Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են. Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Հունիս 26,2026 15:14 Share

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ունեցած ելույթում հայտարարել է, որ Հայաստանում ժողովրդավարությունը լուրջ վտանգի տակ է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մի քանի անգամ անվանելով «բռնապետ»։

Ես ցանկանում եմ խոսել ժողովրդավարության մասին, նույնիսկ առաջարկում եմ մի խաղ խաղանք։

Ինչպե՞ս կանվանեիք այն քաղաքական գործչին, ով զրկում է քաղաքացիներին իրենց հիմնարար իրավունքներից մեկից՝ ընտրական իրավունքից։ Ճիշտ պատասխանն է «Բ»՝ բռնապետ։

Իսկ ինչպե՞ս կանվանեիք այն քաղաքական գործչին, ով յուրաքանչյուր օր ձերբակալում է իր քաղաքական հակառակորդներին։ Բառացիորեն ամեն օր որևէ մի այլախոհ ձերբակալվում է՝ սեփական կարծիքն արտահայտելու համար։ Չեմ կարծում, որ հարցի պատասխանը գտնելու համար դահլիճի օգնության կարիքը լինի։ Ճիշտ պատասխանն է «Դ»՝ դիկտատոր։

Կամ ինչպե՞ս կանվանեիք այն պաշտոնյային, ով իրեն պահում է այնպես, կարծես միաժամանակ և’ վարչապետ է, և’ ոստիկանապետ, և’ գլխավոր դատախազ, ու նույնիսկ հավակնություններ ունի ղեկավարելու եկեղեցին։ Այս հարցի պատասխանի դեպքում նույնպես կարիք չկա դիմելու «Զանգ ընկերոջը» կամ «50/50» օգնության տարբերակներին։ Պատասխանը նույնն է՝ «Բ» – բռնապետ։

Ճնշում պետական աշխատողների վրա, օրենքի ընտրողական կիրառում, նախնական կալանքի չարաշահում, ոստիկանական բռնությունների անբավարար քննություն և դատական անկախության նվազեցում. այս ձևակերպումները վերցված են Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդական առաքելության նախնական զեկույցից։

Սակայն ես չեմ անդրադառնալու բոլոր մանրամասներին, փոխարենը ձեր ուշադրությունը կհրավիրեմ խախտումների «մարգարիտի» վրա՝ հազարավոր ընտրողներ զրկվեցին ընտրելու իրենց իրավունքից, քանի որ 2026թ. Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ երեք ընտրատեղամասերի արդյունքներ պարզապես չեղյալ հայտարարվեցին։ Ոչ թե նշանակվեց վերաքվեարկություն, այլ ուղղակի չեղյալ հայտարարվեց՝ անգամ այն պարագայում, որ տվյալ ընտրատեղամասերում վերաքվեարկության անցկացումը հստակ իրավական պահանջ էր։ Փաշինյանի վարչախումբը պարզապես անտեսեց օրենքի հստակ պահանջը։ Եվ սա կարևոր արձանագրում է, քանի որ այդ որոշման արդյունքում ընդամենը մի քանի հարյուր ձայնի պատճառով ընդդիմադիր կուսակցություններից մեկը չհաղթահարեց ընտրական շեմը՝ ձայներ, որոնք ուղղակի խլել են նրանցից։

Այս բոլոր խախտումները կատարվել են մի նպատակով, որպեսզի իշխող կուսակցությունը խորհրդարանում կարողանա ապահովել իր 3/5-րդ մեծամասնությունը։ Հայաստանում կայացած ընտրությունների գնահատականը չափազանց պարզ է՝ Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են։

5 տարի շարունակ ես այս դահլիճից խոսել եմ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների, Ալիևի ռեժիմի կողմից իրականացվող ագրեսիայի և հանցագործությունների, Ադրբեջանում բանտարկված իմ հայրենակիցների, անհայտ կորածների ճակատագրի, Հայաստանի տարածքների օկուպացման և բազմաթիվ այլ հարցերի մասին։

Այսօր Արցախում ոչ մի հայ չի մնացել։

Այսօր, կրկին, ես խոսում եմ իմ երկրում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մասին։ Հուսով եմ՝ միջազգային կազմակերպությունները կարձագանքեն ավելի շուտ, քան բոլոր նրանք, ովքեր բարձրաձայնում են այս խախտումները, կբանտարկվեն։

Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930