Ermenihaber. Բրիտանական «The Economist» պարբերականը վերլուծական հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ ՆԱՏՕ-ում Թուրքիայի կարևորության մեծացման պատճառով Եվրոպան աչք է փակում երկրում ժողովրդավարության տապալման վրա և շարունակում է համագործակցել ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
«Ինչո՞ւ է ՆԱՏՕ-ի հանդեպ Թուրքիայի սերն աճել» վերնագրով հոդվածում նշվում է, որ Գերմանիայից բացի ՆԱՏՕ-ի և ոչ մի անդամ չի բարձրաձայնում Էրդողանի կողմից ընդդիմության դեմ մղվող «իրավական պատերազմի» մասին։ Որպես օրինակ նշվում է վերջերս՝ մայիսի 21-ին, թուրքական դատարանի կողմից գլխավոր ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելին պաշտոնից հեռացնելու որոշումը, որին Եվրոպան այդպես էլ չարձագանքեց։
Նշվում է նաև, որ Եվրոպական և ոչ մի երկիր (բացառությամբ Ուկրաինայի) չունի այնքան մեծ ու փորձառու բանակ, որքան ունի Թուրքիան։ Բացի այդ, Բոսֆորի և Դարդանելի նեղուցների նկատմամբ վերահսկողությունը Անկարային հնարավորություն է տալիս զսպել Ռուսաստանին Սև ծովում։
Որպես «լռության» հերթական պատճառ ընդգծվում է նաև թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների դերը, հատկապես անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող «Baykar»-ը, որը դարձել է եվրոպական բանակների կարևոր մատակարարը։ Ընկերությունը խոշոր պայմանագրեր ունի Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Լեհաստանի, Ռումինիայի և այլ երկրների հետ։
Կարդացեք նաև
Այս ամենին զուգահեռ ասվում է, որ չնայած ՆԱՏՕ-ում Թուրքիայի դերի մեծացմանը, Անկարայի և դաշնակիցների հարաբերությունները հարթ չեն։ Թուրքիան մեղադրում է ՆԱՏՕ-ին իր հարավային սահմաններից եկող սպառնալիքների նկատմամբ անտարբեր լինելու մեջ։
Բացի այդ, առկա է լուրջ տարաձայնություն Ռուսաստանի հարցում. եթե եվրոպացիները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կառավարությունը համարում են ամենամեծ սպառնալիքն իրենց համար, ապա Էրդողանը չի կիսում այդ տեսակետը։


















































