Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել. «Հետք»

Հունիս 29,2026 23:43 Share

Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ համայնքին պատկանող հողն օտարելու համար։ Վարույթը հարուցվել է 2026 թ. ապրիլի 14-ին՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը։

Քրեական վարույթի հիմքում «Հետքի» 2024 թ. հրապարակումն է։ Հոդվածում գրել էինք, որ Ծաղկաձոր համայնքի ավագանին 2023 թ. մայիսին ընդունած որոշմամբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Նարեկ Կեսոյանի սեփական հողամասին կից՝ հատուկ պահպանվող տարածքների հանգստի համար նախատեսված 2000 քմ հողամասն ուղղակի վաճառքով, որպես ընդլայնում, օտարել է նրան։

Ուղղակի վաճառքով օտարված 2000 քմ հողակտորի չափերն ու գտնվելու դիրքն ակնհայտորեն ցույց են տալիս, որ դրանք ամենևին չեն համապատասխանում Կառավարության N 550-Ն որոշմամբ ուղղակի վաճառքի համար սահմանված պահանջներին։ Օտարվող հողակտորն առանձին գույքային միավոր է և պետք է աճուրդ-վաճառքով օտարվեր, եթե կարևորությունը գնորդի անձին չտրվեր։

Հողամասը Ն. Կեսոյանին վաճառվել է կադաստրային արժեքով՝ 32 մլն 353 հազար դրամով։ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է, որ հողամասն ուղղակի վաճառքով Ն. Կեսոյանին օտարելը տեղի է ունեցել օրենքի խախտմամբ։ Արդյունքում համայնքային բյուջեն զրկվել է առնվազն 1 մլն 617 650 դրամ եկամուտից, որն աճուրդով վաճառելու դեպքում մեկ քայլի հավելման չափն է։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել