«Ասել, որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարը, սխալ կլինի։ Մենք շատ ենք քննարկել իր հետ, հատկապես հետընտրական այս մի քանի շաբաթվա ընթացքում ակնհայտ էր, որ վարչախումբն, ամեն կերպ փորձելով վերարտադրվել, մանդատներ գողանալով, պետք է փորձի գլխատել ընդդիմության հիմնական շարքերը»,- դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» միավորման մամուլի պատասխանատու, լրագրող Դավիթ Սարգսյանը։
«Սա քաղաքական հետապնդում է և «ՀայաՔվեն» որպես ինստիտուցիոնալ կառույց գլխատելու, կազմալուծելու փորձ»,- ասաց Դավիթ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ «ՀայաՔվեն» մոտ 220 վստահված անձինք ուներ, որոնք «Ուժեղ Հայաստան» դաշինքի շրջանակներում դիտարկում էին խորհրդարանական ընտրությունները։
Դավիթ Սարգսյանը նկատում է՝ այս վճռորոշ փուլում, երբ հունիսի 26-ին էլ ՍԴ-ում քննարկվելու են ընդդիմադիր ուժերի՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները, «ՀայաՔվեն» մեծ նպաստ կարող էր բերել, պարզապես որոշել են գլխատել ընդդիմադիր այս կառույցին՝ մեկուսացնելով համակարգողին։ Բայց վստահեցնում է՝ կառույցն իր բնականոն աշխատանքը կշարունակի Ավետիք Չալաբյանի ժամանակավոր բացակայությամբ։
«Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի հայտարարությանը, որ հավանաբար իրենց ներկայացրած տեղեկանքի հիման վրա է Ավետիք Չալաբյանի նկատմամբ գործ հարուցվել, Դավիթ Սարգսյանը չանդրադարձավ՝ փաստական հանգամանքների մեկնաբանությունը թողնելով իրավաբաններին։ Միայն ասաց՝ Ավետիք Չալաբյանին «փնթի մեղադրանք» է առաջադրված։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ավետիք Չալաբյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ)։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այժմ քննվում է Ավետիք Չալաբյանի կալանքի հարցը։ Նախագահողն է դատավոր Ջոն Հայրապետյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նկարը՝ Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջից


















































