Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրությունների արդյունքների անվավերության համար հիմքեր որևէ կողմի ներկայացրած փաստարկներում առկա չէ»․ Սրբուհի Գալյան

Հունիս 30,2026 13:23 Share

«Մենք ասում ենք, որ անվավերության համար հիմքեր որևէ կողմի ներկայացրած փաստարկներում առկա չէ»,- Սահմանադրական դատարանի (ՍԴ) փակ նիստից առաջ, որտեղ քննվում են հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշման դեմ 7 կուսակցությունների ներկայացրած դիմումները, որոնցով վիճարկվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները, լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով դիմող կողմերի փաստարկներին։

Ըստ նրա՝ քաղաքական ուժերի ներկայացրած փաստարկները տարբեր են․ «Ուժեղ Հայաստան»-ի, «Հայաստան դաշինք»-ի, ԲՀԿ-ի ներկայացուցիչների կողմից ներկայացված փաստարկները գրեթե նույնանում են, դրանց է միանում նաև «Միասնության թևերի» դիմումը։ Մյուս երկու ուժերի՝ «Հանուն հանրապետության» և «ԴՕԿ» կուսակցությունների ներկայացրած դիմումները բովանդակային առումով տարբերվում են մյուս ուժերի ներկայացրած փաստարկներից։ Այդ փաստարկների բովանդակության հետ կապված մեր դիրքորոշումը մյուսներից տարբեր է։ Նրանք ասում են, որ ընտրակեղծիքներ են եղել, ծավալները մեծ են եղել։ Մենք միանշանակ այս փաստարկների հետ համաձայն ենք, միայն մեկ կետում համաձայն չենք, որ դրանք հանգեցրել են ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչելուն»։

Հարցին՝ այսինքն՝ ընդունո՞ւմ եք ձեր ուժի կողմից հայտարարվող կաշառքով անցկացված ընտրությունների արդյունքները, Սրբուհի Գալյանն արձագանքեց․ «Նախ՝ ինչ չափի մասին է խոսքը, դա մեծ նշանակություն ունի։ Մեր կարծիքն այն է, որ ընտրակաշառքի դեպքերը պետք է արձագանք ստանան իրավապահների կողմից։ Արդեն ստացել են, շարունակում են ստանալ, յուրաքանչյուր կոնկրետ գործով անցնող անձը, եթե մեղքը հաստատվում է, պետք է արժանանա քրեական ամենախիստ պատասխանատվության»։

Փաստմանը՝ ՍԴ-ում վիճարկում են ընտրությունների արդյունքները, սակայն ՔՊ-ն առանց սպասելու ՍԴ-ի որոշմանը, արդեն ԱԺ ղեկավարություն է ձևավորում և հարցին՝ սա իրավական տեսանկյունից ընդունելի՞ է, Սրբուհի Գալյանը պատասխանեց․ «Ընտրությունների արդյունքները վավեր են քանի դեռ դրանք անվավեր չեն ճանաչվել։ Այն, ինչ տեղի է ունենում, ՔՊ-ում ժողովրդավարության հերթական դրսևորումն է, երբ պաշտոնները ոչ թե բաժանվում են, այլ վարչության անդամների կողմից տեղի է ունենում ընտրության գործընթաց։ Այս գործընթացի հետ կապված միայն ուրախություն կարելի է արտահայտել։ Տեսել եմ մամուլի հրապարակումներից, որ այլ քաղաքական ուժեր ևս քննարկել են մանդատ վերցնել-չվերցնելու հարցը։ Կարող եմ նաև այդ հարցին նայել այս լույսի ներքո։ Նորմալ եմ համարում քաղաքական ուժերի կողմից այդ գործընթացները, որոնք տեղի են ունենում հերթական ընտրությունից հետո»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՀՀ կառավարության կողմից բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարանի ներդրման նախաձեռնությունը պաշտոնական մակարդակում թեև ներկայացվում է՝ որպես ստվերային տնտեսության կրճատման, մաքսանենգ ներմուծումների կանխարգելման և հարկային կարգապահության բարձրացման միջոց, բայց անգամ փորձագիտական համայնքի կողմից մտահոգություններ կան լրագրողների և հասարակության մյուս անդամների նկատմամբ համատարած վերահսկողության, անձնական տվյալների գաղտնիության պահպանման տեսանկյունից, Սրբուհի Գալյանն արձագանքեց․ «Անձնական տվյալների պաշտպանության բարձր շեմ պետք է նախատեսվի բոլոր նմանատիպ դեպքերի համար։ Մենք հիմա աշխատում ենք անձնական տվյալների պաշտպանության նոր օրենսդրության մշակման շուրջ, և ձեր բոլոր մտահոգությունները կփարատվեն։ Պետք է վերադառնանք նախագծի նպատակին՝ դա որևէ մեկին վերահսկողության ներքո առնելը չէ, այլ ապօրինի ճանապարհով հեռախոսների մուտքը դեպի ՀՀ արգելելն է։ Եկեք չշեղվենք նախաձեռնության նպատակից»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930