Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյո՞ք IMEI-ների պետական գրանցման համակարգի ներդրումը բխում է ԵԱՏՄ իրավունքի կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որևէ պարտադիր ակտից. Տիգրան Ջրբաշյան

Հուլիս 02,2026 11:35 Share

«Ամերիա ՓԲԸ» կառավարման խորհրդատվական ծառայությունների տնօրեն Տիգրան Ջրբաշյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարգելի՛ նախագծի հեղինակներ,

Հաշվի առնելով առաջարկվող կարգավորման կարևորությունը և այն հանգամանքը, որ այն վերաբերում է հարյուր հազարավոր քաղաքացիների, բջջային կապի օպերատորներին և հեռախոսների առևտրին, կարծում եմ՝ նպատակահարմար կլինի մինչև Ազգային ժողովում մանրամասն քննարկումների մեկնարկը հրապարակայնորեն պատասխանել մի շարք հիմնարար հարցերի։

Եթե այս հարցերի պատասխանները հայտնի լինեն նախապես, դա կարող է էապես կրճատել խորհրդարանական քննարկումների տևողությունը, բարձրացնել դրանց մասնագիտական մակարդակը և նպաստել ավելի հիմնավորված որոշումների կայացմանը։

Առաջարկում եմ պարզաբանել հետևյալ հարցերը.

  1. Արդյո՞ք IMEI-ների պետական գրանցման համակարգի ներդրումը բխում է ԵԱՏՄ իրավունքի կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որևէ պարտադիր ակտից։ Եթե այո, խնդրում եմ նշել այդ ակտի համարը և համապատասխան դրույթը։
  2. Եթե նման պարտադիր ակտ գոյություն չունի, ապա ինչո՞վ է պայմանավորված հենց այս կարգավորման մոդելի ընտրությունը, և ինչո՞ւ չեն ընտրվել այլընտրանքային մոտեցումներ, այդ թվում՝ Եվրոպական միության բազմաթիվ երկրներում կիրառվող մոդելները։
  3. Ե՞րբ է նախատեսվում IMEI-ի պետական գրանցումը՝ ներմուծման պահին, թե՞ միայն Հայաստանի ներքին շուկայում շրջանառության մեջ դրվելու պահին։ Եթե գրանցումը կատարվելու է ներմուծման պահին, ապա ինչպիսի՞ կարգավորում է նախատեսվում այն հեռախոսների IMEI-ների համար, որոնք չեն իրացվելու Հայաստանի ներքին շուկայում և հետագայում ամբողջությամբ կարտահանվեն կամ կվերաարտահանվեն։ Կմնա՞ն արդյոք դրանց IMEI-ները Հայաստանի պետական ռեեստրում, թե՞ նախատեսվում է դրանց դուրսբերման կամ հաշվառումից հանելու որևէ մեխանիզմ։
  4. Եթե հեռախոսները ԵԱՏՄ միասնական մաքսային տարածք են ներմուծվել այլ անդամ պետության (օրինակ՝ Բելառուսի) միջոցով և այնուհետև օրինական կերպով տեղափոխվում են Հայաստան, ինչպե՞ս է աշխատելու առաջարկվող համակարգը։
  5. Նախատեսվո՞ւմ է ԵԱՏՄ մակարդակով IMEI-ների միասնական ռեեստրի կամ տվյալների փոխանակման միասնական համակարգի ստեղծում։ Եթե այո, ապա ո՞ր փուլում է գտնվում այդ գործընթացը։
  6. Ըստ պաշտոնական վիճակագրության՝ վերջին տարիներին Հայաստան ներմուծվող բջջային հեռախոսների զգալի մասը հետագայում արտահանվում կամ վերաարտահանվում է։ Ունե՞ք գնահատական, թե ներմուծվող սարքերի IMEI-ների մոտավորապես քանի՞ տոկոսն է վերջնականապես օգտագործվում Հայաստանում, և քանի՞ տոկոսը՝ Հայաստանի սահմաններից դուրս։
  7. Արդյո՞ք այսօր բջջային օպերատորները SIM/eSIM քարտի ակտիվացման պահին տեխնիկապես կապում են բաժանորդին տվյալ սարքի IMEI-ի հետ։ Եթե այո, ապա գործող մեխանիզմների համեմատ ի՞նչ լրացուցիչ արդյունք է ապահովելու IMEI-ների կենտրոնացված պետական ռեեստրի ստեղծումը։
  8. Ունե՞ն արդյոք Հայաստանի բջջային օպերատորները տեխնիկական և իրավական հնարավորություն օգտվելու GSMA-ի Device Registry / IMEI Database համակարգից՝ ստուգելու սարքերի IMEI-ները և արգելափակելու միայն այն սարքերը, որոնք միջազգային տվյալների բազաներում նշված են որպես գողացված կամ ունեն անվավեր IMEI։ Եթե այո, արդյո՞ք այս տարբերակը գնահատվել է որպես հնարավոր այլընտրանք։
  9. Եթե Հայաստանի օրինական վաճառողից հեռախոս գնելիս գնորդի անձնական տվյալները չեն կապակցվելու տվյալ սարքի IMEI-ին պետական տեղեկատվական համակարգում, ապա ինչպե՞ս է նախատեսվում վարվել այն սարքերի դեպքում, որոնք քաղաքացիները՝

