ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարծում է, որ ընդդիմադիր ուժերը, երբ խոսում են ընտրություններում կեղծիքների մասին, ինքնախոստովանական ցուցմունք են տալիս․ այս մասին նա այսօր ասաց խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում։
«Եթե այս ընտրություններում հիմնական ընտրակեղծիք դիտարկենք ընտրակաշառքը, տեսնում ենք, թե ո՞ր ուժերն են ընտրակաշառք բաժանել, ո՞ր ուժերի ներկայացուցիչների նկատմամբ են հարուցված քրեական գործեր»,- ասաց նա՝ հավելելով, որ ցավում է, որ ընդդիմադիր ուժերը հերթական անգամ ոչ թե դիմեցին ժողովրդին՝ ներկայացնելով ծրագրեր, զարգացման հեռանկարներ, այլ օգտագործեցին ընտրակեղծիքները՝ ընտրակաշառքների տեսքով, մանիպուլյացիաները՝ կեղծ թեզեր շրջանառելով, և երբ արձանագրվեց ժողովրդի կամքը, ոչ թե իրենց համար ցանկալի արդյունքը, չեն համակերպվում։
«Բայց ինչպես 2021-ին համակերպվեցին, այնպես էլ 2026-ին կհամակերպվեն։ Կհասկանան, որ ՀՀ-ում այլևս ժողովրդի կամքը հնարավոր չէ խեղել»,- ասաց Անահիտ Ավանեսյանը՝ չհամաձայնելով լրագրողների դիտարկումներին, որ ՔՊ-ն վարչական ռեսուրս է կիրառել։ Հայտարարեց՝ եղել են մի քանի նման անհատական դեպքեր՝ լրագրողների կողմից դիտարկված, դրանք առանձին կուսումնասիրվեն, և եթե մեղավորներ լինեն՝ կպատժվեն։
Վարչական ռեսուրսի կիրառման մասին խոսակցությունները նա ավելորդ է համարում։ Պնդում է՝ իշխանությունն արել է ամեն ինչ, որ ընտրությունները ազատ, արդար և թափանցիկ լինեն, ու այդպիսինն էլ եղել են, հանրությունն էլ կոնսենսուս ունի այդ առիթով։
Կարդացեք նաև
Իշխանության և կառավարության պայքարը հաջորդիվ ընտրակաշառքներն արմատախիլ անելն է։ Ուշագրավ է համարում, որ ընդդիմադիրներն այդպես էլ չհերքեցին ՔԿ-ի հրապարակած ձայնագրությունները։
Ուրախ է, որ «մեր սիրելի ժողովուրդը մեզ քվե է տվել՝ փոփոխություններ իրականացնելու և խաղաղություն բերելու»։
Այն, որ ռուսական կողմը չի շտապում շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, ավելին՝ հայտարարում են, որ ընտրությունները բազմաթիվ կեղծիքներով են անցել, Անահիտ Ավանեսյանին շատ չի հուզում։ Հարցին՝ դրանք կարո՞ղ են առանց այդ էլ բարդ հայ-ռուսական հարաբերություններն ավելի բարդ փուլ տեղափոխել, պատասխանեց, որ կարևորը՝ ՀՀ ժողովուրդն է ընդունել ընտրությունների արդյունքները։
Վստահ է՝ շնորհավորանքները դեռ շարունակվելու են, և երբ ընտրությունների պաշտոնական արդյունքները լինեն, վստահ է՝ «մեր սիրելի գործընկերների կողմից դեռ կլինեն շնորհավորանքներ»։
ՌԴ ԱԳՆ-ի հերթական հարցադրմանը՝ կողմնորոշել՝ ԵՄ, թե ԵԱՏՄ, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց՝ վարչապետի և ԱԳ նախարարի հայտարարություններին այս մասով հավելելու բան չունի։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից


















































