Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղից տեղահանված ընտանիքներից ավելի քան 2970-ը կամ 13,4 հազար մարդ արդեն գնել է իր տունը»․ Տիգրան Խաչատրյանը թվեր ներկայացրեց

Հունիս 16,2026 12:13 Share

«2025 թվականին Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական ինտեգրման միջավայրը բարելավելու հարցերը շարունակել են մնալ կառավարության հիմնական առաջնահերթությունների թվում»,- ԱԺ նստաշրջանում 2025 թվականի բյուջեի կատարման մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ եթե 2023-2024 թվականներին բյուջետային ծրագրերով ֆինանսավորվող աջակցության ձեւաչափերում կառավարության առաջնահերթությունը տեղահանվածների կեցության ծախսերի, այդ թվում՝ վարձավճարների փոխհատուցման եւ հրատապ դրամական աջակցության ծրագրերի իրականացումն էր, ապա 2025 թվականին առաջնային են համարվել բնակարանային լուծումների, ինչպես նաեւ սեփական աշխատանքով արժանապատիվ բարեկեցություն ստեղծելու հարցերը։

«Մասնավորապես, շարունակվել է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Հետեւել ենք ծրագրի իրականացման ընթացքին, ընդունել ենք որոշումներ՝ ի հայտ եկած խնդիրներին արձագանքելու եւ գործընթացի արագացմանն ուղղված փոփոխություններ իրականացնելու նպատակով։ 2025 թվականի հուլիսի 1-ից սերտիֆիկատների ստացման հնարավորությունը բացվեց ծրագրի պայմաններին բավարարող բոլոր ընտանիքների համար՝ անկախ ընտանիքի կազմից»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ ավելացել է այն բնակավայրերի թիվը, որտեղ բնակարան կամ տուն գնելու համար մեկ անձի հաշվով աջակցության չափը սկզբնական սահմանված 3 մլն դրամի փոխարեն սահմանվել է 4 մլն դրամ։ Այդ թվում են նաեւ երեւանամերձ մարզերի համայնքները։

«Արդյունքում՝ 2026 թվականի մայիսի 31-ի դրությամբ ծրագրի շրջանակներում հավաստագիր է տրամադրվել 6444 ընտանիքների, որոնցում ներառված է 26 432 մարդ։ Ընտանիքներից ավելի քան 2970-ը կամ 13,4 հազար մարդ արդեն իսկ գնել է իր տունը կամ բնակարանը։ Կառավարության աջակցության շրջանակներում մեր հայրենակիցների գնած բնակարանների արժեքը կազմում է շուրջ 48 մլրդ դրամ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Տիգրան Խաչատրյանը մանրամասներ ներկայացրեց նաեւ արցախցիների համար իրականացվող աջակցության մյուս ծրագրերի մասին։

«2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում ավելի քան 31 300 տեղահանված մեր հայրենակիցներ ունեն մշտական աշխատանք կամ ինքնազբաղվածություն։ Ընդհանուր առմամբ Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության նպատակով 2025 թվականի պետական բյուջեից փաստացի ծախսվել է 45 մլրդ 700 մլն դրամ, իսկ 2023 թվականից ի վեր՝ շուրջ 146 մլրդ դրամ։ Միեւնույն ժամանակ, հարկ եմ համարում նշել, որ տեղահանված մեր հայրենակիցների առողջապահական եւ հանրակրթական ծառայությունների, ինչպես նաեւ կենսաթոշակների հատկացման գծով առանձին ծախսային հաշվառում չենք իրականացնում»,- ասաց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930