Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողները իրենց մասնագիտական գործունեության ընթացքում բախվել են նաև բանավոր հարձակումների, սպառնալիքների, ինչպես նաև գործունեության խոչընդոտման և ճնշման այլ ձևերի, ինչը լրացուցիչ սահմանափակումներ է ստեղծում քաղաքական թեմաների լուսաբանման համար. ԺՀՄԻԳ ԸԴԱ

Հունիս 10,2026 14:44 Share

media.am. Լրատվական միջավայրը Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրություններին նախորդող նախընտրական շրջանում եղել է բազմակարծիք, սակայն շարունակում է մնալ բևեռացված և սահմանափակված՝ գովազդային շուկայի կրճատման և դրա նեղ կենտրոնացվածության պատճառով, ինչը խաթարում է լրատվամիջոցների ֆինանսական կայունությունը և դրանք խոցելի է դարձնում քաղաքական ազդեցության նկատմամբ:

Սա հատված է Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունն (ԺՀՄԻԳ ԸԴԱ)  զեկույցից։

Ըստ դրա՝ 2025 թվականին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից անկուսակցական լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին տրամադրվող աջակցության դադարեցումն ավելի է խորացրել այս մարտահրավերները, մինչդեռ լրատվամիջոցների սեփականատերերի վերաբերյալ թափանցիկության պակասի շուրջ մտահոգությունները շարունակում են պահպանվել։ Լրատվամիջոցների բազմազանությունը էլ ավելի է նվազել այն բանից հետո, երբ ընդդիմության հետ փոխկապակցված «Հ2»-ը և «Երկիր Մեդիա»-ն 2021-2023 թվականներին կորցրեցին վերգետնյա եթերային հեռարձակման իրավունքը, իսկ Հայ Առաքելական Եկեղեցու հետ փոխկապակցված «Շողակաթ» հեռուստաընկերությունը վերջերս փակվել է։

Ընտրությունների լուսաբանումը՝ ավանդական մեդիայում

ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի գնահատմամբ, Հայաստանի հանրային հեռարձակողը շարունակում է պահպանել գերիշխող դիրքը հեռարձակման ոլորտում՝ օգտվելով պետական կայուն ֆինանսավորումից և միաժամանակ ստանալով զգալի եկամուտներ կոմերցիոն գովազդից։

Ըստ զեկույցի Հանրային հեռուստատեսությունը կատարել է օրենքով սահմանված իր պարտավորությունը՝ յուրաքանչյուր ընտրական մրցակցի տրամադրելով 90 րոպե անվճար եթերաժամ, որը ԿԸՀ-ն բաշխել է ամենօրյա եթերաշրջանների տեսքով՝ դիտման առավել բարձր վարկանիշ ունեցող ժամերին։ Լիցենզավորված մասնավոր հեռարձակողների մեծ մասը նույնպես կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) տրամադրել է օրենքով նախատեսված 25 րոպե անվճար եթերաժամ, որը, որպես կանոն, տրամադրվել է դիտման առավել բարձր վարկանիշ ունեցող ժամերից դուրս:

Հավասար պայմաններով հասանելի վճարովի եթերաժամը հիմնականում ձեռք է բերել «Ուժեղ Հայաստան»-ը, որին հաջորդել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, և, ավելի փոքր չափով, «Հայաստան» դաշինքը։ Մշտադիտարկված հեռարձակողների մեծ մասը կազմակերպել է նաև անհատական հարցազրույցներ կուսակցությունների ներկայացուցիչների հետ, ինչը կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) լրացուցիչ հնարավորություն է տվել ներկայացնելու իրենց տեսակետները։ Հանրային հեռուստատեսությունը կազմակերպել էր երեք բանավեճ, որոնք բաց էին ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների համար, սակայն ոչ բոլոր քաղաքական ուժերն են որոշել մասնակցել: Քննարկումները հաճախ կրում էին առճակատային բնույթ, ինչը մեծապես պայմանավորված էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների վարքագծով։

«Ի հակադրություն իր իրավական պարտավորությունների և հանրային առաքելության՝ Հայաստանի հանրային հեռարձակողը «Հ1»-ի լրատվական թողարկումներում ցուցաբերել է ակնհայտ կողմնակալություն իշխող կուսակցության օգտին և բացասական երանգներով է լուսաբանել հիմնական ընդդիմադիր կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին): «Հ1»-ը իր լուսաբանման 14 տոկոսը հատկացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ հիմնականում դրական երանգավորմամբ, մինչդեռ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք և «Բարգավաճ Հայաստան» քաղաքական ուժերը ստացել են համապատասխանաբար՝ 17, 11 և 10 տոկոս լուսաբանում՝ հիմնականում բացասական երանգավորմամբ։ Նմանատիպ միտումներ արձանագրվել են նաև «FreeNews» հեռուստաընկերության և «Armtimes» կայքի դեպքում։ Ի հակադրություն «Կենտրոն», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները, ինչպես նաև «news.am» և «panorama.am» կայքերը հետևողականորեն ներկայացրել են կառավարությանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը բացասական լույսի ներքո՝ բարենպաստ լուսաբանելով ընտրված կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին)»,- ասված է զեկույցում։

