Հարավային Կովկասի «վերջին, շատ փխրուն ժողովրդավարություն ունեցող» հետընտրական Հայաստանի մասին է ծավալուն վերլուծություն հրատարակել 2018-ին Բեռլինում հիմնադրված քաղաքական, տնտեսական եւ հասարակական թեմաներ արծարծող անկախ լրագրությունը կարեւորող «The Pioneer»-ը՝ հունիսի 15-ին հրատարակելով «Հայաստանը եւ խաղաղության գինը» վերնագրված վերլուծությունը՝ Արարատի մշտահմա գեղեցկությանը հենված Երեւանից լուսանկար կցելով: Հեղինակը Վանաձորում ծնված, Մոսկվայում ապրած, այժմ Դրեզդենում բնակվող սոցիոլոգ, պատմաբան, գրող Արեն Վանյանն է: Վերլուծությունը ցույց է տալիս, թե «ինչպես է ընտրությունների արդյունքը երկիրը դրել լուրջ փորձության դեմ հանդիման՝ Ադրբեջանի ճնշման, Մոսկվայի անվստահության, Արեւմուտքի սպասումների միջեւ», ընդգծում է The Pioneer-ը՝ հրապարակման նախաբանում:
«Հայաստանի հետխորհրդային պատմության ընթացքում ոչ մի ընտրություն հասարակությանն այնքան չի բաժանել, որքան հունիսի 7-ին կայացածը: Աշխարհաքաղաքական լարվածությանն էր գումարվել քաղաքական ղեկավարության սուր հռետորաբանությունը: Իշխող կուսակցության նախագահ Փաշինյանն ընտրողներին խոստացավ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր, տնտեսական բարգավաճում, իսկ ընդդիմությանը որակեց «քրեական օլիգարխիա» եւ «պատերազմի կուսակցություններ», գրում է Արեն Վանյանը։
… «Փաշինյանը չկարողացավ ապահովել սահմանադրական մեծամասնություն, իսկ ռուսամետ ընդդիմությունը ԱԺ ում բավարար տեղ ստացավ բարեփոխումը խոչընդոտելու համար», գրում է սոցիոլոգը «The Pioneer»-ում հրապարակված ծավալուն հոդվածում՝ նշելով, թե «Ադրբեջանն անպայման կօգտագործի իրավիճակը Հայաստանին մեղադրելու, որ խաղաղության գործընթացը խափանում է, իսկ Ալիեւը նույնիսկ հիմա, առանց խաղաղության պայմանագիր կնքելու էլ զգալի օգուտ է քաղում տարածաշրջանում ՀՀ-ի ունեցած թույլ դիրքից: Ադրբեջանի հետ ռազմական նոր հակամարտության վախը ստիպում է ՀՀ-ին նվաստացուցիչ զիջումների գնալ՝ ապագա խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար: Հայության մի մասը չի հասկանում, թե ինչու խաղաղության անհրաժեշտությունը ծագեց անցյալում կրած ծանր կորուստներից հետո, մյուս մասը չի հավատում, թե ստորագրումից հետո էլ խաղաղություն կլինի բռնապետական Ադրբեջանի հետ: Այդուհանդերձ Փաշինյանի կուսակցության համար կարեւոր է, որ Ադրբեջանի հետ հակամարտությունը հայտարարի ավարտված՝ պատմական տեսանկյունից դրական ներկայացնելու, 2020-2023 թվականների ողբերգությունների պատասխանատվությունը թոթափելու համար», գրում է Վանյանը: «Իրականում, Հայաստանը չի ընտրում իր ցանկալի ապագան, այլ այն, որը կարող է ինքնիրեն արտոնել՝ թելադրված Հարավային Կովկասի քաղաքական ճարտարապետությամբ:
…Հոդվածագիրն իր վերլուծությունն ավարտում է հետեւյալ պարբերությամբ. «Ընտրություններից հետո Փաշինյանի կուսակցության մանեւրելու հնարավորությունն ավելի է սեղմվել: Այն հավանաբար կշարունակի դիվերսիֆիկացման զգուշավոր ռազմավարությունը, որ թույլ է տալիս ազատվել ՌԴ-ի լիակատար վերահսկողությունից: Իշխող կուսակցությունը կփորձի հնարավորինս երկար հավասարակշռություն պահպանել տարածաշրջանային դերակատարների միջեւ՝ միաժամանակ ջանալով խաղաղության համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ:
Կարդացեք նաև
Առանց արտաքին ճնշման՝ ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ», գերմանական «The Pioneer »-ում գրում է սոցիոլոգ Արեն Վանյանը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում


















































