Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի վերջո, ամենով հանդերձ, ժողովուրդը պետք է տեսնի այն դատարանը, որը պետք է որոշում կայացնի». Արամ Օրբելյան

Հունիս 26,2026 15:10 Share

«Մենք խնդիր տեսնում ենք ՍԴ այսօրվա կազմի հետ ամբողջությամբ։ Բոլոր դատավորները, բացի Արման Դիլանյանից՝ նախագահողից, նշանակված են մեկ քաղաքական ուժի կողմից։ Նման իրավիճակ մեկ էլ եղել է 1995 թվականին, երբ ձևավորվել էր ՍԴ-ն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ-ում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շահերը ներկայացնող փաստաբան Արամ Օրբելյանը՝ հավելելով, որ այդ ժամանակահատվածում ունեցել ենք տարբեր քաղաքական՝ ոչ կուսակցական իմաստով, մոտեցումներ ունեցող ՍԴ անդամներ՝ ավելի լիբերալ, պահպանողական, բայց տարաբնույթ է եղել ՍԴ կազմը։ Իսկ 2020 թվականին, «իրականացված փոփոխությունների» արդյունքում, բացի Արման Դիլանյանից, ՍԴ ներկայիս կազմը նշանակվել է մեկ քաղաքական ուժի՝ ՔՊ-ի կողմից։

«Այստեղ մենք տեսնում ենք խնդիր։ Բայց ի՞նչ, հիմա մենք ասենք՝ դատավորներ չմնա՞ն։ Հինգ ձայն է պետք որոշում ընդունելու համար։ Դե բերեք՝ թող մեկ հոգով քննարկի պարոն Դիլանյանը։ Արդյունքում մենք չենք ունենա որոշում։ Եթե որոշում չունեցանք, դա ակնհայտորեն ավելի վատ է, քան եթե ունենանք որոշում, որն ակնհայտորեն փոքր հնարավորություն կա, որ անաչառ կլինի։ Մանավանդ, որ մեր դիմումը կլինի ակնհայտ մաթեմատիկական բանաձև։ Դատարան չլինելը միշտ ավելի վատ է, քան վատ դատարան ունենալը»,- ասաց Արամ Օրբելյանը՝ հավելելով, որ քննարկումների ժամանակ ավելի մանրամասն դիրքորոշումն կներկայացնեն այս առիթով։

«Ակնկալում ենք, որ այն փոքր մասով բավարարվելու է, բայց իրականում մեծ շանսեր կան, որ ավելի մեծ մասով է բավարարվելու»,- հավելեց Արամ Օրբելյանը։

ՍԴ-ի կազմի հետ խնդիրն, ըստ փաստաբանի, ավելի մեծ է, քան այս ընտրությունների արդյունքների ամփոփումն է։

Հիշեցնենք, ՍԴ-ն այսօր սկսել է յոթ կուսակցությունների դիմումների քննարկումը՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու, վերաքվեարկություն կազմակերպելու կամ մանդատների վերաբաշխում իրականացնելու պահանջներով։ ՍԴ-ն նաև գործի քննության հենց սկզբում մերժեց ԲՀԿ-ի միջնորդությունը՝ գործը քննել ամբողջական կազմով։ Հիշեցնենք նաև, որ ՍԴ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը չեն մասնակցում գործի քննությանը։ Նման որոշում կայացրել էր ՍԴ-ն՝ կուսակցություններից մեկի դիմումի քննության արդյունքում։ Դատարանը պարզաբանեց, որ որոշումը կայացվել է Դավիթ Խաչատրյանի դիմումի հիման վրա։

Սեդա Սաֆարյանի մասով էլ Արամ Օրբելյանն ասաց. «Տիկին Սաֆարյանն ունի ընդգծված բացասական վերաբերմունք ԲՀԿ-ի, տվյալ դեպքում՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Նախկինում, երբ փաստաբանական դիմացի կողմեր էինք «Մարտի 1»-ով, բացի նրանից, որ ունեինք հակադրվող կողմերի ներկայացուցչություն, ես կարող եմ պնդել, որ իր պնդումներում կա նաև որոշակի կանխակալ վերաբերմունք նաև «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ։ Ընդ որում, դա ոչ միայն փաստաբանական գործունեությունից է բխում, այլ նաև փաստահավաք խմբի շրջանակներում իրականացրած գործունեությունից»։

Սեդա Սաֆարյանի մասով Արամ Օրբելյանն ամենամեծ խնդիրը տեսնում է այն առումով, որ նա եղել է պատգամավորի թեկնածու մի ուժի ցուցակում, որն այսօր նույնպես ՍԴ-ում դիմումատու է։ Խոսքը «Հանուն հանրապետության» կուսակցության մասին է։ Նախորդ ընտրություններում՝ «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքի ցուցակում էր ընդգրկված Սեդա Սաֆարյանը, նրա եղբայրը՝ Ստեփան Սաֆարյանը, նույն ցուցակի 5-րդ համարն էր։

«Ի վերջո, ամենով հանդերձ, ժողովուրդը պետք է տեսնի այն դատարանը, որը պետք է որոշում կայացնի։ Դատարանը կամ պետք է մերժի, կամ՝ ընդունի. երկուսի համար էլ անհրաժեշտ է մեկ ձայն։ Ես ակնկալում եմ, որ լինելու է՝ 7-0 կամ՝ 6-1՝ բավարարելու օգտին»,- ասաց Արամ Օրբելյանը։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930