Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանդատների հարցով քաղաքական որոշում չունենք, սպասում ենք ընտրության ամփոփ արդյունքներին»․ Գոհար Մելոյան

Հունիս 10,2026 15:19 Share

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Գոհար Մելոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ քննարկումներին, որ ընդդիմությունը չպետք է ընդունի ընտրության արդյունքն ու չվերցնի մանդատները կամ փողոցային պայքար պետք է սկսի։ «Բոլորն ակնկալում են մանդատների թեման, ժողովուրդ ջան, մինչեւ մանդատների թեմային հասնելը, այդ մանդատների հիմքում գտնվող թվերը պետք է ճշգրտվեն։ Այսպես ահռելի քանակի խախտումներ կան, մենք օր ու գիշեր աշխատում ենք»,- ասաց Մելոյանը։

Նա նշեց, որ մանդատների հարցով «Ուժեղ Հայաստան»-ը ոչ քաղաքական որոշում ունի, ոչ էլ համապարփակ քաղաքական քննարկումներ են իրականացվել։ «Բնականաբար, զուգահեռ կոնսուլտացիաներ իրականացվում են, բայց որոշումներ ունենալու համար պետք է ամփոփ արդյունքներ լինեն, սրանք նախնական արդյունքներն են։ Բազմաթիվ ճշգրտումները կարող են ելքային լինել, օրինակ՝ ԲՀԿ-ի՝ շեմը հաղթահարելու հարցը։ Այս պարագայում ստացվում է՝ այսօրվա գործող Ազգային ժողովից տարբերվող ձեւաչափ։ Այսինքն՝ հնարավոր է, որ ՔՊ-ն այլեւս հնարավորություն չունենա 3/5-ով որոշումներ կայացնելու։ Իսկ դա ոչ միայն դատախազ նշանակելու հարց է, այլ նաեւ մի շարք այլ հարցեր են։ Մենք բոլորս գիտենք սպասվող իրադարձությունների մասին, օրինակ՝ Սահմանադրության փոփոխության օրակարգ կա, նոր Սահմանադրության ընդունման, Տիգրանաշենի, այսպես կոչված անկլավների խնդիր կա։ Մի շարք հարցեր կան, բայց դրանց անդրադառնալու համար դեռ չկա քաղաքական որոշում, դեռ չկա վերջնական արդյունք»,- ասաց նա։

Անդրադառնալով վերահաշվարկին՝ Գոհար Մելոյանն ասաց․ «Երեւում է՝ որոշ դեպքերում ակնհայտ դիտավորություն է, որոշ դեպքերում հնարավոր է նաեւ տեխնիկական սխալ է»։ Նա նշեց, որ վերահաշվարկը մեծ ծավալով իրականացվում է։

Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանի հայտարարությանը, թե վերահաշվարկի արդյունքում ՔՊ ձայներն էլ են ավելացել, Գոհար Մելոյանն ասաց, որ ՔՊ-ն իրեն հարիր քաղաքական մանիպուլյացիաների է դիմում․ «Ի հեճուկս նրա, որ ասում են՝ մեր ձայներն ավելացել են, բավականին ձայն են կորցրել»։

Գոհար Մելոյանը նաեւ ընտրական փուլում բազմաթիվ խախտումների վերաբերյալ փաստեր ու տեսանյութեր ներկայացրեց։ «Մենք իրական ընտրական արդյունքների հետ գործ չունենք, սա քաղաքացու կամքի նկատմամբ ծայրահեղ միջամտություն է, ահռելի չափի իրավախախտումներ են կատարվել։ Ես համոզմունք ունեմ, որ քաղաքացու կամքը տեղ չի հասել, որպեսզի գնահատական տանք։ Հիմա փորձում ենք ինչ-որ չափով շտկել այդ իրավիճակը»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930