Էլեկտրոնային երաժշտությունը ներառում է բոլոր այն երաժշտական ոճերը, որոնք ստեղծվել են էլեկտրոնային երաժշտական գործիքների և տեխնոլոգիաների միջոցով։ Եվ չնայած էլեկտրոնային գործիքները ստեղծվել են դեռևս 20-րդ դարի առաջին կեսում, էլեկտրոնային երաժշտությունը որպես ժանր սկսեց ձևավորվել 20-րդ դարի երկրորդ կեսում։ Հայաստանյան մշակութային կյանքում այս ժանրը դեռ երիտասարդ է, փոխարենը՝ ունի երկրպագուների մեծ լսարան։ Իհարկե, ոչ հաճախ, բայց, օրինակ, Գառնու տաճարում կայացած էլեկտրոնային երաժշտության որևէ երեկո վերածվում է համացանցային բուռն քննարկման…
Հիմա գանք մեր օրեր։ Երեկ երեկոյան Aravot.am-ը «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա գտնվեց «DJ Meets Orchestra – A New Generation Music Show» խորագրով համերգին, անկեղծ ասած՝ այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աստղիկ Դալլաքյանը մեզ հավաստիացրեց. «Հանդիսատեսի կողմից արդեն իսկ սիրված այս նախագիծը հավակնում է դառնալ տարվա ամենասպասված և ամենահամարձակ երաժշտական իրադարձություններից մեկը։ Նախագիծը վերադառնում է լիովին նորացված, հզոր էներգետիկայով՝ ապացուցելով, որ դասական երաժշտության գլուխգործոցներն ու թվային դարաշրջանի բաբախող զարկերակը ոչ միայն կարող են համատեղվել, այլև ստեղծել միանգամայն նոր երաժշտական տիեզերք»։
Առաջ ընկնելով՝ ասենք, որ երեկոյի ավարտին միանշանակ համակարծիք էինք տիկին Դալլաքյանի հավաստիացման
Կարդացեք նաև
ը։ Իսկ հիմա ներկայացնենք այն, ինչի ականատեսը եղանք. բեմում երկու տարբեր աշխարհների հանճարեղ բախումն էր՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Յարոսլավ Բիչկովի ղեկավարությամբ, և էլեկտրոնային երաժշտության վարպետ DJ DΞRHOVΛ-ն (ԴերՀովա)։
Նվագախմբի ակուստիկ հզորությունն ու էլեկտրոնային բիթերը ունկնդրին տեղափոխեցին մի ճամփորդության, որը սկիզբ էր առնում նվագախմբի հոգուց և հասնում մինչև ժամանակակից պարահրապարակի էներգետիկ էպիկենտրոնը։
Շեշտենք, որ համերգի ձևաչափի ու երաժշտական նյութի մշակումը հսկայական աշխատանքի արդյունք են։ Ինչպես համերգից առաջ մեզ ասաց DJ DΞRHOVΛ-ն, դասական, էտալոնային համարվող ստեղծագործություններին դիպչելն արդեն իսկ համարձակություն ու պատասխանատվություն է։ Այդ գլուխգործոցներն էլեկտրոնային երաժշտության հետ համադրելիս նա փորձել է պահպանել դրանց ոգին ու երաժշտական կառուցվածքը։ Իմիջիայլոց, սա լուրջ մարտահրավեր է. «Դժվար է աշխատել նման հզոր ու հարուստ երաժշտական նյութի հետ»։
DJ DΞRHOVΛ-ն նաև խոստովանել էր, որ ծրագրի ամենախրթին ու բարդ հատվածը եղել է Ավետ Տերտերյանի 3-րդ սիմֆոնիայի 3-րդ մասը՝ միմյանց հաջորդող փոփոխական ռիթմիկ պատկերներով, որոնք կրում են հայկական ժողովրդական երաժշտության յուրահատուկ դրոշմը։
Սակայն հանդիսատեսի վերաբերմունքից փաստենք, որ փորձարկումն ավելի քան արդարացված էր։ Տերտերյանի տիեզերական հնչողությունը նոր դինամիկա ստացավ՝ ձուլվելով էլեկտրոնային երաժշտության էներգիայի հետ։
Իսկ երեկոյի ընթացքում փայլեցին մենակատարներ՝ ջութակահար Արամ Ասատրյանը Վիվալդիի «Տարվա եղանակներից» «Փոթորկի» (Storm) իր վիրտուոզ մենանվագով պարզապես էլեկտրականացրեց դահլիճը։ Ազգային երանգների ու էլեկտրոնային էներգիայի միախառնումը ապահովեց Հարություն Չքոլյանը, որի բլուլն ու զուռնան յուրահատուկ, հուզական ու հանդուգն հնչողություն հաղորդեցին հայկական ստեղծագործություններին։
Ժամանակակից փոփ և ռոք հիթերի վոկալային հատվածները վստահված էին Վահեին և Լառային (Barbar Project)։
Նրանց կատարումները՝ Մայքլ Ջեքսոնի Billie Jean-ը, Eurythmics-ի Sweet Dreams-ը, Սթինգի Desert Rose-ը, The Verve-ի Bittersweet Symphony-ն, Coldplay-ի A Sky Full of Stars-ն ու Boney M-ի հանրահայտ Rasputin-ը, դահլիճին ստիպեցին երգել ու պարել նվագախմբի հետ համահունչ։
Համերգային ծրագիրն իսկական կոնտրաստների հրավառություն էր։ Երեկոն մեկնարկեց Կարլ Օրֆի մոնումենտալ O Fortuna-ով, որին հաջորդեցին Մայք Օլդֆիլդի խորհրդավոր Tubular Bells-ը և Դվորժակի 9-րդ սիմֆոնիայի հանճարեղ 4-րդ մասը։
Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու Սամուել Բարբերի Adagio for Strings-ի և Ռեմո Ջազոտոյի (Ալբինոնիի) Adagio-ի թախծոտ ու խորը պատկերները, որոնք հաջորդվում էին Ռիմսկի-Կորսակովի «Իշամեղվի թռիչքի» գերարագ տեմպերով և Հանս Ցիմեռի կինեմատոգրաֆիկ Time-ով։ Իսկ Ջոն Ուիլյամսի The Imperial March-ը («Աստղային պատերազմներ» ֆիլմից) Ֆիլհարմոնիկի և DJ DΞRHOVΛ-ի մատուցմամբ հնչեց ահազդու և հզոր։
Համերգի եզրափակիչ ակորդը դարձավ Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը», որի կրակոտ ռիթմն ու էլեկտրոնային էներգիան դահլիճում առաջացրին հոտնկայս ծափահարությունների փոթորիկ։
«DJ Meets Orchestra»-ն ևս մեկ անգամ ապացուցեց, որ երաժշտությունը չունի սահմաններ, տարիքային սահմանափակումներ կամ ժանրային կաղապարներ։ Սա տպավորիչ, կամ, կարճ ասած, նոր սերնդի շոու էր, որը երկար կմնա ներկա հանդիսատեսի հիշողության մեջ։
Սամվել Դանիելյան
Լուսանկարները տրամադրել է Աստղիկ Դալլաքյանը։





























































