Լրահոս
«Փառքի թակարդը»
Օրվա լրահոսը

Բջջային վերահսկողությունն ու ինքնապաշտպանության քարացած բջիջները

Հուլիս 01,2026 10:00 Share

Հայաստանի հանրային օրգանիզմն արդեն քանի օր է, ինչ փոթորկվել է բջջային հեռախոսների պետական գրանցման-վերահսկողության մասին կառավարության մտադրությունից: Թող չթվա տարօրինակ, սակայն պատկերը մի փոքր զարմանալի է:

Խորհրդարանի ընտրության գործընթացում՝ իրավապահ կառույցները սկսեցին մեկը մյուսի հետեւից տարածել ընդդիմադիր ուժերի կազմակերպական համակարգում ընդգրկված քաղաքացիների հեռախոսազրույցների ձայնագրություններ, առանց գաղտնալսման իրավունքի վերաբերյալ համոզիչ փաստարկների: Կամ, ընտրությունից անմիջապես հետո վարչապետի մակարդակով հայտարարվում է, որ հատուկ ծառայության ցանկացած աշխատակից «ունի» քաղաքացիների վերաբերյալ իր ձեռքի տակ եղած ինֆորմացիան ազատորեն հանրայնացնելու իրավունք: Հանրային մեծամասնությունը լուռ էր, համենայնդեպս, որեւէ կերպ չկար այն դժգոհության ծավալը, որ առկա է, այսպես ասած, բջջայինների պատմության պարագայում:

Մինչդեռ, վերը նշված երեւույթները ոչ միայն ամբողջատիրության կամ ավտորիտարիզմի՝ պակաս ցցուն միտումներ չեն, այլ, ըստ էության, դրանք իրենց բնույթով առավել ագրեսիվ են, քանի որ պարունակում են դրսեւորման առավել անտեսանելի, հետեւաբար վերահսկելի ու անկառավարելի դիապազոն: Ու հանկարծ մեծ աղմուկ՝ բջջայինների այդ պետական գրանցման թեմայով: Բայց հարցը բացարձակապես այն չէ, որ այդ աղմուկն ու դժգոհությունն անտեղի է: Ոչ, տեղին է եւ անհրաժեշտ: Հանրությունը պետք է ունենա տոտալիտար վերահսկողության միտումների դեմ դիմադրողականության նվազագույն ներուժ, ինքնապաշտպանության տարրական զգացում:

Բայց, համենայնդեպս, իր հանդեպ տոտալ հսկողության դեմ ընդվզող հանրությունը պետք է ընդվզեր հենց վերը նշածս երեւույթների պարագայում էլ: Երբ այդ ամենի հանդեպ հանրային ու, այսպես ասած, առաջադիմա-փորձագիտական համակարգային լռություն է, բջջայինների գրանցման թեմայով աղմուկը ոչ թե հասարակության դիմադրունակության, ազատության եւ ինքնապաշտպանության զգացումի, այլ, ներեցեք՝ այդ ամենի տոտալ բթացման ու մանիպուլացվածության մասին է: Որովհետեւ, հանրությունը փաստացի արձագանքում է, երբ ինչ-որ բան պարզապես ծակում է աչքը, իսկ այլ «զգայարանները» կարծես թե անջատված են: Իսկ դա խնդիր է, որովհետեւ երբեմն աչքը կարող են ծակել պարզապես պրոֆիլակտիկայի համար, իսկ պրակտիկան հանգիստ կծալեն օրգանիզմի այլ մասերի ուղղությամբ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Անպատասխանատու ընտրողներն իրենց նման անպատասխանատու ղեկավար են ընտրում: Նման ընտրողները միշտ գործող իշխանությանն են ընտրում, որ արդարացնեն իրենց անպատասխանատվությունը, պատասխանատվությունը դնելով գործող իշխանության վրա: Սա այդ ընտրողների մեղքը չի, եթե այդ ընտրողների մեջ քաղաքական լիկբեզ անցկացնենք, մենք լավագույն կառավարումը կունենանք: Ո՞րն է այդ լիկբեզը: Ինքնաթիռում ասում են, սկզբից ինքդ քեզ ապահովի թթվածնով, որ հետո ունակ լինես թթվածնով ապահովես փոքրերին: Եթե լողալ չգիտես, ինչքան էլ բարի ցանկություններ ունենաս խեղդվող մարդու հանդեպ, քո բարությունը կոպեկի արժեք չունի: Մարդու պատասխանատվությունը գործի հանդեպ չի կարող լինել ավելին, քան նրա ունակությունն է այդ գործի մեջ: Քվեատուփի մեջ քվեաթերթիկ գցելու ունակությունը նույնքան չնչին պատասխանատվություն է նախատեսում: Լողափին կանգնած ո՞ր մեկին քո ձայնը կտաս, որ գնա փրկի խեղդվողին՝ ով լողալ գիտի, թե՞ նրան, ով ասում է, հանգիստ եղեք, ոչ ոք էլ չի խեղդվում: Կարճ չի ստացվում.. Շարունակելի 🙂

Պատասխանել