Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում տեղի ունեցածը հայ ժողովրդի դեմ իրականացված հերթական ցեղասպան գործողություն է

Հունիս 05,2026 18:25 Share

Հունիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը Նորին Սրբությանը ներկայացրեց կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող գիտակրթական ծրագրերը և առաջիկա նախաձեռնությունները։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ներկաներին՝ ցեղասպանագիտության ոլորտում իրականացվող գիտական, կրթական և հանրային իրազեկման աշխատանքների համար։

Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայաստանում և Սփյուռքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ Եկեղեցու նախաձեռնություններին՝ ընդգծելով ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման կարևորությունը ժողովուրդների իրավունքների պաշտպանության ու մարդկության դեմ գործված ոճրագործությունների կանխարգելման գործում։

Հանդիպմանը խոսվեց Արցախի հայաթափման, արցախահայության հիմնարար իրավունքների ոտնահարման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոտնձգությունների մասին։

Ընդգծվեց, որ տեղի ունեցածը հայ ժողովրդի դեմ իրականացված հերթական ցեղասպան գործողություն է, ինչը վկայում է, որ մարդկության դեմ ոճրագործությունների անպատժելիությունն ու դրանց ոչ համարժեք դատապարտումը շարունակում են ծնել նոր ողբերգություններ։

Զրույցի ընթացքում քննարկվեց նաև ցեղասպանագիտության ոլորտում կրթական նախաձեռնություններին հոգևորականների մասնագիտական ներգրավվածության մասին։

 

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930