Էլ ո՞վ մնաց, որը դրսից չի խառնվում մեր գործերին, երկու օր հետո տեղի ունենալիք խորհրդարանական մեր ընտրություններին: Գրեթե ոչ ոք, ոչ միայն քիչ թե շատ կարեւոր խաղացողներից, այլեւ քաղաքական խաղալիքներից, ինչպես Զելենսկին, ինչպես Սաակաշվիլին, որին, վերջինին, արհամարհում է վրաց ժողովուրդն անգամ:
Իսկ ինչ վերաբերում է գլխավոր խաղացողներին, նրանցից ամենագլխավորը համարվող Մ. Նահանգներն անգամ, խախտելով գեթ պաշտոնապես հայտարարված իր ավանդույթը` չխառնվելու, չմիջամտելու այլ երկրներում տեղի ունեցող դեմոկրատական, ռամկավարական գործընթացներին, օգոստոս ամսից ի վեր իր նախագահ Թրամփով հանդերձ, բացահայտ թիկունք է կանգնում թեկնածուներից մեկին՝ Նիկոլ Փաշինյանին, որին արժեւորելու համար մի 10 օր առաջ Զվարթնոց օդանավակայան էր առաքել իր charming boy Մարկո Ռուբիոյին` ստորագրելու, ավելի ճիշտ` վերահաստատելու «Թրամփի ուղին», որի ապագան մշուշոտ է այնքան, որքան Թրամփի հետնախագահական ապագան: Այդ անփառունակ արարողությունը տեղի ունեցավ հենց օդանավակայանում, հենց օդանավում, ինչն ինձ հիշեցրեց 1921 թ.ի Կարսի տխրահռչակ պայմանագրի ստորագրման արարողությունը գնացքի վագոնում…
Այդ «ապահովագրական» արարողությանը, ինչպես հայտնի է, նախորդել էր Եվրոմիության «քաղաքական համաժողովի» գումարումը Երեւանում, ինչը ուրիշ բան չէր, եթե ոչ ակցիա ընդդեմ Ռուսաստանին` «քո ազդեցության գոտում` ընդդեմ քեզ» պատգամով: Համաժողովն անցավ Նիկոլի մասնակցությամբ եւ ռազմավարական դաշնակցի անտեսման պայմաններում, հյուրընկալի կողմից առանց որեւէ հակադարձության, դուռը լայն բացելով Մոսկվա-Երեւան «ապահարզանային» խոսակցությունների առջեւ:
Երրորդ միջամտությունը, ինչպես ակնկալվում էր, վրա հասավ հենց Ռուսաստանի կողմից, որը քաջ տիրապետում է իր պատասխան հարվածները պատշաճեցնել դիմացինի, այսինքն մեր սխալներին: Սխալվողը դարձյալ մենք ենք, առավելաբար՝ արտաքին խաղացողների դրդումով, այդ թվում,- չմոռանանք ընդգծել,- Ռուսաստանը, որի նախագահը ժամանակին չքմեղացնում էր Նիկոլին, հայտարարելով, որ նա դավաճան չէ, ու դա՝ 2021 թ. խորհրդարանական ընտրությունների նախօրեին: Թերեւս հենց նրա համար, որպեսզի ինքը հետագայում, 2023-ին, չքմեղանա արցախահայության 9-ամսյա սովամահությունը հանդուրժելու, ապա Արցախ աշխարհի հանձնումը որպես «կատարված իրողություն» ընդունելու իր «անմեղսունակությունը» պատճառաբանելու համար, միշտ օգտվելով նիկոլական ալիբիից…
Կարդացեք նաև
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում


















































