Լրահոս
Օրվա լրահոսը

«Ահազանգերի մեծամասնությունը փաստահեն չեն, ընդդիմախոսների վիճակը նախանձելի չէ»․ ՔՊ-ն՝ ձերբակալությունների եւ քվեարկության ընթացքի մասին

Հունիս 07,2026 18:05 Share

«Ընդհանուր առմամբ, մենք շատ լավ ենք գնահատում ընտրության ընթացքը։ Արձանագրում ենք նաեւ, որ որոշ գործընկերներ, որոշ լրատվամիջոցներ ավելորդ աժիոտաժ են ստեղծում ընտրությունների շուրջ։ Բայց ակնհայտ է, որ ահազանգերի մեծամասնությունը փաստահեն չեն։ Բոլոր այն դեպքերում, երբ փաստերը կան, թե մենք, թե իրավապահները արձագանքում ենք դրանց։ Մենք իրավական առումով մի քանի գործընթաց ենք սկսել՝ լռության օրվա եւ քարոզչության արգելքների խախտման հետ կապված գործերով»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՔՊ անդամ Արայիկ Հարությունյանը։

Նա նշեց, որ ընդհանուր քվեարկության գործընթացը բարձր են գնահատում, մարդիկ լավ տրամադրությամբ գնում են քվեարկության․ «Վստահ ենք, որ հատկապես օգոստոսի 8-ից հետո հաստատված լավ մթնոլորտն իր դրական ազդեցությունն է ունենալու թվերի վրա»։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են վերջին օրով դարձյալ ձերբակալում ընդդիմադիրներին՝ Արայիկ Հարությունյանն ասաց․ «Ընտրակեղծարարները մի բնավորություն ունեն՝ նախապատրաստելու գործընթացները, իսկ կաշառքները բաժանելու վերջին օրերին, վերջին ժամերին։ Բայց ձեր պնդումն այն մասին, որ մենք կամ իրավապահներն այդ ամենը թողել են վերջին պահին, ճիշտ չէ։ Դուք լսել եք 15 ձայնագրություններ, որոնք հանդիսացել են ձերբակալությունների եւ կալանքի համար հիմք, 200 ձերբակալված անձ կա։ Եթե բոլոր այս թվերը դնում ենք իրար կողք, վկայում է այն մասին, որ ձեր պնդումը, թե մենք թողել ենք այս ամենը վերջին պահին, եւ իրավապահները վերջին պահին են գործում, իրականությանը չի համապատասխանում։ Նման պնդումներ անում են նաեւ քաղաքական ընդդիմախոսները, որովհետեւ ակնհայտ է, որ եւ մթնոլորտը, եւ սոցիոլոգիական հարցումները վկայում են այն մասին, որ իրենց վիճակը նախանձելի չէ։ Հռետորաբանությունը, որը կա վերջին օրերին, վկայում է այն մասին, որ իրենք իրենց պարտության հիմքերն են փորձելու գտնել այս քարոզչական ապատեղեկատվության հորձանուտի մեջ»։

Նա նշեց, որ ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական ճնշում չկա․ «Քաղաքական ճնշում չկա, մարդիկ կոնին քեշ եւ մեծ փող են դրել, եւ դրա համար պետք է պատժվեն, որովհետեւ ընտրությունները չեն ենթադրում կազինո, ընտրությունները ենթադրում են քաղաքական պայքար»։

Անդրադառնալով ընտրողների ակտիվությանը՝ Արայիկ Հարությունյանն ասաց․ «Երկքաղաքացիներին օգտագործելով՝ փորձում են քաղաքական իրավիճակ փոխել Հայաստանում։ Եվ մարդիկ վեր են կացել քնից, ասում են՝ ես եմ որոշող քաղաքացին, եւ ես գնալու եմ քվեարկեմ։ Ես չեմ բացառում, որ այս ակտիվության մեջ որոշ տոկոս կարող է լինել նաեւ այդ ապօրինի գործողությունը եւ ընտրակաշառքը»։

Անդրադառնալով ընդդիմության միավորման եւ միասնական թեկնածու ունենալու հնարավորությանը՝ նա ասաց․ «Կոնսոլիդիացիան մի բան է, իրենց կարող են ունենալ վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ ունենան մեծամասնություն։ Թող ունենան վարչապետի թեկնածու, բայց այդ վարչապետի թեկնածուն որեւէ տեղ չի հասնի»։

Արայիկ Հարությունյանը հայտարարեց, թե իշխանությունը վարչական ռեսուրս չի կիրառում․ «Նոյեմբերից ես կենտրոնական շտաբի ղեկավարն եմ, կես բառ, հանձնարարական՝ վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ, կենտրոնական շտաբում չի եղել»։

ՔՊ անդամ Արուսյակ Ջուլհակյանն էլ անդրադարձավ հետընտրական հնարավոր զարգացումներին․ «Հետընտրական զարգացումներ ունենալու տրամաբանությունն այն դեպքում է հասկանալի, երբ ընտրությունները կեղծված լինեն։ ՀՀ-ում ընտրություններ կեղծելու էջը 2018 թվականից փակված է, ուստի, հետընտրական զարգացում չի կարող լինել։ Կարող է մի քանի հոգի որոշեն, որ պետք է դուրս գան փողոց, բայց դա որեւէ կերպ չի կարող որեւէ պրոցես գեներացնել, որովհետեւ հանրության շրջանում չի կարող լինել ընկալում, որ ընտրությունները կեղծված են»:

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930