Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-ն դեմ չէ պարգևավճարներին, մենք դեմ ենք, որ դրանք վերածվեն քաղաքական կոռուպցիայի գործիքի»․ Սուրեն Սուրենյանցը դիմեց պետական համակարգի աշխատողներին

Հունիս 04,2026 20:47 Share

«Հունիսի 7-ը սովորական ընտրություններ չեն։ Դրանք իրենց նշանակությամբ հավասարազոր են 1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեին։ Այն ժամանակ մենք ընտրում էինք անկախություն, այսօր՝ մեր պետականության ապագան»,- այսօր Ազատության հրապարակում կայացած «Առաջարկ Հայաստանին» թիմի հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց ԲՀԿ ցուցակում ընդգրկված քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Իր համոզմամբ՝ հունիսի 7-ի ընտրություններն ընտրություն են Հայաստան մնալու և թուրքական վիլայեթ դառնալու միջև․ «Սա ընտրություն է՝ Հայաստանի Հանրապետության և Արևմտյան Ադրբեջանի վտանգավոր նախագծի միջև։ Սա ընտրություն է՝ երաշխավորված խաղաղության և միակողմանի ստորացուցիչ զիջումների միջև։ Սա ընտրություն է՝ հանրային համերաշխության և պառակտման, բարեկեցիկ կյանքի և խեղճության, արժանապատիվ պետության և նվաստացված երկրի միջև»։

Սուրեն Սուրենյանցը, դիմելով պետական համակարգի աշխատողներին, ասաց․ «Դուք պետական համակարգի հենասյուներն եք։ Դուք տարիներ շարունակ ծառայել եք պետությանը, ոչ թե որևէ կուսակցության կամ որևէ ղեկավարի։ Մի՛ տրվեք Նիկոլ Փաշինյանի, ձեր նախարարների, մարզպետների և տարբեր մակարդակների ղեկավարների շանտաժին ու սպառնալիքներին։ Ընդդիմության հաղթանակի դեպքում պետական համակարգի ո՛չ մի բարեխիղճ աշխատող չի ազատվելու աշխատանքից՝ քաղաքական հայացքներ ունենալու համար։ Դուք չեք կորցնելու ձեր աշխատավարձերը, չեք կորցնելու ձեր սոցիալական երաշխիքները, չեք կորցնելու ձեր պարգևավճարները։ ԲՀԿ-ն դեմ չէ պարգևավճարներին, մենք դեմ ենք, որ դրանք վերածվեն քաղաքական կոռուպցիայի գործիքի։ Մենք դեմ ենք, որ պարգևավճարները բաժանվեն քաղաքական հավատարմության, անձնական կապերի կամ վերադասին հաճոյանալու սկզբունքներով։ Մեր իշխանության գալու դեպքում պարգևավճարները տրվելու են օրենքով, հստակ չափանիշներով և արդարության սկզբունքով»։

Նա նաև Նիկոլ Փաշինյանին դիմեց՝ ասելով, որ այս ընտրությունները նախևառաջ իր համար հնարավորություն են՝ անցնցում հեռանալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930