Լրահոս
Օրվա լրահոսը

Երկաթուղային տրանսպորտի մասով 2025 թ.-ի ծախսերը կազմել են 270 մլն դրամ, կատարողականը՝ 100 տոկոս. Դավիթ Խուդաթյան

Հունիս 11,2026 17:55 Share

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները: Հունիսի 11-ի նիստում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության ոլորտային հատկացումներն ու ծրագրերը 2025 թվականի կտրվածքով:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության համար հաշվետու տարում 21 ծրագրերի 135 միջոցառման իրականացման նպատակով նախատեսվել է 343.8 մլրդ դրամ, որից ծախսային ծրագրերով՝ 318.1 մլրդ դրամ: 25.7 մլրդ դրամը դեֆիցիտի ֆինանսավորման մեջ ներառված ծրագրերով է ստացվել: Հատկացված գումարներից փաստացի ծախսվել է 318.1 մլրդ դրամը, որից ծախսային ծրագրերով՝ 293.5 մլրդ դրամ, իսկ 24.6 մլրդ դրամը՝ դեֆիցիտի ֆինանսավորման մեջ ներառված ծրագրերով: Կատարողականը 2025 թվականի ճշտված բյուջեի նկատմամբ կազմել 92.3 տոկոս, իսկ տարեսկզբին հաստատված բյուջեի նկատմամբ՝ 101.8 տոկոս:

Նախարարությունը հաշվետու տարում փաստացի 27.3 մլրդ դրամով կամ 9.4 տոկոսային կետով ավելի է ծախսել նախորդ տարվա համեմատ: 2025 թվականին նախարարության ծախսած գումարներից ավելի քան 117.2 մլրդ դրամը եղել են կապիտալ բնույթի ծախսերը:

Այնուհետեւ Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ծախսերի կառուցվածքը՝ ըստ ոլորտների:

Նախարարությունը 2025 թվականի բյուջեով տրանսպորտային ճանապարհաշինության ոլորտում փաստացի ծախսել է 102.7 մլրդ դրամ, որը կազմել է նախարարության ընդհանուր ծախսերի 32.3 տոկոսը: Դրա շրջանակում իրականացվել է 3 ծրագրերում ներառված 25 միջոցառում:

Էներգետիկայի եւ բնական պաշարների ոլորտի ծախսը կազմել է 31.6 մլրդ դրամ, ընդհանուր ծախսերի 10 տոկոսը:

Ջրային տնտեսության ոլորտում նախատեսվել է 28.1 մլրդ դրամ: Իրականացվել է 6 ծրագիր՝ 42 միջոցառմամբ:

Տարածքային կառավարման ոլորտում նախատեսվել է 155.7 մլրդ դրամ, որը կազմում է նախարարության ընդհանուր ծախսերի 48.9 տոկոսը:

Տրանսպորտի ոլորտում հատկացված է եղել 114.7 մլրդ դրամ: Փաստացի ծախսը կազմել է 102.7 մլրդ դրամ:

Ճանապարհաշինական ծրագրերի իրականացման համար նախատեսված է եղել 113.8 մլրդ դրամ, որից 103 մլրդ դրամը կապիտալ ծախսերն են: Փաստացի ծախսը 101.9 մլրդ դրամ է, կատարողականը՝ 89.5 տոկոս: Ծրագրով 504.5 կմ երկարությամբ ճանապարհներ են հիմնանորոգվել, կառուցվել եւ վերակառուցվել:

Վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի շրջանակում շարունակվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը, որի փաստացի ծախսը կազմել է 34.6 մլրդ դրամ կամ պլանավորածի 99.4 տոկոսը:

Նախարարը մանրամասնել է ճանապարհաշինական ոլորտում իրականացված եւ առաջիկայում նախատեսված ծրագրերը:

Ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտին անդրադառնալով՝ Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել է, որ հանրապետության տարածքում միասնական երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակում գործարկվել է Արագածոտնի մարզի միասնական երթուղային ցանցը, ձեռք է բերվել 98 ավտոբուս, ներդրման ծավալը կազմել է 1.3 մլրդ դրամ:

Երկաթուղային տրանսպորտի մասով 2025 թվականի ծախսերը կազմել են 270 մլն դրամ, կատարողականը՝ 100 տոկոս: Հաշվետու տարվա ընթացքում իրականացվել են նաեւ 1.7 մլրդ դրամի ենթակառուցվածքների եւ շարժակազմի արդիականացման աշխատանքներ: Հաշվետու տարվա ընթացքում երկաթուղային տրանսպորտով տեղափոխված բեռների ծավալը կազմել է 1.85 մլն տոննա, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 28.5 տոկոսով:

Օդային տրանսպորտի ոլորտում 2025 թվականին նախատեսվել է 616.3 մլն դրամ, փաստացի ֆինանսավորվել է 593.1 մլն դրամը, կատարողականը կազմել է 96.2 տոկոս: Իրականացվել են կանոնավոր չվերթներ 65 ուղղություններով:

Էներգետիկայի եւ բնական պաշարների ոլորտում հատկացվել է 33.5 մլրդ դրամ, փաստացի ծախսը կազմել է 31.6 մլրդ դրամ, կատարողականը՝ 94.5 տոկոս: Գումարը 4 ծրագրերով նախատեսված 13 միջոցառումների իրականացմանն է ուղղվել:

Էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ծախսը կազմել է 7.2 մլրդ դրամ, կատարողականը՝ 100 տոկոս:

Նախարարը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են ոլորտային ծախսային ուղղությունների մանրամասներին, կատարված աշխատանքներին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930