ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ վերջին օրերին ՌԴ-ից Հայաստան ժամանող տղամարդկանց 25-օրյա վարժական հավաքների մեկնելու ծանուցագրեր են բաժանվում։
Դիտարկմանը՝ տպավորություն է, որ բանակը որպես պատժիչ գործիք է օգտագործվում ընդդիմությանը սատարող քաղաքացիների նկատմամբ, Ասրյանը պատասխանեց․ «Ես խնդրում եմ, որ ձեր մոտ այդ ընկալումը չզարգանա, այդպիսի բան չկա։ Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի էլ լինի։ Դուք պետք է ուրախանաք ՀՀ բանակով, որովհետեւ բանակն ինքնըստինքյան ուրախանում է իր հասարակությամբ, իր ժողովրդով»։
Ըստ նրա՝ բանակի վարժական հավաքներին պետք է ընդգրկվի պահեստազորայինը, ով ունի ՀՀ քաղաքացիություն, համապատասխան տարիքային խմբի մեջ է մտնում եւ հաշվառված է ՀՀ տարածքում՝ այս կամ այն զինկոմիսարիատներում։ Նրանք պետք է հերթականությամբ կանչվեն վարժական հավաքների։
«Մենք 2023 թվականից սկսած՝ անցկացնում ենք այդ 25-օրյա վարժական հավաքները, որը շատ լավ օգուտ է տալիս։ Արդեն մեծ քանակությամբ՝ տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ ընդգրկվել են վարժական հավաքների, կատարել են իրենց պարտքը ՀՀ նկատմամբ։ Ռուսաստանի Դաշնությունից կամ մյուս պետություններից եկած քաղաքացին, ով ՀՀ քաղաքացի եւ գտնում է, որ ինքը ՀՀ պետք է գա միայն մեկ միջոցառման մասնակցելու համար եւ մեկ օրվա ընթացքում թողնել գնալ, ես գտնում եմ, որ ինքը ՀՀ քաղաքացի չէ։ Այդ անձը ճիշտ չի անում, իսկ եթե ինքը ներկայանում է Հայաստանի Հանրապետություն, մենք ունենք համապատասխան համակարգ, հաշվառվում է, որ անձը մտավ ՀՀ տարածք, եւ զինկոմիսարիատն իրավունք ունի նրանց ուղարկել համապատասխան թուղթ, որ իրենք զորակոչվում են բանակ՝ վարժական հավաքին մասնակցելու։ Ես դա սխալ չեմ համարում»,- ասաց Էդվարդ Ասրյանը։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ դա բոլորի հանդեպ է տեղի ունենում, միայն ընդդիմախոսների աջակիցներին չեն զորակոչում։ Պահեստազորում հաշվառված բոլորը հերթականությամբ պետք է գնան վարժական հավաքների։
Հարցին՝ ինչո՞ւ ընտրությունների նախաշեմին հիշեցին, որ ՌԴ-ից ՀՀ ժամանող հայերը պետք է մեկնեն զորավարժությունների, Էդվարդ Ասրյանը պատասխանեց․ «Մենք ոչ միայն ընտրություններից առաջ ենք դա անում, մենք դրա մասին բարձրաձայնել ենք 2026 թվականի հունվարի մեկից սկսած առ այսօր»։
Անդրադառնալով Ռազմական ոստիկանության աշխատակիցների գործողություններին օդանավակայանում՝ Ասրյանն ասաց․ «ՌՈ աշխատակիցը կարող է լինի այնտեղ, որտեղ ինքը պետք է իրականացնի օպերատիվ աշխատանք։ Դա իրենց օպերատիվ աշխատանքի բաղկացուցիչ մասն է»։
Հարցին, թե ՌԴ-ից Հայաստան ժամանած քանի՞ անձ է այս օրերին վարժական հավաքների ներկայանալու ծանուցագիր ստացել, Ասրյանը պատասխանեց․ «Ես այդպիսի ինֆորմացիայի չեմ տիրապետում։ Ես պատասխանատու եմ ՀՀ բանակ զորակոչված ինչպես նորակոչիկի, այնպես էլ պահեստազորայինի պատշաճ ընդունման, նրանց ծառայության վայրում նշանակելու եւ ծառայություն իրականացնելու համար»։
ՌԴ-ից բացի այլ երկրներից ՀՀ այցելող հայերին նույնպե՞ս ծանուցում ուղարկում են՝ հարցին էլ Ասրյանը պատասխանեց․ «ՀՀ տարածք մտնող ցանկացած մարդ համակարգով երեւում է, մանավանդ ՀՀ քաղաքացին։ Երբ հերթական վարժական հավաքներն անցկացվեն, եւ այդպիսի մարդիկ ընդգրկված լինեն վարժական հավաքներին, դուք դրա մասին կիմանաք։ Ես տեղյակ չեմ՝ մարդիկ ծանուցվել են, չեն ծանուցվել։ Եթե գան, մասնակցեն վարժական հավաքներին, բարով գան, իրենք իրենց 25 օրը կծառայեն ՀՀ-ին ու կգնան»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ծաղրանկարը՝ MediaLab- Newsroom Laboratory-ի


















































