվենք»,- ասված է Անդրանիկ Թևանյանի նամակում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































