Մեկնարկել է «Armeno-Georgica․ Հայ-վրացական պատմամշակութային առնչություններ․ հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան» միջազգային գիտաժողովը, որի կազմակերպիչներն են «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը եւ Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանը։
Aravot.am-ի հետ զրույցում պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի վերլուծաբան Գոռ Մարգարյանը նշեց, որ սա նախադեպը չունեցող գիտական միջոցառում է Հայաստանի եւ Վրաստանի գիտական, կրթական կենտրոնների համատեղ նախաձեռնությամբ. «Հետխորհրդային շրջանում սա եզակի դեպքն է հասարակագիտական դաշտում պատմության, պատմամշակութային հարցերի քննությանը երկկողմ դիալոգի գալու, միասին քննելու առումով: Սա ոչ թե Հայաստանից կամ Վրաստանից 2 փոքր կամ առանձին կազմակերպությունների համագործակցություն է, այլ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի եւ Թբիլիսիի պետական համալսարանի միջեւ սկսված համագործակցություն, որն այնքան է ընդլայնվել, որ մի կողմում՝ ի դեմս Հայաստանի, ՀՀ գրեթե բոլոր բուհերն ու գիտական կենտրոններն են ներկայացված՝ ներառյալ արեւելագիտության, պատմության, հնագիտության ինստիտուտները, Մատենադարանը, ԵՊՀ-ն, Մանկավարժական, Սլավոնական համալսարանները, իսկ վրացական կողմից՝ բոլոր խոշոր համալսարանները: Գիտաժողովին մասնակցում է 100 մասնակից՝ 10-ից ավելի երկրներից՝ Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Լեհաստան, Ռումինիա, Չեխիա, Գերմանիա, ՌԴ եւ այլն»։
Հարցրինք, թե ինչ ընդհանուր մարտահրավերներ ունենք մենք եւ վրացիները՝ հաշվի առնելով պատմամշակութային առնչությունները եւ այսօրվա տարածաշրջանային զարգացումները: «Առաջին հերթին այդ հարցին կպատասխանեմ որպես հետազոտող եւ գիտնական: Ընդհանուր մարտահրավերներից ամենակարեւորը գիտության ապաքաղաքականացումն է եւ թույլ չտալը, որ հազարամյա հարեւան, բարեկամ երկու երկրների, ժողովուրդների միջեւ որոշ նարատիվներ հանգեցնեն բանավեճերի, օգտագործվեն այլ ուժերի կողմից: Մյուս կողմից, խնդիր կա փոխճանաչելիության մակարդակը հատկապես երիտասարդության շրջանում բարձրացնելու: Գաղտնիք չէ, որ հասարակական դաշտում կարծիքների ձեւավորման վրա շատ հաճախ մտավորական հատվածն է ներազդում, ուստի պատահական չէ, որ հենց գիտնականները, մշակութաբանները, պատմաբաններն իրենք են հավաքվել այս հարցերը քննարկելու: Եվ եթե քննարկում են 2 կողմերը եւ քննարկում են փաստերի հիման վրա, դա արդեն դառնում է գիտական քննարկման առարկա եւ ոչ երբեք այլեւայլ նարատիվների համար հնարավոր բանավեճի թեմա»,- ասաց Գոռ Մարգարյանը:
Գիտնականը մանրամասնեց, որ շատ կարեւոր ու հետաքրքիր թեմաներ են քննարկվելու գիտաժողովում, նաեւ առանձնացրեց մասնավորապես 18-րդ դարում Հայաստանի եւ Վրաստանի հայ եւ վրաց ժողովուրդների զինական համագործակցությանը, Շահամիր Շահամիրյանի եւ վրաց թագավոր Հերակլ 2-րդի համագործակցությանը, Հայաստանի եւ Վրաստանի ազատագրությանը, անկախության, պետականության, պետության վերականգնման ջանքերին նվիրված թեմաները:
Կարդացեք նաև
Գոռ Մարգարյանը նշեց, որ, օրինակ, Մոնպելիեի համալսարանը ներկայացնող Գրիգոր Փերաձեի թեման է «Մադրասի հայկական խմբակը եւ Հերակլ 2-րդ թագավորը. հայ-վրացական քաղաքական ծրագիրը՝ 18-րդ դարի վերջին», իսկ Վրաստանի պետական համալսարանից Գեորգի Չեիշվկինի թեման նվիրված է 11-12-րդ դարերի պատմությանը, նույն շրջանին վերաբերող այլ թեմաներ էլ կան, ինչպես Օքսֆորդի համալսարանից Սոփիո Քադագիշվիլիի «Ինքնությունների խաչմերուկում. Մխարգրձելիները /Զաքարյանները միջնադարյան վրացական եւ հայկական պատմագրության մեջ»: Հավելեց, որ հայերի եւ վրացիների ինքնության հարցերին առնչվող թեմաներից բացի, անդրադարձ է արվելու Տայքին, Աղվանքին:
«Գիտաժողովն այնքան սպասված եւ տեղին էր, որ ի սկզբանե երկկողմ համաձայնություն էր ձեռք բերվել, որը հիմա ամրապնդված է, որ այս կոնգրեսը անցկացվելու է հաջորդական պարբերականությամբ՝ մեկ անգամ Երեւանում, եւ մեկ անգամ Վրաստանում: Գիտաժողովն իր մեջ ներառում է եւ կլոր սեղան քննարկումներ, եւ երիտասարդական թեւ ունի: Գիտաժողովը կտեւի մինչեւ սեպտեմբերի 4-ը»,-ընդգծեց գիտնականը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































