Լրահոս
Օրվա լրահոսը

Վերականգնվում են Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները

Հուլիս 01,2026 18:17 Share

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները մշտադիտարկման այց են կատարել Շիրակի մարզ, որտեղ պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացվում են Հառիճ գյուղում գտնվող Հառիճավանք վանական համալիրի Սբ Աստվածածին եկեղեցու մուտքի վերնամասում գտնվող որմնանկարի  (13-րդ դ.) ամրակայումն ու մաքրումը։

Որմնանկարի գիտանախագծային փաստաթղթերը մշակել և նախարարությանը կից մոնումենտալ արվեստի հուշարձանների հարցերով աշխատանքային խմբի քննարկմանն էր ներկայացրել Իտալիայում բնակվող հայ բարերար Արա Զարյանը: Աշխատանքներն իրականացնում է Իտալիայից ժամանած որմնանկարների վերականգնող մասնագետ Քրիստին Լամուրեն:

ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության ներկայացուցիչները մշտադիտարկման ընթացքում արձանագրված խնդիրները տեղում քննարկել են վերականգնող մասնագետի հետ: Որմնանկարի ամրակայման և մաքրման հաջորդ փուլերի աշխատանքները կներկայացվեն լիազոր մարմնի  համաձայնեցմանը։

Մշտադիտարկվել են նաև պետական բյուջեի միջոցներով Արմավիրի մարզի Ապագա գյուղի մշակույթի տանը գտնվող՝ գեղանկարիչ Սարգիս Մուրադյանի 1970-ական թվականներին իրականացրած «Սասունցիներ» որմնանկարի ամրակայումն ու մաքրումը: ԿԳՄՍ նախարարությունն անվանի գեղանկարչի որմնանկարի վերականգնման աշխատանքները նախաձեռնել է նրա ծննդյան 100-ամյակին ընդառաջ:

Ամրակայման և մաքրման աշխատանքները մոտենում են ավարտին. դրանք իրականացնում են հայ մասնագետները։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել