Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեգործությունն արգելված էր, բայց Փաշինյանը սնունդ էր, որ բաժանում էր. Լիպարիտ Դրմեյան

Հունիս 16,2026 12:48 Share

«Միասնության թեւեր» կուսակցությունը հունիսի 7-ի ընտրության արդյունքները պատրաստվում է վիճարկել Սահմանադրական դատարանում եւ այլ իրավական գործընթացներ եւս նախատեսել են, որոնց մասին կխոսեն առաջիկա օրերին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կուսակցության պատգամավորի թեկնածու Լիպարիտ Դրմեյանը:

«Վիճարկել ենք Երեւան քաղաքի ընտրության արդյունքները, խնդրել ենք վերահաշվարկ կատարել բոլոր ընտրատեղամասերում: Վերահաշվարկից հետո 17 ընդդիմադիր ուժերից 2-ը՝ «Միասնության թեւերը» եւ «Ուժեղ Հայաստանը» դիմում են ներկայացրել ԿԸՀ՝ խնդրելով Ընտրական օրենսգրքի 101 հոդվածի հիման վրա անվավեր ճանաչել ընտրությունները, նշանակել վերաքվեարկություն: ԿԸՀ հունիսի 14-ի որոշման վերաբերյալ հայտարարել ենք, որ այն իրավաչափ չէ»,- իրենց քայլերը հերթականությամբ ներկայացրեց Դրմեյանը:

Նա վստահեցրեց՝ տեր են կանգնելու իրենց ձայն տված քաղաքացիների քվեներին եւ իրավաչափ բոլոր եղանակներով գնալու են մինչեւ վերջ:

«Ընտրությունները չեն արտահայտել ընտրողների իրական կամքը, որովհետեւ նախընտրական ողջ ընթացքում մեր քաղաքացիների վրա կիրառվել են այնպիսի միջոցներ իշխող ուժի կողմից ու պետական համակարգից, որ ընտրողները չեն կարողացել արտահայտել իրենց ազատ կամքը տեղամասերում, ընտրությունները չեն եղել ազատ ու հավասար:

Պետական տեսուրսն աննախադեպ կիրառվել է ամբողջ քարոզարշավի ընթացքում: Մենք հրապարակեցինք ձայնագրություններ, թե ինչպես են տարբեր ուսումնական հաստատությունների ղեկավարներին ստիպում, որ մարդկանց, ուսուցիչներին տանեն ՔՊ հավաքներին: Դրա մասին հաղորդում ներկայացրինք գլխավոր դատախազություն, բայց մինչեւ այս պահը չունենք արձագանք ու չկա ընթացք այդ մասով»:

Ըստ Դրմեյանի՝ այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն ունի համայնքի ղեկավար, ավագանի, ապա ղեկավարի կամ ավագանու կողմից նախընտրական փուլում տարբեր քաղաքացիներին նվիրատվություններ են բաժանել, որոշ դեպքերում ազատել գույքահարկից ու այլ պատասխանատվություններից: Այն անձինք, որոնք ստացել են նվիրատվությունները, ազատվել հարկային պարտավորություններից, մասնակցել են ընտրություններին:

Դրմեյանը խոսեց նաեւ նախընտրական փուլում պետական ծառայողներին բաժանված հավելավճարների աննախադեպ ծավալներից ու դա էլ որակեց պետական ռեսուրսի չարաշահում:

«Նախընտրական հիմնադրամի վերաբերյալ ՔՊ ներկայացրած հաշվետվությունից երեւում է՝ 130 գույք է անհատույց տրվել հիմնադրամին: Օրենքը պարտադրում է, որ անհատույց տրամադրման դեպքում էլ նշվի շուկայական արժեքը: Պռոշյան համայնքում, որտեղ մենք նույնպես ունենք վարձակալած գրասենյակ, ՔՊ-ի վարձակալած գրասենյակի ճիշտ հարեւանությամբ, ՔՊ-ն այդ գույքը հայտարարագրել է 10 անգամ ավելի էժան, երբ այդ նույն փողոցի վրա մեր վարձակալած գրասենյակը տասը անգամ ավելի բարձր գին ունի: Արժեքը հիմնադրամի սահմանափակված է օրենքով 800 միլիոն դրամը չի կարող գերազանցել, այն դեպքում, երբ ՔՊ-ի մոտ 799 միլիոն դրամը արդեն հայտարարագրված է: Մեր համոզմամբ՝ այս գույքերի արժեքը էականորեն գերազանցելու էր նախընտրական հիմնադրամի շեմը, որը բերելու էր իրավական հետեւանքներ, ընդհուպ կարող էր ՔՊ-ի գրանցումը անվավեր ճանաչվել»:

Դրմեյանը նաեւ նկատեց, որ հաշվետվության մեջ չկա ՔՊ-ի գոնե մեկ աշխատակցի վերաբերյալ տեղեկություն, որը նախընտրական քարոզարշավում մասնակցություն է ունեցել:

Ինչ վերաբերում է օրենքով արգելված բարեգործությանը ՝ Դրմեյանի խոսքով, հակառակ արգելքին, նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը անսահմանափակ թխվածքաբլիթներ էր, որ բաժանում էր:

«Թխվածքաբլիթը համարվում է սնունդ»,- ընդգծեց Դրմեյանը ու նկատեց, որ օրինակ իրենց նույնիսկ փոքրիկ խախտումները նախընտրական փուլում չեն վրիպել իրավապահների աչքերից.

«Մեր ուժի կողմից վարձակալած տրանսպորտային միջոցները ենթարկվել են վարչական պատասխանատվության կայանման համար: Ճիշտ է, հետո վիճարկել ենք, հաղթել ենք, բայց դա մեզանից տարել է ռեսուրս ու ժամանակ: Եվ դա էլ ընդդիմադիր ուժի նկատմամբ կիրառվող ճնշումներ են»:

Ըստ Դրմեյանի՝ ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված 15 միլիոնը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար, ինչպես կանխատեսել էին, այդ միջոցները իշխանությունները եւս ուղղել են ընդդիմությանը ճնշելու ուղղությամբ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930