Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին:
Նախագահը շնորհավորել է դեսպանին Կանադայի ազգային տոնի կապակցությամբ և խնդրել իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Կանադայի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին։
Ողջունելով դեսպանին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Կանադայի միջև հարաբերություններն ունեն զարգացման դրական ընթացք։ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Կանադայի կողմից Հայաստանին ցուցաբերվող հետևողական աջակցության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանն ուղղված աջակցությունը կարևոր նշանակություն ունի երկրի անվտանգության և զարգացման տեսանկյունից։
«Վերջին տարիներին մեր հարաբերությունները շատ դինամիկ զարգացում են ապրում։ Կարծում եմ՝ դա պայմանավորված է նաև նրանով, որ Հայաստանի Հանրապետությունը հետևողական քաղաքականություն է վարում՝ երկիրը ժողովրդավարական ճանապարհով զարգացնելու ուղղությամբ։
Կարդացեք նաև
Կանադան, ըստ էության, աշխարհում հայտնի այն երկրներից է, որը մշտապես աջակցում է ժողովրդավարությանը և, հակառակը, միշտ խիստ քննադատաբար է մոտեցել այն երկրներին, որոնք հակաժողովրդավարական են եղել և փորձել են իրենց երկրներում ստեղծել ավտորիտար համակարգ։
Վստահ եմ, որ հետագա համագործակցության ընթացքում մեր երկրների միջև կձևավորվեն համագործակցության նոր հնարավորություններ և ուղղություններ»,- նշել է նախագահը:
Նախագահ Խաչատուրյանը նաև բարձր է գնահատել Կանադայի աջակցությունը Հայաստանին տարածաշրջանային մարտահրավերների պայմաններում, ինչպես նաև նրա մասնակցությունը Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությանը՝ որպես տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված կարևոր ներդրում։
Դեսպան Էնդրյու Թըրները շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորանքի համար՝ վերահաստատելով Կանադայի պատրաստակամությունը շարունակելու աջակցությունը Հայաստանի խաղաղության օրակարգի առաջմղմանը և ժողովրդավարական բարեփոխումներին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ կարևորելով քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը, տնտեսական և առևտրատնտեսական կապերի ընդլայնումը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը։
Կողմերը կարևորել են նաև խորհրդարանական համագործակցության զարգացումը և կանադական լավագույն փորձի կիրառումը, մասնավորապես՝ արդարադատության համակարգի բարեփոխումների, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների կայացման և ամրապնդման գործընթացում։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մշակութային համագործակցության ընդլայնման հնարավորություններին:
ՀՀ նախագահի աշխատակազմ


















































