2026 թվականի մարտին տեղի ունեցավ տեխնոլոգիաների պատմության մեջ ամենաաղմկահարույց դատական նախադեպերից մեկը: ԱՄՆ-ում մի քսանամյա աղջիկ շահեց 6 միլիոն դոլարի հայցն ընդդեմ Google-ի և Meta-ի: Դատարանը ճանաչեց, որ ընկերությունները միտումնավոր են նախագծում YouTube-ը և Instagram-ը, որպեսզի օգտատերերին «կախվածության մեջ գցեն» անվերջանալի լրահոսից, ինչն ուղղակի վնաս է հասցնում առողջությանը: Մեզ համար՝ որպես ղեկավարների և ձեռնարկատերերի, այս վճիռը մեր ժամանակաշրջանի ախտորոշումն է:
Կարճ բովանդակությունը և մեդիա-բազմախնդրայնությունը (мультитаскинг) ոչնչացնում են առաջնորդի գլխավոր ակտիվները՝ ինտելեկտի գործակիցը (IQ) և ուշադրությունը կառավարելու ունակությունը: Ես համոզված եմ, որ հնարավոր չէ կառուցել ինքնավար թիմ և դուրս գալ օպերացիոն համակարգից, եթե դուք չեք հասկանում, թե ինչպես է աշխատում ճանաչողական (կոգնիտիվ) ռեսուրսը՝ ձերը և ձեր աշխատակիցներինը:
IQ-ն որպես հաջողության գլխավոր կանխատեսիչ
Շատերը IQ-ն համարում են անցյալի մնացուկ կամ «շառլատանական թեստ»: Սա վտանգավոր մոլորություն է: Իրականում IQ թեստն չափում է այսպես կոչված G-ֆակտորը (general factor)՝ ինֆորմացիայի մշակման ընդհանուր արագությունը և պատրաստի հրահանգի բացակայության դեպքում լուծումներ գտնելու ունակությունը: Իմ 15-ամյա փորձը ցույց է տալիս, որ IQ-ն քարացած թիվ չէ:
Կարդացեք նաև
Ես ինքս բարձրացրել եմ իմ ցուցանիշը մոտ 20 կետով: Եվ սա ծայրահեղ կարևոր է, քանի որ IQ-ի ամեն մի հավելյալ բալը 12-ից մինչև 25 հազար դոլարի հավելյալ համախառն աշխատավարձ է ապահովում ամբողջ կարիերայի ընթացքում: Ավելին, IQ-ի 15 կետի տարբերությունը տալիս է մինչև 20–30% տարբերություն վաղաժամ մահվան ռիսկի հարցում: Ավելի բարձր ինտելեկտով մարդիկ ավելի երկար են սովորում, ավելի հազվադեպ են հայտնվում ֆինանսական փակուղիներում և ավելի համարժեք են գնահատում ռիսկերը:
Ինչո՞ւ ես աշխատանքի չեմ ընդունում 120-ից ցածր IQ ունեցող մարդկանց
Իմ ընկերությունում մենք չենք դիտարկում առանցքային պաշտոնների թեկնածուներին, ում արդյունքը 120-ից ցածր է: Սա խտրականություն չէ, այլ պրագմատիկ հաշվարկ: Երբ դուք մարդ եք վարձում, դուք ներդրում եք անում նրա զարգացման մեջ:
Եթե աշխատակիցն ունի ցածր ճանաչողական շեմ, մեկուկես տարի անց նա անխուսափելիորեն կբախվի «անտեսանելի առաստաղին»: Նա կարող է լինել հրաշալի և հավատարիմ մարդ, բայց նա պարզապես կդադարի գլուխ հանել նոր տեխնոլոգիաներից ու առաջադրանքներից: Այդ պահին ղեկավարը հայտնվում է թակարդում. աշխատակցին ցանկանում ես խղճալ, բայց համակարգի զարգացումը նրան պատվիրակելն անհնար է:
Այս մոտեցումը իմ քմահաճույքը չէ, այլ աշխարհի ամենաարդյունավետ ընկերությունների ռազմավարությունը: Վառ օրինակ է McKinsey & Company-ն՝ աշխարհի առաջատար խորհրդատվական ընկերություններից մեկը: Նրանք մաղում են թեկնածուների հիմնական զանգվածը դեռ այն բանից առաջ, երբ հավաքագրողն առաջին անգամ կտեսնի նրանց ինքնակենսագրականը՝ օգտագործելով իրենց հայտնի Problem Solving Test-ը (PST): PST-ն դպրոցական մաթեմատիկայի թեստ չէ:
Թեկնածուին տալիս են իրական բիզնես-քեյս՝ տվյալների հսկայական ծավալով՝ աղյուսակներ, գրաֆիկներ, ֆինանսական հաշվետվություններ: Անհրաժեշտ է սահմանափակ ժամանակում առանց հաշվիչի լուծել խնդիրը և կայացնել ճիշտ որոշում: Սա ստուգում է նեյրոնային կապերի իրական արագությունը և սթրեսի պայմաններում աշխատելու ուղեղի ունակությունը:
McKinsey-ն այս ամենը լրացնում է վերբալ և տրամաբանական մտածողության թեստերով: Եթե մարդը չի անցնում այս ճանաչողական շեմը, նրա մասնագիտական փորձը նշանակություն չունի: Տրամաբանությունը պարզ է. առաջադրանքները փոխվում են ամեն օր, և եթե մարդը չունի բարձր G-ֆակտոր, նա պարզապես կխեղդվի նոր տեղեկատվության հոսքում:
Եթե ցանկանում եք կատարողներին վերածել ինքնավար ղեկավարների, դուք պետք է վարձեք նրանց, ովքեր ունակ են որսալ նորն ավելի արագ, քան փոխվում է շուկան:
Ձեր ինտելեկտի գլխավոր սպանողները
Նույնիսկ բնական բարձր IQ-ն կարելի է փչացնել: Հետազոտությունները ցույց են տալիս, որ քաոսային բազմախնդրայնությունը նվազեցնում է ճանաչողական արդյունավետությունը մի չափով, որը համադրելի է IQ-ի 10 կետի կորստի հետ: Էլ ի՞նչն է սպանում ղեկավարելու ձեր ունակությունը.
