«Ընտրություններն ավարտվեցին, բայց ընտրական գործընթացները՝ ոչ։ Եվ Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելու հետ կապված քննությունը բնական է»,-ասաց արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում՝ խոսելով հունիսի 7-ի ընտրությունների և դրան հաջորդած հետընտրական գործընթացների մասին։
«Այս իշխանությունների աննախադեպիզմի գագաթնակետը դարձան նաև ընտրական գործընթացներում աննախադեպ խախտումներն ու բռնաճնշումները, որոնց ենթարկվեցին ընդդիմադիր ուժերը թե՛ նախընտրական շրջանում, թե՛ ընտրությունների օրը։ Մենք տեսանք, որ հետընտրական շրջանում ևս նույն գործընթացները շարունակվում են հաշվարկներում, ՍԴ-ում բացահայտվող սարսափելի ծավալի խախտումներով և ձայների խեղումներով, որով փորձել են ապահովել իրենց համար մեծամասնություն և կառավարության վերարտադրություն։
Հասկանանք, որ այս անձնավորության և իր խմբակի հետևում կանգնած են արևմտյան ուժերը, որոնք տասնամյակներով աշխատել են, այդ թվում նաև մեր երկրում, գունավոր հեղափոխություն անելու համար, ինչը հաջողվեց 2018 թվականին։ Եվ իրենց իջեցված դեսանտի միջոցով, թե՛ մոլդովական և փաստացի հունգարական սցենարների խառնուրդ մեթոդոլոգիայով կարողացան հասնել նրան, որ գոնե փաստացի արձանագրեցին 49 տոկոս ձայն, ինչը մեր խայտառակ ընտրական օրենսգրքի բանաձևերով նրանց համար ապահովում էր ձայների մեծամասնություն։ Իսկ ԲՀԿ-ից ձայնագողությունը բացահայտ ընտրախախտումով փորձեց ապահովել իրենց 3/5-րդը, որը անհրաժեշտ է տարբեր տեսակի պաշտոնների նշանակման, որոշ օրենքների փոփոխության, սահմանադրական պրոցեսները առաջ տանելու համար»,-ասաց Ձյունիկ Աղաջանյանը։
Դիվանագետը ՍԴ-ից մեծ ակնկալիքներ չունի։ «Այն, որ նրանք Սեդա Սաֆարյանին պահել են, ցույց է տալիս, որ իրենք միասնական դիրքորոշում չունեն ՍԴ-ում։ Առնվազն մեկ դատավորի վրա վստահություն չունեն։ Եվ գուցե թե, հաշվի առնելով, որ առնվազն հինգ ձայն է հարկավոր, որպեսզի որոշումը համարվի կայացված, իրենց պետք էր Սեդա Սաֆարյանի նման ակնհայտ կողմնակալ դատավորի ներկայությունը, որպեսզի այդ որոշման անցկացումը հնարավոր լինի։
Կարդացեք նաև
Մենք հետագայում կտեսնենք խնդիրների էլ ավելի բարդացում»,-ասաց Ձյունիկ Աղաջանյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































