«Դեռևս 2025 թ.-ից ընդունվել է կառավարության համապատասխան որոշում, և անապահովության գնահատման նոր համակարգը փորձարկվել է նախ Սյունիքի ու Կոտայքի մարզերում: Ներկայիս նախագծով կառավարությանը առաջարկել էինք որոշակի փոփոխություններ, որոնք միտված էին փորձարկման արդյունքում հայտնաբերված տեխնիկական բացերի շտկմանը, և բովանդակային լուրջ փոփոխություններ են արվել»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը՝ ներկայացնելով հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ներդրվող անապահովության գնահատման նոր համակարգը։
Փոխնախարարը նշեց, որ փոփոխությունների արդյունքում նախագիծը բարելավվել է. «Բացառվել են այն գործոնները, որոնց պատճառով իրականում նպաստի կարիք ունեցող ընտանիքները դուրս էին մնում անապահովության գնահատման համակարգից: Հիմնական գործոնը, որի պատճառով նրանք դուրս էին մնում, նախկինում ունեցած վարկային չմարված պարտավորություններն էին կամ ինչ-որ մեկին երաշխավոր հանդիսանալը: Մենք այժմ փոխել ենք վարկի վաղեմությունը, հստակ նշել ենք, թե որքան ժամանակ մարումներ չպետք է լինեն:
Նաև սա ենք փոփոխել. նախկինում 18-22 տարեկան կրթություն ստացող անձի համար եկամուտ չէր հաշվարկվում, իսկ տվյալ դեպքում մենք տարիքային սահմանափակումը հանել ենք: Այսինքն՝ անկախ տարիքից, եթե անձը որոշել է ստանալ այլ մասնագիտություն կամ բարելավել իր մասնագիտական գիտելիքները և այս պահին կրթության փուլում է, իրեն որպես աշխատունակ անձ եկամուտ չի վերագրվում անապահովության նպաստի հաշվարկման բանաձևում»։
Լուսինե Քոչարյանը մեկ այլ օրինակ էլ բերեց. «Եթե ընտանիքի անդամը վերադարձել է զինվորական ծառայությունից կամ քրեակատարողական հիմնարկից, և 6 ամիսը դեռ չի լրացել, նրանց եկամուտ չի վերագրվում, քանի որ անձը պետք է աշխատանք գտնի, ներառվի առօրյա կյանքում, նոր համարենք, որ աշխատունակ է և նրան եկամուտ վերագրվի»։
Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































