Մեր երկիրը պատմական վաղ անցյալ ունի, և դրա լուռ վկաները հազարամյակների պատմությամբ շատ ու շատ հուշարձաններն են՝ սկսած քարե դարից, դրանից առաջ և մինչև մեր օրերը։
Բացահայտված ու ուսումնասիրված են շատ նման հուշարձաններ, սակայն թաքնվածները նույնպես շատ են և պատահաբար հայտնաբերվում են։
Կարդացեք նաև
Վերջերս ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ. գ. թ. Արմինե Գաբրիելյանի ղեկավարությամբ ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի մոտակայքում իրականացվեցին հնագիտական ուսումնասիրություններ և պեղումներ նորահայտ հուշարձանում։
Այն գտնվում է Վեդի համայնքի Դաշտաքար և Ուրցաձոր գյուղերի միջև ընկած տարածքում (Վեդիից մոտավորապես 3 կմ դեպի արևելք, ծովի մակերևույթից մոտ 1000 մ բարձրության վրա)՝ ճանապարհի ձախակողմյան ջրատարի հարևանությամբ։ Հնավայրի հյուսիսային կողմում բարձր սարեր են։ Պեղումների վերջին օրը պեղավայրում ծանոթացա կատարված աշխատանքներին։
Ա. Գաբրիելյանը տեղեկացրեց.
— Տվյալ տարածքում առաջին անգամ մեր կողմից հետախուզական շրջայց է իրականացվել 2022 թ. մայիսին՝ Վեդի գյուղի բնակիչներից մեկի ուղեկցությամբ, որը մեզ հետ էր կապվել կարասային թաղումների մասին տեղեկատվություն փոխանցելու համար։ Հուշարձանի երկու բլուրների վրա երևում էին գանձագողերի կողմից արված փոսորակներ, որոնք առկա են մինչ օրս։
Հետախուզական աշխատանքներից պարզվել է, որ տարածքում առկա 2 բլուրների վրա կան շինությունների հետքեր, ինչպես նաև, որ կարևոր է, շատ են անտիկ շրջանի վերգետնյա գունազարդ խեցեղենի բեկորները։
2026 թ. մայիս-հունիս ամիսներին իրականացված կարճաժամկետ պեղումների ընթացքում դրվել է 14×10 մետր հետախուզահոր/պեղավայր, որի արդյունքում բացվել են 1,30-1,50 մ լայնությամբ երկճակատ, միջնային՝ ավելի մանր քարերի լիցքով պատեր, որոնք երկրի կողմերի նկատմամբ ունեն քիչ շեղումով հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք կողմնորոշում։ Բացված շինության ներսում պեղվել է նույն ժամանակաշրջանին վերաբերող քարարկղային մանկական թաղում։
Հետաքրքիր գտածոների շարքում կարելի է նշել ծիծեռնակապոչ կապերով մի քանի սրբատաշ քարերի հայտնաբերումը, որոնք, սակայն, իրենց տեղում չեն գտնվել և ունեն կրկնակի օգտագործում՝ իբրև դամբարանային կառույցի և այլ շինության մաս։
Բացի նշված հնավայրից, տարածքում առկա են այլ հուշարձաններ ևս, այդ թվում՝ ամրոց։ Հնարավոր է՝ նշված ծիծեռնակապոչ քարերն այնտեղից են տեղափոխել։
Հնագիտական արշավախմբի ղեկավարը հավելեց.
— 2026 թվականին պեղումները հայտնի չափով կրելու են նաև փրկարարական բնույթ՝ հնարավորինս վեր հանելու այդ հնավայրի հնագիտական և մշակութային համատեքստը, քանզի այն օրեցօր ոչնչանում է՝ տարածքում գանձագողերի կողմից կատարվող փորվածքների հետևանքով։
Օրվա ընթացքում հնագետ Լևոն Մկրտչյանը կատարեց դրոնային լուսանկարահանումներ, որոնք առավել տեսանելի են դարձնում տարածքը։ Հնավայր-բլուրները ժամանակին եղել են պարսպապատ, որոնց հիմքերն ու հետքերը երևում են։ Տարածքում կան նաև տասնյակ դամբարաններ։ Արշավախմբի ճարտարապետն է Հայկ Կյուրեղյանը, աշխատակիցները՝ Վեդիի և Դաշտաքարի բնակիչներ։ Հետագայում ծրագրվում է շարունակել պեղումները՝ ընդարձակելով պեղավայրի սահմանները։
Զոհրաբ Ըռքոյան

































