- Սոցցանցեր. նրանց մոտ, ովքեր օրական 3–4 ժամից ավելի թերթում են կարճ տեսանյութեր, կայուն ուշադրության և աշխատանքային հիշողության ցուցանիշները 18%-ով ավելի ցածր են:
- Սթրես և կորտիզոլ. քրոնիկական սթրեսը բառացիորեն փոքրացնում է հիպոկամպի ծավալը: Բարձր կորտիզոլի ընդամենը չորս օրը նկատելիորեն վատթարացնում է հիշողությունը:
- Քնի պակաս. նրանք, ովքեր կայուն կերպով քնում են 6–7 ժամից պակաս, թեստերում ավելի ցածր արդյունքներ են ցուցաբերում: 4-ժամյա քնի ռեժիմում ուղեղն այնպիսի տեսք ունի, կարծես ծերացել է 8 տարով:
Ինչպե՞ս կոտրել համակարգը և բարձրացնել սեփական մակարդակը
IQ-ն կարելի է զարգացնել: Ահա գիտականորեն ապացուցված արդյունավետությամբ մեթոդներ, որոնք ես կիրառում եմ.
- Ֆիզիկական ակտիվություն. շաբաթական 3–4 անգամ մի քանի ամսվա աերոբիկ մարզումները տալիս են աշխատանքային հիշողության և տեղեկատվության մշակման արագության կայուն աճ:
- Վիդեոխաղեր. որքան էլ զարմանալի է, շութերները և իրական ժամանակի ռազմավարությունները չափավոր օգտագործման դեպքում (շաբաթական 2–3 անգամ մի քանի ժամ) երկար հեռանկարում բարելավում են ուղեղի աշխատանքը 3–4 անգամ ավելի ուժեղ, քան քիմիական խթանիչները:
- Որակյալ կրթություն. ուսումնառության ամեն մի հավելյալ տարին ավելացնում է միջինում 1–1.5% ձեր IQ-ին:
- Տեղեկատվության գիտակցված սպառում. երբեք բաց մի՛ թողեք չհասկացված բառը կամ տերմինը: Հենց որ դուք սահում անցնում եք անծանոթ հապավման կողքով, դուք մշուշ եք ստեղծում բանականության մեջ: Կանգ առե՛ք, պարզաբանե՛ք իմաստը բառարանում կամ նեյրոցանցի միջոցով. սա մարզում է ճանաչողական կարգապահությունը և ուժեղացնում ինտելեկտը:
Ինտելե՞կտ, թե՞ համակարգ
Թիմի բարձր IQ-ն հիմքն է, բայց ոչ համադարմանը: Կարելի է վարձել հանճարների, բայց հիմար սխալներ թույլ տալ CRM-ի ներդրման ժամանակ, որովհետև բիզնեսի վերակառուցումն ընթացքից առանձին տեխնոլոգիա է, որը համակարգ է պահանջում: Այնուամենայնիվ, հիշե՛ք, որ առանց ձեր մարդկանց ճանաչողական պոտենցիալի, ցանկացած համակարգ կմնա լոկ թղթե հրահանգ: Ցանկանո՞ւմ եք պատվիրակել և հաղթել: Վարձե՛ք խելացիներին, պահպանե՛ք նրանց ուշադրությունը թվային աղբից և մշտապես բարձրացրե՛ք առաջադրանքների բարդության նշաձողը: Միայն այդպես են կատարողները վերածվում առաջնորդների:
Ալեքսանդր ՎԻՍՈՑԿԻ,
բիզնեսի կառավարման փորձագետ,


















































