Լրահոս
Օրվա լրահոսը

«Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը հստակ զավթողական ծրագիր է. Տաթևիկ Հայրապետյան

Հունիս 24,2026 17:02 Share

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ բոլոր նրանք՝ լինեն դիմադիր, ընդդիմադիր, անդիմադիր, ով ուզում է լինի, եթե հանրային դաշտում ասեն, որ «Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգը Ադրբեջանի ղեկավարության կողմից դրվել է շրջանառության մեջ՝ ի պատասխան Արցախի հիմնահարցի, կամ տգետ է և թեմայի մասին որևէ գիտելիք չունի, կամ Ադրբեջանի փաստաբանն է մեր հանրային դաշտում։

Այս թեման արդեն ազգային անվտանգության հարց է, դրա սպառնալիքները մեզ բոլորիս են վերաբերում։ Այն, որ Ադրբեջանի ղեկավարը աչք ուներ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների վրա, դա երևում էր դեռ 2012-2013 թվականների Ալիևի ելույթների ուսումնասիրությունից, որտեղ նա հայտարարում էր. «Էրիվանի խանությունը, Զանգեզուրը, Գյոյչան՝ սրանք բոլորը մեր պատմական հողերն են»։ Արցախի հարցում ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով Ալիևի ախորժակն ավելի մեծացավ, որոշեց աչք դնել արդեն ողջ Հայաստանի վրա, որովհետև իրենց քաղաքականության մեջ Արցախն ընդամենը խնդիրներից մեկն էր։ Սա իմանալու համար պետք էր ուղղակի ուսումնասիրել այդ պետության քաղաքականությունը, հայտարարությունների և գործողությունների դինամիկան, դուրս հանել օրինաչափությունը, և ամեն ինչ շատ պարզ կդառնար։ Մենք ունեցել ենք և ունենք շատ կանխատեսելի հակառակորդ։

«Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգը Ադրբեջանի ղեկավարության կողմից շրջանառության մեջ դրվեց 2022 թվականին՝ Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց անմիջապես հետո։ Ընդ որում, դրա մասին նույն Ալիևը ուղիղ տեքստով հայտարարել է. «Այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած խնդիրը։ Իհարկե, վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը։ Բայց մենք չպետք է ժամանակ վատնենք»։
Ի հիշեցում ասեմ, որ այդ ժամանակ Արցախի հայերը դեռևս էթնիկ զտման չէին ենթարկվել, իրենք ապրում էին իրենց հայրենիքում, ու չկար վերադարձի իրավունքի հարց, ուստի չի կարող դա լինել որևէ «հայելային» պատասխան։ Ավելին, իրավունքի դաշտում միջազգային դատարանները մերժել են Ադրբեջանի դիմումները, ուստի այդ թեման փակված է այդ տիրույթում։ Բայց քանի որ Ադրբեջանը ագահ է, տեսնում է ՀՀ իշխանությունների՝ իրենից լիարժեք կախվածության մեջ լինելը, ասում է՝ բայց ինչի՞ չէ որ, մեկ է՝ ոչ դեմն առնող կա, ոչ հակադարձող, փոխարենը իշխանության մեջ բազմաթիվ փաստաբաններ և հոգեբաններ ունի։

Ինչևէ, կրկնեմ, այս թեման հստակ զավթողական ծրագիր է, այն կարելի է չեզոքացնել խելացի քաղաքական, դիվանագիտական և տեղեկատվական աշխատանքով։ Այն «արդարացնելը», անտեսելը լի է բազմաթիվ վտանգներով մեր պետության համար։ Եվս մեկ անգամ շեշտեմ՝ մի կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը, դա ադրբեջանական խոսույթ է և չի արտացոլում շատ վտանգավոր զավթողական հայեցակարգը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930