* ինքնուրույն են ներմուծել Հայաստան,

* կամ ձեռք են բերել ԵԱՏՄ մեկ այլ անդամ պետությունում (օրինակ՝ Ղազախստանում) գրանցված իրավաբանական անձից՝ այդ երկրի տարածքում, որտեղ բոլոր մաքսային և հարկային ընթացակարգերն արդեն իսկ օրինական կերպով իրականացվել են,

* կամ հետագայում այդ սարքերը օրինական կերպով տեղափոխել են Հայաստան՝ ԵԱՏՄ միասնական շուկայի շրջանակում։

Եթե ԵԱՏՄ մակարդակով IMEI-ների միասնական ռեեստր գոյություն չունի, և այդ սարքերի IMEI-ները Հայաստանի պետական ռեեստրում բացակայում են, ապա ինչպե՞ս է նախատեսվում ապահովել դրանց օրինական շրջանառությունը Հայաստանի ներքին շուկայում՝ առանց քաղաքացիների համար լրացուցիչ վարչարարական բեռ ստեղծելու։

  1. Եթե Հայաստանը հրաժարվի IMEI-ների պետական գրանցման համակարգից, կարո՞ղ է դա որևէ կերպ սահմանափակել Հայաստանից բջջային հեռախոսների օրինական արտահանումը կամ վերաարտահանումը դեպի այն երկրները, որտեղ գործում են ազգային IMEI-ների գրանցման համակարգեր։ Եթե այո, խնդրում եմ ներկայացնել այդ կապի իրավական և տեխնիկական հիմնավորումը։

Կարծում եմ՝ այս հարցերի հրապարակային պարզաբանումը կարևոր է ոչ միայն օրինագծի բովանդակությունը գնահատելու, այլև հասկանալու համար, թե ինչ խնդիր է այն իրականում լուծում, ինչ այլընտրանքներ են քննարկվել և ինչու է ընտրվել հենց այս կարգավորման մոդելը։

P.S. Կա ևս մեկ կարևոր հարց։

  1. Եթե օրինագծի նպատակներից են նաև ստվերային շուկայի կրճատումը, օրինական առևտրի խթանումը և արդար մրցակցության ապահովումը, ապա արդյո՞ք Մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը իրականացրել է բջջային հեռախոսների շուկայի ոլորտային ուսումնասիրություն (sectoral study), գնահատել է շուկայի մրցակցային կառուցվածքը, կենտրոնացվածության աստիճանը, հնարավոր գերիշխող դիրքերը կամ շուկայի մենաշնորհացման ռիսկերը և ներկայացրել է իր պաշտոնական եզրակացությունը։

Եթե նման ուսումնասիրություն իրականացվել է, խնդրում եմ հրապարակել այն։ Եթե չի իրականացվել, ապա ինչպե՞ս է գնահատվել առաջարկվող կարգավորման ազդեցությունը մրցակցության վրա և ինչպե՞ս է հիմնավորվել, որ այն չի հանգեցնի շուկայի հետագա կենտրոնացման, նոր մուտքի խոչընդոտների կամ մրցակցության սահմանափակման։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031