Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան ուզում են, թող վիճարկեն, մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի անցկացվեն ազատ ընտրություններ»․ Ալխաս Ղազարյան

Հունիս 10,2026 11:50 Share

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ընտրությունների վերահաշվարկի գործընթացին եւ հարցին, որ ընդդիմությունը պնդում է, թե ընտրությունները կեղծված են։

«Շատ ծիծաղելի է այն հանգամանքը, որ այս ամբողջ նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում հատկապես ընդդիմությունն է աչքի ընկել ընտրակեղծարարությամբ։ Բազմաթիվ ձայնագրությունների ենք ականատես եղել՝ ընտրակաշառք տալու ու վերցնելու վերաբերյալ։ Բացահայտումները շարունակվում են այսօր։ Բայց երեկ նաեւ պարզվեց, որ մեր ձայները չեն հաշվարկվել։ Եթե ընդդիմության ձայների դեպքում 20-30 ձայն չի հաշվարկվել, մեզ մոտ եղել է 100-150 ձայն, որ չի հաշվարկվել։ Ոչ թե չի հաշվարկվել, այլ տեխնիկական սխալ է եղել, քանի որ ձեռքով են մուտքագրում անում։ Դա ընտրակեղծարարություն չէ բնավ։ Մենք նախնական արդյունքներով ունենք արդյունքները, որի հիման վրա կարող ենք ասել, որ միանձնյա ձեւավորում ենք կառավարություն, իշխանություն, բայց նաեւ սպասենք վերջնական արդյունքներին»,- ասաց նա։

Հարցին, որ ՔՊ ձայները չեն հերիքում կարեւոր նախաձեռնությունների, օրինակ՝ Սահմանադրության փոփոխության քվեարկության համար, ինչպե՞ս են պատկերացնում իրենց աշխատանքը, Ալխաս Ղազարյանը պատասխանեց․ «Մենք միշտ ասել ենք, որ մենք հաշտ ենք լինելու ցանկացած արդյունքի հետ։ Ես կարծում եմ՝ մենք այս անգամ էլ խնդիրներ չենք ունենա։ Ես կարծում եմ, որ երբ Սահմանադրությունը լինի, ժողովուրդը քննարկի, հանրային քննարկում ծավալվի, հնարավոր է հետագա զարգացումների ընթացքում ով գիտի՝ ինչ կլինի։ Բայց ես կարծում եմ՝ իրենք պետք է վախենան Ազգային ժողովում դժվարություններից եւ ոչ թե մենք»։

Հարցին, թե հնարավո՞ր է ընդդիմադիր պատգամավորներից ոմանք միանան ՔՊ-ին, նա պատասխանեց․ «Ես չեմ կարող հիմա կանխատեսել՝ ով կմիանա, ով չէ, բայց հաստատ մեզանից երբեւէ չի եղել նման բան»։

Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի նախաձեռնությանը՝ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու մասին, Ալխաս Ղազարյաննն ասաց․ «Նախորդ անգամ էլ էր ՍԴ դիմել, ինչի՞ է հասել։ Մենք միշտ ասել ենք, որ մեզ համար ամենակարեւորն այն է, որ անցնեն արդար, ազատ ու թափանցիկ ընտրություններ։ Թող ինչքան ուզում են վիճարկեն, մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի անցկացվեն ազատ ընտրություններ»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Գյումրիում կանցկացվեն արտահերթ ընտրություններ եւ հարցին, թե ինչո՞ւ պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն, Ալխաս Ղազարյանը պատասխանեց․ «Որովհետեւ տեսնում ենք, թե ինչպես է Գյումրիի քաղաքապետը ձախողել ողջ ընթացակարգը։ Մենք թե ձայնագրություններին ենք ականատես լինում, թե տեսնում ենք, թե ինչ ընթացք է կրում։ Եվ հասկանում ենք, որ այնտեղ անհրաժեշտ են ընտրություններ։ Իրավական պրոցեսները գնում են, բայց քաղաքն ահավոր վիճակում է, ինչպես վարչապետն արդեն ասաց։ Քաղաքն արագ կառավարման կարիք ունի, հետեւաբար, նոր կառավարում պետք է լինի, որպեսզի կարողանան շատ լավ աշխատել եւ քաղաքը վերականգնել»։

Մանրամասները՝ տեսանյութում 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930