Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով այսօր դատարանը քննարկեց գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի խափանման միջոցի հարցը:
Հանրային մեղադրողը միջնորդեց եւս երեք ամսով երկարաձգել Հակոբյանի կալանքի ժամկետը:
Կարդացեք նաև
Տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը միջնորդեց երկարաձգել կալանքը: Նորիկյանն ասաց՝ կալանքը պետք է երկարաձգվի եւս երեք ամսով, որովհետեւ ապացույցների հետազոտությունից հետո հանդես է գալու միջնորդությամբ՝ Եղիշե Հակոբյանի մերձավոր շրջապատից որոշ անձանց դատակոչելու ու հարցաքննելու վերաբերյալ:
Ըստ Նորիկյանի՝ այդ տեսանկյունից հնարավոր է, որ Եղիշե Հակոբյանը կարող է որոշակի անօրինական ազդեցություն ունենալ կամ ազդել իր մերձավորների վրա:
Հակոբյանի պաշտպանը առարկեց միջնորդությանը՝ ասելով, որ իրավաչափության պայմաններն են փոփոխվել, դատավարական կողմի ցանկացած միջնորդություն չի կարող կապվել անձի ազատության հետ, քանի որ անձի ազատությունը իրավունքի իրացում է: Պաշտպանի խոսքով՝ նախադեպային իրավունքում հստակ նշվում է՝ հանգամանքներ պետք է լինեն, որոնց հետ համակցությամբ հնարավոր կլինի գնահատել անձի՝ կալանքի տակ պահել-չպահելու հարցը, ապա առաջարկեց Եղիշե Հակոբյանի նկատմամբ կիրառել տնային կալանք ու գրավ՝ ասելով, որ Եղիշեի մայրը ծանր հիվանդ է, կան փաստական տվյալներ այդ մասին ու նրա մայրն ունի խնամքի կարիք:
Դատարանը լսելով կողմերին՝ որոշեց եւս երեք ամսով երկարաձգել Եղիշե Հակոբյանի կալանքը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ






















































