«Անցյալ մեկ ամսվա ընթացքում, երբ Անդրանիկ Թեւանյանը շինծու գործով գտնվում էր անազատության պայմաններում, արձանագրել ենք տարբեր կառույցների ղեկավարների, ընդհուպ մինչեւ Նիկոլ Փաշինյանի կողմից հիշյալ դրվագի անհարկի շահարկումները՝ բարի համբավը արատավորելուն միտված: Մենք վճռական ո՛չ ենք ասում քաղաքական հետապնդման արդյունքում ազատազրկված Անդրանիկ Թեւանյանի անվան շահարկմանը, նրա անունը պիտակավորելուն եւ արատավորելուն միտված զանազան գործողություններին»,- Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ՝ ի պաշտպանություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի եւ բոլոր քաղբանտարկյալների, իրականացված ցույցի ժամանակ նշեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը:
Նրա ձեւակերպմամբ՝ իշխանություններն ուղղակի ջղաձգումների մեջ են, կեղծ տեսանյութեր են մոգոնում իրենց պատվերներն իրականացնելու համար:
«Այստեղ գալով՝ մենք ՄԻՊ-ի ուշադրությունն ենք ուզում հրավիրել այն դրվագի վրա, որ մարդու հիմնարար իրավունքները պետք է մնան անսասան՝ անկախ քաղաքական իշխանության ջղաձգումից եւ անկախ նրանից, թե իրավապահներն ինչ պատվեր են պատրաստ կատարել»,- նշեց Մանուկ Սուքիասյանը:
«Այն, որ Անդրանիկ Թեւանյանը քաղբանտարկյալ է, այն, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման եւ բռնաճնշումների, սրան հավատում է հասարակության գերակշիռ մեծամասնությունը: Միայն ՔՊ-ական փոքրիկ խմբակն է փորձում իմիտացիա ստեղծել, որ այս գործի հիմքերում ինչ-որ բան կա, որով կարելի է մեղադրել Անդրանիկ Թեւանյանին»,- նշեց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը: Նա կոչ արեց այս ամենն օր առաջ կանգնեցնել, որովհետեւ, նրա խոսքով, այս ուղտը չոքելու է յուրաքանչյուրի դռանը: «Չկա իմ, քո, նրա, սրա քաղբանտարկյալ, բոլորը Հայաստանում հաստատված կոնցլագերյան համակարգի քաղբանտարկյալներ են»,- ասաց Դերենիկ Մալխասյանը:
Կարդացեք նաև
«Ընտրությունները չափազանց կարեւոր են, բայց գոյություն ունեն սահմանադրական իրավունքներ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի կանոններ… Մենք այսօր վստահորեն կարող ենք ասել, որ Հայաստանում, անկախ ընտրությունների արդյունքներից, ապրում ենք հակասահմանադրական համակարգում… Սահմանադրական համակարգը խոսքի ազատությունն է, խղճի ազատությունը, դատական համակարգի տարանջատումը, օրենքի գերակայությունը, անմեղության կանխավարկածը… Այդ բոլոր իրավունքներն այսօր Հայաստանում խախտված են… Մարդիկ կան, որ արդեն իսկ զրկվել են խոսքի իրավունքից, դատարանի որոշմամբ նրանց պարտադրում են լռել, խղճի ազատությունը՝ եկեղեցուց գույք են վերցնում, վարչապետ կոչվածը որոշում է, թե ով է կաթողիկոս, ով՝ ոչ… Դատարանների տարանջատումը՝ գործող վարչապետը հայտարարում է, որ այն բոլոր դատավորները, որոնք, ըստ իրեն, սխալ որոշում կկայացնեն, նրանց հետեւից մենք կգանք…»,- ի թիվս այլնի փաստեց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
ԱԲ-ով մշակված լուսանկարը՝ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ֆեյսբուքյան էջից


















































