Հունիսի 12-ին Հայաստանի Հանրապետությունում սկսվում են բուհերի ընդունելության միասնական քննությունները, և դիմորդները վաղը քննություն կհանձնեն «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից։
Aravot.am-ի հետ զրույցում Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը նշեց, որ վաղը կգործի 17 միասնական քննական կենտրոն, որոնցից 6-ը Երևանում են, մյուսները՝ մարզերում։ «Կենսաբանություն հանձնողների թիվը 1504 է, ցավով պետք է նշեմ, որ աշխարհագրությունից ընդամենը 96 դիմորդ է քննություն հանձնելու։ Աշխարհագրություն առարկայից Երևանում քննություն է հանձնում ընդամենը 14 դիմորդ, Գյումրիում՝ 16, Իջևանում՝ 9։ Չունենք մարզ, որտեղ աշխարհագրությունից քննություն չեն հանձնում, միայն Գորիսում ընդամենը 1 հոգի է քննություն հանձնելու»,- նշեց պարոն Նասիբյանը։
«Քննությունների համար ԳԹԿ-ն ամբողջ ընթացքում կազմակերպելու է 21131 դիմորդի քննության գործընթացը։ ԳԹԿ-ի համար տարբերություն չկա՝ նույն դիմորդը 2 անգամ է հանձնում քննությունը, թե 2 քննություն հանձնում են տարբեր մարդիկ, որովհետև ԳԹԿ-ն այնուամենայնիվ բոլորի՝ 21131 հոգու համար կազմակերպում է քննասենյակներ, տպագրում է թեստեր և ստուգում է այդ 21131-ի գրավոր աշխատանքները։
Ամենից շատ քննություն հանձնում են անգլերենից՝ 5757, այնուհետև մաթեմատիկայից՝ 5467, երրորդ տեղում հայոց լեզու և հայ գրականություն առարկան է՝ 4232։ Մյուսները 2000-ի չեն հասնում։ Քիմիայից ունենք 1299 դիմորդ, կենսաբանությունից՝ 1504, Հայոց պատմությունից՝ 1289, ֆիզիկայից՝ 998, ռուսաց լեզվից՝ 365, մյուսներն ավելի քիչ են, քան 100-ը»,- հավելեց ԳԹԿ փոխտնօրենը։
Կարդացեք նաև
«Քննությունները սկսվում են ժամը 10-ին՝ ի տարբերություն նախորդ անգամների 9:30-ի։ 9:15-ին դիմորդները պետք է ներկայանան քննական կենտրոններ, որպեսզի կարողանան նրանց տեղաբաշխել՝ ժամը 10:00-ից քննությունը սկսելու համար։ Բացի օտար լեզուներից, մյուս քննությունների համար նախատեսվում է 3 ժամ, իսկ օտար լեզվի քննության տևողությունը 2,5 ժամ է։ Քննությունների ավարտից հետո (քննության օրը չհաշված) 5-րդ օրը հրապարակում ենք արդյունքները, դրանից հետո դիմորդները 24 ժամվա ընթացքում կարող են բողոքարկել ԳԹԿ՝ օնլայն տարբերակով, եթե իրենց չի բավարարում քննության արդյունքը»,- մանրամասնեց Կարո Նասիբյանը։
Հավելենք, որ հունիսի 16-ին դիմորդները քննություն կհանձնեն օտար լեզուներից՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն առարկաներից, հունիսի 19-ին՝ մաթեմատիկայից, հունիսի 23-ին՝ հայոց լեզու և հայ գրականություն առարկայից, հունիսի 26-ին՝ քիմիայից և ռուսերենից, իսկ հունիսի 30-ին՝ ֆիզիկա և Հայոց պատմություն առարկաներից։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