Պաշտոնական նախընտրական քարոզարշավի ընթացքում ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն մշտադիտարկել է համապետական հեռուստաալիքների՝ «Հ1», «ATV», «Արմենիա TV», «Կենտրոն» և «Շանթ» հեռուստաընկերությունների, ինչպես նաև Երևանում գործող «FreeNews», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունների՝ դիտման առավել բարձր վարկանիշ ունեցող ժամերին (18:00 00:00) հեռարձակվող ծրագրերը։ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն մշտադիտարկել է նաև քաղաքական թեմաներին վերաբերող հոդվածները, որոնք հրապարակվել են armtimes, azatutyun (Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայություն), civilnet, news.am և panorama առցանց լրատվամիջոցներում։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «FreeNews» հեռուստաընկերությունը և «Armtimes» կայքը իրենց լուսաբանման համապատասխանաբար 19 և 32 տոկոսը հատկացրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ հիմնականում դրական երանգավորմամբ, մինչդեռ հիմնական ընդդիմադիր ընտրական մրցակիցներին լուսաբանել են առավելապես բացասական երանգավորմամբ։ «Կենտրոն» հեռուստաընկերությունն իր լուսաբանման 24 տոկոսը հատկացրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, իսկ «Երկիր Մեդիա»-ն՝ 13 տոկոսը «Հայաստան» դաշինքին, «Panorama»-ն՝ 20 տոկոսը «Ուժեղ Հայաստան»-ին՝ հիմնականում դրական երանգավորմամբ։ «Հ2»-ը և «news.am»-ը իրենց լուսաբանման համապատասխանաբար 12-13 տոկոսը հատկացրել են «Ուժեղ Հայաստան»-ին և «Հայաստան» դաշինքին՝ հիմնականում դրական երանգավորմամբ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է լուսաբանման 10 տոկոսը «Կենտրոն»-ում, 13 տոկոսը «Երկիր Մեդիա»-ում, 18 տոկոսը «Հ2»-ում, 21 տոկոսը «news.am»-ում և 24 տոկոսը «Panorama»-ում, ընդ որում լուսաբանման գերակշիռ մասը կրել է բացասական բնույթ։ «ATV»-ն, «Արմենիա TV»-ն և «Շանթ»-ը իրենց լուսաբանման 16-20 տոկոսը հատկացրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 15-19 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստան»-ին, 6-13 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքին, և 4-8 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, մինչդեռ մյուս ընտրական գործընթացի մասնակիցները ստացել են մինչև 4 տոկոս լուսաբանում։

Մեդիա միջավայրը՝ ընտրական շրջանում

Զեկույցում արձանագրվում է, որ վերջին շրջանում առցանց լրատվամիջոցների և մի շարք բլոգերների նկատմամբ ներկայացվել են խուլիգանության հոդվածով քրեական մեղադրանքներ՝ բարձրաստիճան պետական պաշտոնյաների նկատմամբ վիրավորական բովանդակության համար, ինչը հանգեցրել է մինչդատական կալանքների, իսկ մեկ դեպքում՝ նաև տեսանյութերի մոնտաժման սարքավորումների խուզարկության և առգրավման։

Հղում անելով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2025 թվականի տարեկան զեկույցին, գրվում է, որ 2025 թվականին լրագրողների և լրատվամիջոցների դեմ ներկայացվել է զրպարտության վերաբերյալ 61 դատական հայց, մինչդեռ 2024 թվականին դրանց թիվը կազմել էր 43։ Նման հայցերի մեծ մասը ներկայացվել է բարձրաստիճան պետական պաշտոնատար անձանց կողմից, այդ թվում՝ վարչապետի և Ազգային ժողովի նախագահի կողմից։

Լրագրողները իրենց մասնագիտական գործունեության ընթացքում բախվել են նաև բանավոր հարձակումների, սպառնալիքների, ինչպես նաև գործունեության խոչընդոտման և ճնշման այլ ձևերի, ինչը լրացուցիչ սահմանափակումներ է ստեղծում քաղաքական թեմաների լուսաբանման համար։ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի կողմից իրականացված լրատվամիջոցների մշտադիտարկումը ցույց է տվել, որ մշտադիտարկում անցած լրատվամիջոցների մեծ մասը կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից օգտագործվել է փոխադարձ վիրավորանքների և պառակտող նախընտրական հռետորաբանության տարածման համար՝ քիչ ուշադրություն դարձնելով ընտրական մրցակիցների ծրագրերի և դրանց բովանդակային վերլուծությանը, ինչի հետևանքով սահմանափակվել է ընտրողների՝ տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորությունը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930